
Պատգամավորն առաջարկում է լուծարել ՍԴ-ն. «Իսկական պատուհաս է դարձել մեր գլխին»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, խոսելով ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած նախագծի՝ Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին, ասաց, որ ողջունում է այդ նախաձեռնությունը:
Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով իշխանական թևից հնչող այն հայտարարություններին, թե ստրորագրված ցուցակների հրապարակումը հակասում է Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի որոշումներին, նշեց, որ վերջին տարիներին Սահմանադրական դատարանը «իսկական պատուհաս է դարձել մեր գլխին»:
«Եթե նայեք մեր բոլոր նախաձեռնություններին Սահմանադրական դատարանի եզրակացությանը, անկապ, մի անշառ հոդված վերցնում են և ասում, որ չի հակասում Սահմանադրությամբ այս ինչ հոդվածին: Տպավորություն է ստեղծվում, որ վիճակահանությամբ են որոշում, թե որ հոդվածին: Եվ ամենաահավորը՝ որ անմեկնելի են նրանց որոշումները, այսինքն' Քրիստոսի ուղիների նման անմեկնելի է Սահմանադրական դատարանի ցանկացած վճիռ, եթե կարելի է այդպես անվանել», -ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Նա կոչ արեց պատգամավորներին ավելի արմատական լուծումներ գտնել՝ փոփոխել Սահմանադրությունը և լուծարել «այդ անիմաստ ինստիտուտը»:
Մեկնաբանել