
Վահան Հովհաննիսյանը՝ կլասիկ գրիգորիչական «շուլուխի» մասին
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ երբ երեկ մի քանի հարց է ուղղել կառավարության ղեկավարին, պատասխանը եղել է բարձր հռետորական մակարդակի վրա, բայց ոչ ճիշտ: Երբ պատգամավորը հարցրել է, թե մինչև հիմա ո՞վ է պատասխան տվել ձախողումների համար, Վահան Հավհաննիսյանին սկսել են պատմել «ծանր քրեական դետեկտիվներ»:
«Ես և ոչ ոք ձեզնից չի հարցնում քրեական պատասխանատվության մասին: Այո, հանցագործը պետք է նստի բանտում, սա հայտնի փաստ է: Հասկանալի է՝ եթե ինչ-որ ոստիկան մարդ է ծեծում կամ պատուհանից գցում է, իրեն ի վերջո ձերբակալում եք, իսկ էլ ի՞նչ անեք: Արդեն մի քիչ ամոթ է, Եվրոպայի բազմաթիվ կառույցներում ունենալ այս տեսակի ներքին կյանք: Խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է, քաղաքական պատասխանատվություն Հայաստանում երբեք և ոչ մի անգամ ոչ ոք չի կրել, որովհետև դուք ստեղծել եք անպատժելիության այդ համակարգը»,- նշեց Վահան Հովհաննիսյանը:
Երեկ վարչապետը, պատասխանելով Վ. Հովհաննիսյանի հարցին, մեջբերել էր Վազգեն Խաչիկյանի օրինակը՝ ասելով, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել և այլն:
«Իսկ Խաչիկյանն ի՞նչ է արել, ի վերջո: Խաչիկյանը փորձել է արդարություն հաստատել: Նա երևի մտածել է այսպես. եթե մահացածներն ու արտագաղթածները կարող են քվեարկել, իսկ ինչի՞ թոշակ չստանան: Եթե կարելի է իրենց բացակա ձայները օգտագործել, որպեսզի վերարտադրվել ու մնալ իշխանության գլուխ, ինչի՞ չի կարելի այդ մարդկանց օգտագործել, որպեսզի մի մարդ հարստանա»,- ավելացրեց Վահան Հովհաննիսյանը:
Պատգամավորի ելույթի այս հատվածը բուռն ծիծաղ առաջացրեց կառավարության և իշխող կուսակցության պատգամավորների շրջանում: «Ինչի՞ վրա եք ծիծաղում, չեմ հասկանում, դուք գոնե»,- ասաց պատգամավորը:
Վահան Հովհաննիսյանն, անդրադառնալով ՀՀԿ-ի «մեծ գաղափարախոս Գալուստ Գրիգորիչի» վերջերս արած այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ից լավը չկա, ասաց, որ դա շատ հետաքրքիր ֆենոմեն է:
«Հավանաբար կառավարությունը դա լուրջ է ընդունել: Կոչ եմ անում Ձեզ (դա կլասիկ գրիգորիչական «շուլուխ» է եղել), լուրջ մի ընդունեք, դուք չեք ամենալավը: Դուք պետք է ընդունեք, որ ամենավատը չեք»,- ավելացրեց Վ. Հովհաննիսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել