
Հիշատակի ծածկոց. մայիսի երրորդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օր
Մայիսի 19-ին աշխարհի 115 երկրում 30-րդ անգամ կվառվեն մոմեր՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների: ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1983թ. Սան Ֆրանցիսկոյում, երբ գրանցված էր ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից մահվան ընդամենը մի քանի հազար դեպք:
Միջոցառման կազմակերպիչները մարդիկ էին, ում կյանք էր ներխուժել ՄԻԱՎ վարակը: Ամեն տարի այդ օրը բազմաթիվ երկրներում անցկացվում են միջոցառումներ ուղղված հասարակության, կառավարությունների ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների վրա սևեռելուն: Այդպիսի միջոցառումներից են մոմավառությունը և «Քվիլթը»:
Մոմեր վառելով` արարողության մասնակիցները ոչ միայն հիշատակում են ՁԻԱՀ-ից մահացածներին, այլև արտահայտում են իրենց համերաշխությունը ՄԻԱՎ-ով ապրողներին: Այս միջոցառումն առաջացնում է համախմբվածության զգացում և գրավում համընդհանուր ուշադրություն:
Տարբեր համայնքներում այն յուրովի է ընթանում: Մեկ համայնքում արարողությունը կատարվում է ընկերական նեղ միջավայրում, մեկ այլում հազարավոր մարդիկ են դուրս գալիս երթի՝ վառվող մոմեր բռնած և հիշատակի երգեր երգելով:
ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի «Քվիլթը» աշխարհում իրականացվող ամենամեծ հասարակական ծրագիրն է, որի նպատակը համաճարակի բացասական ազդեցությունը մարդկանց տեսանելի դարձնելն է:
«Քվիլթ» նշանակում է լաթերից կարված ծածկոց: Ըստ հնում ծագած ավանդույթի՝ նման ծածկոց, ի հիշատակ մահացածի, կարել են նրա ընտանիքի անդամները, հարևանները և ծանոթները: Այդ նպատակով օգտագործվել են բազմագույն լաթեր:
«Քվիլթը», որի յուրաքանչյուր կտոր նվիրված է ՁԻԱՀ-ից մահացած մեկ մարդու հիշատակին, հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ՄԻԱՎ վարակի համաճարակի ծավալների մասին, գրավում է բազմաթիվ մարդկանց ուշադրությունը, որոնք երբևէ չեն էլ մտածել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին:
Կյանքը ցույց է տալիս, որ տեղեկատվական մեծ հոսքերի մեր օրերում անգամ շատերը չգիտեն ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների մասին, ինչը համաճարակին արդյունավետ հակազդման խոչընդոտներից է:
Ուստի, ելնելով օրվա խորհուրդից, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման
հանրապետական կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանի տարածած այս հաղորդագրության մեջ ներկայացվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի որոշ հիմնահարցեր:
ՄԻԱՎ-ը` մարդու իմունային անբավարարության վիրուսը, անցնելով օրգանիզմ, քայքայում է իմունային համակարգը, ինչի հետևանքով օրգանիզմը չի կարողանում պայքարել բազմաթիվ վարակային և ուռուցքային հիվանդությունների դեմ: ՄԻԱՎ-ով պայմանավորված հիվանդությունը կոչվում է ՄԻԱՎ վարակ:
ՁԻԱՀ-ը՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը, ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, երբ իմունային համակարգը թուլանում է այնքան, որ ցանկացած վարակ կարող է դառնալ հիվանդի մահվան պատճառ:
ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել սեռական ճանապարհով, արյան միջոցով` թմրամիջոցների ներարկային գործածման, դաջվածքներ կատարելու ժամանակ չախտազերծված ասեղներ, ներարկիչներ, գործիքներ օգտագործելիս, արյան փոխներարկման, օրգանների, հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ: ՄԻԱՎ վարակ ունեցող մորից վիրուսը կարող է փոխանցվել երեխային հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրելիս:
ՄԻԱՎ-ով հնարավոր չէ վարակվել կենցաղային շփումների` ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնվելու ժամանակ, հեռախոսից, համակարգչից օգտվելիս, հագուստի և սպիտակեղենի միջոցով, հազի կամ փռշտոցի միջոցով, ջրի, սննդի, սպասքի միջոցով, լողավազանում լողալիս, շոգեբաղնիք, մարզասրահ հաճախելիս, հասարակական զուգարանից օգտվելիս, մոծակի կծելու միջոցով:
ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրաքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից և սոցիալական կարգավիճակից: ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման հետևանքով:
ՄԻԱՎ-ով չվարակվելու համար հարկավոր է ունենալ անվտանգ վարքագիծ՝ մինչ ամուսնությունը ցուցաբերել ժուժկալություն, ունենալ միայն մեկ չվարակված, հավատարիմ զուգընկեր և փոխադարձաբար լինել նրան հավատարիմ, խուսափել ռիսկային սեռական կապերից, երբ չգիտես ՄԻԱՎ-ի նկատմամբ զուգընկերոջդ կարգավիճակի մասին, իսկ դրա անհնարինության դեպքում մշտապես օգտագործել պահպանակ, չօգտագործել թմրամիջոցներ, օգտագործել միայն միանվագ օգտագործման կամ ախտազերծված ներարկիչներ և ասեղներ:
ՄԻԱՎ վարակն ունի երկարատև (միջինը 8-10 տարի) թաքնված, անախտանշան շրջանով, որի ընթացքում մարդն իրեն զգում է գործնականորեն առողջ, ունենում է առողջ տեսք և չի էլ կասկածում իր վարակված լինելու մասին, սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել այլ մարդկանց:
Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել՝ միայն անցնելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտություն: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության ախտանշաններ դեռևս չկան:
Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է՝ անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, հետագա ապրելակերպի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու, հարազատ ու սիրելի մարդկանց չվարակելու համար:
Հիվանդության վաղ ախտորոշումը հատկապես կարևոր է հղիների կամ հղիություն պլանավորող կանանց համար, քանի որ ժամանակին իրականացված կանխարգելիչ միջոցառումները հնարավորություն կտան ՄԻԱՎ վարակ ունեցող կնոջը մինչև 99% դեպքերում ունենալու առողջ երեխա:
ՄԻԱՎ-ով վարակման վտանգ պարունակող վարքագծի ցանկացած դրսևորման դեպքում հարկավոր է անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը պարզելու, հարազատ, մտերիմ մարդկանց չվարակելու, անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, ապագա երեխային վարակի փոխանցումը կանխարգելելու համար:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր երբևէ օգտագործել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով, ունեցել են արտաամուսնական սեռական կապեր առանց պահպանակի, երբևէ հիվանդացել են որևէ սեռավարակով, ունեն վիրուսային հեպատիտներ B, C, կատարել են դաջվածքներ չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն պետք է անցնել հնարավոր վարակման պահից միջինը 3 ամիս հետո, երբ արյան մեջ արդեն առկա են լինում հայտնաբերվելու համար բավարար քանակությամբ հակամարմիններ:
ՄԻԱՎ վարակի արմատական բուժում դեռևս գոյություն չունի: Ներկայում բուժման համար կիրառվում են հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղեր: ՀՌՎ բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի ընթացքը, հետաձգել ՁԻԱՀ-ի փուլի զարգացումը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը, զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը և հիվանդների շրջանում մահացությունը:
Դրա շնորհիվ այսօր ՄԻԱՎ վարակն անբուժելիի փոխարեն համարվում է քրոնիկ ընթացքով հիվանդություն և բուժումն սկսելուց հետո կյանքի տևողությունը կարող է կազմել 35-40 տարի: Նաև արդեն իսկ հաստատված է, որ ՀՌՎ բուժման ֆոնին էապես նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանակությունը, այսինքն՝ այդ բուժումն ունի նաև կանխարգելիչ նշանակություն:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ժամանակակից բուժումը Հայաստանի Հանրապետությունում հասանելի է և ՀՀ քաղաքացիներին տրամադրվում է անվճար:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կարելի է անցնել ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ք.Երևան, Ավան, Աճառյան 2): Հետազոտությունն անվճար է, կարող է կատարվել անանուն: Հետազոտության և դրա արդյունքների գաղտնիությունը լիովին երաշխավորվում է:
ՄԻԱՎ վարակին առնչվող հարցերի պատասխաններ կարելի է ստանալ նաև «Թեժ գիծ» հեռախոսային ծառայության միջոցով՝ 61-08-20 ամեն օր՝ ժ. 09.00-18.00-ն՝ բացի հանգստյան օրերից:
Մեկնաբանել