
«Սիգարոնի» գործով դատական նիստը հետաձգվեց
«Անելիք բանկ»-ի ներկայացուցիչը հերթական անգամ չի ներկայացել դատարան
«ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի հիմնադիր բաժնետեր Սեմյոն Պողոսյանը «Անելիք բանկի» դեմ հայց է ներկայացրել` «Անելիք բանկի» և «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի միջև կնքված Գլխավոր վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:
Գործի դատաքննությունը պետք է տեղի ունենար այսօր ժամը 10:00-ին` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Թադևոսյանի նախագահությամբ: Սակայն դատական նիստը չի կայացել, քանի որ բանկից ներկայացուցիչ չի ներկայացել դատարան: Դատական նիստը նշանակվեց հունիսի 14-ին:
««Անելիք բանկ»-ը կարծես խուսափում է այս գործով դատարան ներկայանալ, այդ հիմքով նաև նախնական դատական նիստն է հետաձգվել: Համենայնդեպս չեմ կարծում, որ բանկի ղեկավարության համար այս գործը երկրորդական նշանակություն ունի, հավանաբար բանկից ճշտեք չներկայանալու պատճառը»,-բանկի ներկայացուցչի չներկայանալու պատճառների մասին մասին մեր հարցին այսպիսի պատասխան տվեց Սեմյոն Պողոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյան:
Այսօր հնարավոր չեղավ բանկից ճշտել, թե ինչու չեն մասնակցում դատական նիստերին: Իրավաբանական վարչության հեռախոսահամարը չէր պատասխանում:
Մեկնաբանել