
Հայրենական պատերազմի վետերաններ. կյանքը պատերազմի ժամանակ և հիմա
Սուրեն Մարգարյան. պահել «Թամանյան» դիվիզիայի դրոշը ամեն գնով
«Թամանյան» 89-րդ հրաձգային դիվիզիայի դրոշը, որ Հայրենական պատերազմի ժամանակ Սուրեն Մարգարյանը պահել է իր մոտ մինչև հաղթանակ, այժմ Նուբարաշենի 1-ին գնդում է: Դիվիզիայի դրոշակակիրն ասում է, որ «դրոշը հիմա կենդանի է զորամասում»: Բեռլինի գրավումից հետո դրոշը, նորից Սուրեն Մարգարյանի ձեռքերում, հասել է Երևան:
1941 թ. Գորիսում Սուրեն Մարգարյանի ընկերներին բանակ են տարել, և տղան լաց է եղել՝ ասելով, որ իրեն էլ տանեն, թեև դեռ 18 տարեկան չէր: 1941 թ.-ից մինչև հաղթանակի օրը Սուրենը կռվել է 89-րդ «Թամանյան» դիվիզիայում: 1942թ. նա ծանր վիրավորվել է Մոզդոկ քաղաքում, 1 ամիս ապաքինվել ու վերադարձել դիվիզիա: Սուրեն Մարգարյանի երկու եղբայրները ևս մասնակցում էին պատերազմին: Մի եղբայրը կռվում էր ուրիշ ճակատում՝ Ստալինգրադում, և Սուրենը նրան չի տեսել, իսկ մյուս եղբայրը նույն 89-րդ դիվիզիայում էր:
«Ինձ շտաբ-դիվիզիայից կանչեց գեներալ Սաֆարյանը (դիվիզիայի հրամանատար, գեներալ Նվեր Սաֆարյան - հեղ.): Էդտեղ սիրտս վատացավ, ասի՝ ինչի՞ պիտի ինձ կանչեն շտաբը, ասի՝ 3 եղբայր ենք, մեկը կամ դավաճանել է, կամ մի բան կա, որ ինձ կանաչել են: Մոտիկացա գեներալին, իմ շփոթության պատճառով մոռացա, որ պատիվ վերցնեմ: Գեներալ Սաֆարյանը ասեց՝ «տղա ջան, ձեռքդ տուր ինձ, եղբայրդ զոհվել է, տարեք հողին հանձնեք»: Չկարացի լաց լինեմ, արդեն սառել եմ, չգիտեմ՝ ինչ անեմ, ինչ չանեմ: Տղաները հավաքվեցին, գնացինք հողին հանձնեցինք»,- պատմում է Սուրեն Մարգարյանը:
Նա եղել էր տարբեր զորամասերում, զբաղվել հետախուզությամբ, սակրավորի աշխատանք արել, և դիվիզիայի հրամանատարությունն արդեն ճանաչում էր նրան: 1943թ. եղբորը հողին հանձնելուց մեկ օր անց Կերչ քաղաքում 89-րդ դիվիզիայի պարետը Սուրեն Մարգարյանին ասել է՝ դիվիզիայի դրոշը հանձնում ենք քեզ, և դիվիզիան այդ դրոշով պետք է հասնի Բեռլին:
Պատերազմի ժամանակ դրոշը դիվիզիայի խորհրդանիշն է, որը հաղթանակների դեպքում բարձրացվում է հաղթանակի վայրում: Ճակատամարտերի ժամանակ դրոշակակիրը դրոշը պահում է իր մոտ. եթե դրոշն ընկնում է թշնամու ձեռքը, ապա դրոշակակիրը գնդակահարվում է:
«Երբ հանգիստ էր ֆրոնտը, դրոշը ձողի վրա էի պահում. երբ արդեն դժվար պայմաններ էին, մեջքիս, փորիս էի կապում ու զենքս էլ գլխովը հագնում էի»,- պատմում է Սուրեն Մարգարյանը: Նրան հսկում էր մի քանի զինվոր, որ հանկարծ թշնամին չխլի դրոշը:
Մի անգամ Լեհաստանում գերմանացիները շրջապատել են 89-րդ դիվիզիայի շտաբի մարտիկներին, ու դրոշակակիրը մի կերպ է կարողացել պահել դրոշը: «Գեներալ Սաֆարյանը առաջ էր շարժվում, սխալ ճանապարհ գնաց: Արդեն ընկնում ենք շրջապատման մեջ, գեներալ Սաֆարյանը գոռաց ուղղակի՝ «տղաներ, հետ դառեք, թշնամի է»: Փոխանակ մենք աջ գնանք, ձախ ենք գնացել. դիվիզիան գնացել է աջ, շտաբը՝ ձախ: Մի կերպ վերջապես պոկվեցինք, քրտինքի մեջ կորած, գետին ընկած, մեքենան շուռ էր եկել և այլն: Դրոշը փրկվավ»,- պատմում է Սուրեն Մարգարյանը: Նման մեկ դեպք էլ Բեռլինում է եղել, բայց նա նորից կարողացել է իր մոտ պահել դրոշը:
Դրոշակակիրն ասում է, որ Բեռլինում գերմանացիները մոտ 20 օր դիմադրեցին դիվիզիային մինչ հանձնվելը. մարտերի ժամանակ հայերը շատ զոհեր ունեցան: ԽՍՀՄ ազգային դիվիզիաներից միայն հայկական 89-րդն էր, որ կարողացավ մասնակցել Ռայխստագի գրավմանը: 1945թ. մայիսին Սուրեն Մարգարյանը դրոշը բարձրացրեց Բեռլինում՝ Հումբոլդ-Հայն այգու ամրոցում:
«Մայիսի 9-ին հայ երիտասարդների հետ միասին մենք պարեցինք քոչարի պարը Ռայխստագի հենց բակի մեջ: Ուրախության չափ ու սահման չկար: Հատուկ ճամբարներ կային. գերիները երբ արդեն հանդիպեցին մեզ, այսինքն՝ ազատագրվեցին, գերիների ուրախությանը չափ ու սահման չկար: Լեհաստանում մեր աչքով մենք տեսանք, որ գերմանացիները կենդանի մարդկանց մեխել են թևերը: Էն որ մենք տեսել ենք ճամբարներում, գերմանացիները որ կոտորել էին, վառել էին ժողովուրդին, Աստված հեռու տանի էդպիսի բաները»,- ասում է Սուրեն Մարգարյանը:
Նրա խոսքով՝ ընդհանրապես ԽՍՀՄ-ը և մասնավորապես հայերը կարողացան Գերմանիային հաղթել իրենց միասնականության շնորհիվ՝ չնայած նրան, որ Գերմանիան շատ ավելի հզոր ռազմական տեխնիկա ուներ:
Դիվիզիայում Սուրեն Մարգարյանի մարտական ընկերներից ողջ է միայն Ալեքսանդր Միրզաթունյանը, ով հիմա հիվանդ է: Սուրեն Մարգարյանը պահպանում է իր ընկերոջ հետ կապը:
1945թ. վերադառալով Հայաստան՝ Սուրեն Մարգարյանը 1 տարի ապրել է ծննդավայր Գորիսում, հետո տեղափոխվել Երևան: Պատերազմից հետո նա 35 տարի աշխատել է Երևանի ժամացույցի գործարանում որպես հղկող, 9 տարի՝ Օպերայում՝ որպես ռեկվիզիտոր:
Այժմ «Թամանյան» դիվիզիայի դրոշակակիրը ղեկավարում է Հայրենական պատերազմի և աշխատանքի վետերանների «Ավագանի» միությունը, որն այցելում է Արցախում զորամասեր, զրուցում զինվորների հետ:
Սուրեն Մարգարյանն ամեն օր դժգոհություններ է լսում՝ հիմնականում երիտասարդների գործազրկության վերաբերյալ: Նա կուզենար, որ Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեին, որպեսզի երիտասարդները կարողանային աշխատել, ամուսնանալ, երեխաներ ունենալ: «Գործ չկա, երիտասարդները թողում են, բոլորը Ռուսաստան են գնում, ինչի՞ համար, ախր»,- ասում է Սուրեն Մարգարյանը:
Մերուժան Կոջարաբյան. երկու տարի գերմանական գերության մեջ
Հայրենական պատերազմի մեկ այլ վետերան՝ 88-ամյա Մերուժան Կոջարաբյանը, ևս որպես առաջնային լուծման կարիք ունեցող խնդիր մատնանշում է հայաստանցիների սոցիալական վիճակը:
Ղրիմի Կերչ քաղաքում ծնված Մերուժան Կոջարաբյանը պատերազմի է զորակոչվել 1943թ., կռվել է Թեոդոսիայում, Սևաստոպոլում: 1943թ. Սևաստոպոլում գերմանացիներն իրենց հզոր ռազմական տեխնիկայով շրջապատեցին դիվիզիան, որի կազմում կռվում էր նաև Մերուժանը. ամբողջ դիվիզիան՝ մոտ 20 հազար մարդ, գերի ընկավ:
Մերուժան Կոջարաբյանը Գերմանիայում գերի է մնացել մինչև պատերազմի ավարտ: «Գերմանացիները բանվորական ուժ չունեին, և նրանք բոլորին, նույնիսկ անչափահասներին տանում էին Գերմանիա աշխատացնում էին»,- պատմում է Մերուժանը: Գերմանիայի գյուղերից մեկում նա անասնապահությամբ ու հողագործությամբ էր զբաղվում: Ծանր աշխատանք կատարող գերիներին ճամբարում սնունդ էին տալիս օրը մեկ անգամ. ով սովոր էր շատ սնվելուն, մահացավ:
22-ամյա Մերուժանը սովոր չէր գյուղի աշխատանքին և գնացել է քաղաքապետարան ու խնդրել իրեն ուղարկել քաղաքում՝ որևէ գործարանում, աշխատելու: «Էնտեղ զինվոր էր կանգնած: Ասեց՝ «հեսա պատերազմը կվերջանա, կգնաս տուն ողջ և առողջ, ամերիկացիները, անգլիացիները ուժեղ ռմբակոծում են քաղաքները, գյուղերը չեն ռմբակածում»: Ես ասի՝ «չէ, ես ուզում եմ քաղաք, գործարանում աշխատել»»,- պատմում է նա: Գերմանացի զինվորը խոստացել է կատարել խնդրանքը: Մեկ ամիս անց Մերուժանը սկսել է խառատի հաստոցի վրա մետաղե իրեր տաշել Կյունցելսաու փոքր քաղաքի գործարանում, որտեղ վարձատրվում էր իր աշխատանքի դիմաց:
1945թ. գերմանացիները սկսել են նահանջել, և ամերիկացիները գրավել են քաղաքն ու գերությունից ազատել Մերուժան Կոջարաբյանին: Ամերիկացիները հայտարարել են, որ ով ուզում է վերադառնալ հայրենիք, թող վերադառնա, իսկ ով ուզում է մնալ Գերմանիայում, թող մնա: Մերուժան Կոջարաբյանը որոշել է ծառայել Գերմանիայում գտնվող խորհրդային բանակում:
Նրա կինը՝ 88-ամյա Վարդուշ Պողոսյանը, չի կարողանում առանց արցունքի հիշել Հայրենական պատերազմը: Տիկին Վարդուշի հայրը 40 տարեկանում զորակոչվել է ռազմաճակատ, ընտանիքը 1-2 նամակ է ստացել նրանից, հետո հայրն անհետ կորել է:
«Երբ լսեցինք՝ պատերազմը վերջացել է, անչափ ուրախություն էր, իհարկե: Մենք որտեղ ապրում էինք, էնտեղ հոսպիտալ կար, հիվանդներ էին: Գնացել-կանգնել եմ էդ հոսպիտալի դռան առաջը, սպասում եմ, որ երևի իմ հայրն էլ է էստեղ պառկած, էստեղից դուրս կգա: Հույս էր: Բայց հայրս չեկավ, ուրախությունս արդեն փոխվեց տխրության»,- արտասվելով պատմում է Վարդուշ Պողոսյանը:
Մերուժան Կոջարաբյանը 1946թ. զորացրվել է խորհրդային բանակից և եկել Հայաստան, որտեղ երկար տարիներ մեխանիկ է աշխատել Ձերժինսկու անվան գործարանում: Վետերանը վերջերս ընկել է, կոտրվածք ստացել, վիրահատվել ու հիմա դժվարությամբ է քայլում: Երևանի երկրորդ բուժմիավորումում կատարված վիրահատության ծախսերը տարեց ամուսիններն իրենք են մի կերպ հոգացել, մի մասն էլ պարտքով են վերցրել:
Մերուժան Կոջարաբյանն ասում է, որ որպես պատերազմի մասնակից ու 2 տարի գերության մեջ ապրած մարդ՝ հիմա իրեն գնահատված չի համարում Հայաստանի պետության կողմից: Մինչդեռ Գերմանիայի պետությունը շատ տարիներ առաջ նրան փոխհատուցում է տրամադրել գերության ժամանակ իր աշխատանքի համար:
«Գերմանիայում, դու մի ասա, արխիվում կենսագրությունը կա: Իսկ մեզ մոտ որ գնում ես արխիվից մի տեղեկանք ուզելու, ասում է՝ վառվել է արխիվը»,- կատակում է Մերուժան Կոջարաբյանը: Նրա ունեցած մեդալներից մեկը ևս Գերմանիան է շնորհել:
2012թ. փետրվարին գողություն է կատարվել տարեց ամուսինների տնից: Երկու կին է թակել դուռը, Մերուժան Կոջարաբյանը ներս է թողել, կանայք ջուր են ուզել, տիկին Վարդուշը գնացել է ջուր բերելու և առաջարկել է նստել: Կանայք սկսել են խոսել ու զբաղեցնել ամուսիններին: Այդ ընթացքում երրորդ կինն է գաղտնի մտել տուն ու գողացել Վարդուշի ամուսնական մատանին և գումարը, որը նպաստառու ամուսինները նոր էին ստացել Մերուժանի ժամացույցի վաճառքից: «Մաքուր սրբել-տարել էր, հացի փող չէր թողել մեզ»,- ասում է Վարդուշ Պողոսյանը:
Ամուսինները դիմել են ոստիկանության Արաբկիրի բաժին, բայց թոշակառուներից 15 ամիս առաջ կատարված գողությունը դեռևս բացահայտված չէ: Ամիսներ առաջ ոստիկանները ամուսիններին հայտնել են, որ գողերից մեկին բռնել են: Ամուսինները ոստիկանության ավտոմեքենայով գնացել են Արաբկիրի բաժին և ճանաչել իրենց տուն մտած երկու կանանցից մեկին:
«Կեսօր էր՝ տարան, ժամը 11-ին նոր մեզ տուն են բերել, էդքան ժամանակ մենք էնտեղ էինք, էդքան ժամանակ հարցաքննում էին քննիչի մոտ»,- պատմում է Վարդուշ Պողոսյանը: Որոշ ժամանակ անց ոստիկաններն ամուսիններին նորից տարել են բաժին, և Վարդուշը զարմացել է՝ իր ճանաչած կնոջը տեսնելով Արաբկիրի բաժնում ազատ կանգնած սպասելիս: Ոստիկաններն ասել են, որ այդ կնոջից վերցրել են քաղաքից չբացակայելու ստորագրություն:
Հետո ոստիկանները մի քանի անգամ նորից ամուսիններին տարել են բաժին՝ գողության մեջ կասկածվող տարբեր անձանց ճանաչելու, բայց այդ անձինք անծանոթ են եղել ամուսիններին: Ոստիկանները խոստացել են, որ նորություն լինելու դեպքում կհայտնեն, բայց արդեն 3-4 ամիս է, չեն զանգահարել: Թոշակառու ամուսիններն էլ «նստել-սպասում են»:
«Ես առաջին անգամ նոր իմացա, որ հայ կանայք գողեր են: Ոստիկանն էլ ասաց՝ հայ կանայք գողերի խումբ ունեն: Ասի՝ լավ, գերմանացիները պատերազմի ժամանակ պարտիզաններին անտառից վերացնում էին, դուք չե՞ք կարողանում (20 հազար օրգանի աշխատող ունեք) վերացնեք էդ գողերին»,- ասում է Մերուժան Կոջարաբյանը:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել