
«Փող չտվիք՝ չընտրիմ». երևանցու վերաբերմունքը ընտրություններին
Էրեբունու թիվ 178 դպրոցի նախասրահում՝ անմիջական հարևանությամբ տեղակայված 12/32 և 12/33 ընտրատեղամասում քվեարկող քաղաքացիները անակնկալի եկան ներս մտած մի կնոջ գոռոցից, որը բղավում էր նրանց հասցեին, ովքեր բոլորին փող էին բաժանել, սակայն չգիտես ինչու՝ իրեն բաժին չէին հանել:
Ու ամենայն հավանականությամբ, հենց նա էլ թողել էր. «Փող չտվիք՝ չընտրիմ» գրությունը 12/32 ընտրատեղամասում անվավեր ճանաչված 36 ընտրաթերթիկներից մեկի վրա:
Տաքսու վարորդը, որ «Հետքի» լրագրողին հետ տարավ ընտրատեղամասից, իմանալով տեղամասի 1952 ընտրողից ՀՀԿ-ին մոտ 630 ձայն տալու արդյունքների մասին, քմծիծաղ տվեց: «Իսկ Էրեբունիում ուրի՞շ բան էիք սպասում,- ասաց նա,- ստեղ Թոխմախի Մհերի տարածքն ա»:
Եթե ԱԺ պատգանավոր Մհեր Սեդրակյանի ու նրա հայտնի մականվան մասին բոլորը տեղյակ են, ապա Քյաչալ Ծյոմ և Թոխմախի Բաբո անունները Էրեբունի-Կայարան-Շենգավիթ հատվածներից դուրս՝ լայն զանգվածենրին ոչինչ չեն ասի, և, հատկապես, այս անունները համացանցում որոնելիս ոչնչի չեն հանգեցնի, սակայն, արժանին հատուցելու համար, պետք է ասել, որ նրանք այդ ուղղությամբ աշխատում են:
Տեղի բնակիչներն ասում են, որ 50 TT 077 համարանիշով մեքենան՝ այդ թաղերում հայտնի Քյաչալ Ծյոմի պատկանելությամբ՝ բոլոր ընտրություններին այստեղ ներկա է: Հարգարժան պարոն Քյաչալ Ծյոմը, սակայն, բոլորովին էլ «քյաչալ» չէ, և նույնիսկ ոճի զգացողություն ունի. նա հայտնի է կապույտ կարճաթև շապիկով շրջելու սովորությամբ, և նրա մասին հարցուփորձ անելուց հատկապես ընդգծում էին այդ փաստը:
Նա՝ իր յուրային ընկերների հետ մայիսի 5-ին չէր հեռանում դպրոցին հարող «Ֆլամինգո» կոչվող կառույցի բակից, որտեղ «խաշանոց» կա, ու, որտեղ, բնակիչների պնդմամբ՝ բոլոր ընտրություններին բաժանվում են հինգ հազարական դրամները:
Պարոն Քյաչալ Ծյոմը՝ իր յուրայինների հետ, պարզվում է, չեն սիրում լրագրողներին, ու հատկապես, ֆոտոխցիկը: Նրանք ֆոտոխցիկ տեսնելու պես՝ դես ու դեն են վազում, ինչպես խավարասերը՝ լույս միացնելուց: Բայց խավարասերի մասին՝ ավելի ուշ:
50 TT 077 համարանիշով մեքենան դպրոցի բակից ազատորեն պտույտ գործելով՝ ուղիղ նշան բռնած գալիս էր դեպի «Հետքի» լրագրողի ուղղությամբ, ու, եթե հետ չքաշվեի, այդ արագության թափքից, հաստատ վրաերթի ենթարկված կլինեի:
Դպրոցը, որտեղ տեղակայված էին երկու ընտրատեղամասերը, ֆիզիկապես մաշված էր: Բարոյական մաշվածության մասին եզրակացությունները թողնում եմ ընթերցողներին: 12/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը դպրոցի տնօրեն Բալոյան Նինան էր, իսկ 12/33-ինը՝ նույն դպրոցի կազմակերպիչ ուսմասվար Հայկուհի Սիմոնյանը, բնականաբար, ՀՀԿ-ականներ:
Հանձնաժողովի երկու նախագահները՝ ՀՀԿ վստահված անձանց հետ միասին ակտիվորեն շփվում ու համատեղ հարցեր էին քննարկում: ՀՀԿ երկու վստահված անձինք միաժամանակ գտնվում էին նույն տարածքում, ու դա ոչ մի խնդիր էլ չէր հարուցում: Իսկ ո՞վ պետք է հարուցեր: Տաքսու վարորդն ասել էր. «Էս տարածքում ամեն ինչ նախօրոք պարզ ա»:
ՀՀԿ վստահված անձանցից մեկը՝ հայտնի Թոխմախի Բաբո անունով, բարեկամական ու հովանավորչական ժպիտով, հավաստիացնում էր, որ տեղամասում ոչ մի խնդիր էլ չի լինելու, ու, որ բոլոր հարցերը նախօրոք լուծված են:
Իրապես էլ, երկու տեղամասերում, առանձնապես խնդիրներ չեղան, չհաշված այն, որ թիվ 12/32-ում քաղաքացի Սարիբեկ Սահակյանը ընտրելու ժամանակ հայտնաբերեց, որ իր անվան դիմաց ստորագրված է: Թեպետ արձանագրություն կազմվեց, սակայն, այն ոչ մի լուրջ ուշադրության չարժանացավ: Ինչպես նաև այն փաստը, որ տեղամասերում միաժամանակ իրար գլխի լցված 30-40 հոգի էին, որոնց դրսից կազմակերպված բերում էին:
Իսկ բերում էին՝ ում ասես: Ու առանց տեղեկացնելու ընտրատեղամասի մասին: Մի ծեր կին, որ հազիվ իրեն քարշ էր տալիս, տեղամաս մտնելուց հայտնաբերեց, որ իրեն ուրիշ տեղ են բերել: Ծեր կինը գոռում էր, թե ինչու են իրեն ուրիշ տեղ բերել. թող գոնե տանեին էնտեղ, որտեղ իր տեղն է: Մեկ այլ ծեր կին տեղամասում նույնիսկ լաց եղավ ու հրաժարվում էր քվեաթերթիկը գցել քվեատուփ: Բերում էին հաշմանդամների, որոնց չնկարեցի՝ ելնելով էթիկակական նկատառումներից: Մի կին՝ երկաթե հարմարանքից օգտվելով, ամեն քայլը գցում էր ուղիղ երկու րոպեն մեկ, ու այդ կինն այդ վիճակով աստիճաններ բարձրացավ ու իջավ:
Հետաքրքիր էր մանկահասակ երեխաների առկայությունը: Ամեն չորրորդ ընտրող կին գալիս էր երեխայի հետ: Որովհետև տանը մարդ չկար, իսկ ընտրել «պարտավոր էր»:
Դպրոցի բակում «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների կուտակումներ էին, որոնցից մեկը, հատկապես՝ աչք էր զարնում. 99 AR 999:
Ոչ ոք չէր փորձում այս խնդիրների վրա ուշադրություն դարձնել, թեպետ, գրեթե բոլոր կողմերն էլ վստահված անձանցով ու հանձնաժողովի անդամով ներկայացված էին:
ՀԱԿ վստահված անձն ու հանձնաժողովի անդամը ընտրական գործընթացի ժամանակ փորձում էին ընդդիմություն խաղալ, քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ հոգնեցին այդ դերից ու վերջում միանգամայն համերաշխ մթնոլորտ էր:
Նրանցից ոչ ոք չփորձեց միջամտել նույնիսկ այն ժամանակ, երբ պարզվեց, որ ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը նախօրոք հաշվարկված թվից 33-ով ավել է «ստացվել:»
12/32 ընտրատեղամասի 1982 ընտրողից՝ ըստ ելունդների հաշվարկի, քվեարկել էին 998 քաղաքացի: Քանի որ մնացած 6 թեկնածուների ձայները քիչ էին՝ արագորեն հաշվեցին. «Առաքելություն Հայաստան»՝ 5, ՕԵԿ՝ 32, ՀՅԴ՝ 21, Կոնգրես՝ 41, «Բարև Երևան»՝ 57, ԲՀԿ՝ 178, և անվավեր՝ 36, որից հետո պարզ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում ՀՀԿ-ի համար պետք է որ ստացվեր 628 քվեաթերթիկ, սակայն դպրոցի տնօրեն տիկին Բալոյանը հաշվելուց հետո հայտարարեց՝ 661:
Ոչ ոք չշփոթվեց, բնականաբար, ու երկրորդ անգամ հաշվելուց հետո բոլոր թվերը մնացին նույնը, բացի ՀՀԿ-ից: Պարզվեց, որ տնօրենը, «սխալ» է հաշվել, ու ամեն հաշվելուց քվեաթերթիկների թիվը մոտ 10-ով պակասում էր այնքան, մինչև որ երրորդ հաշվարկի արդյունքում «պարզվեց», որ ՀՀԿ-ի համար քվեարկել էին ոչ թե 661, այլ՝ 630 մարդ, քանի որ երկու հատ էլ նախապես էր անվավեր ճանաչված: Փաստորեն, «մաքուրով» ընտրություն ստացվեց, ինչպես և բարյացակամ ժպիտով գուշակում էր Թոխմախի Բաբոն, որ ամբողջ օրվա ընթացքում «աշխատում էր» լրագրողների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:
Բոլորն ուրախ ու բարձր տրամադրությամբ միմյանց բարի գիշեր էին մաղթում: Միակ դժգոհը, հավանաբար այն կինն էր, որ չէր ստացել իրեն հասանելիք դրամն ու չէր ընտրել:
Ուրախ տրամադրությանը, սակայն, հակադրվում է գաղջ մթնոլորտը, որի առկայությունից, ինչ ասես չի լինում: Մասնավորապես, գաղջ միջավայրում, որն իր ուղիղ նշանակությամբ, ենթադրում է խոնավության առատություն, խավարասերներ են առաջանում, ինչը առարկայացավ «Հետքի» լրագրողի աչքի առաջ. տաքսու մեջ, որից օգտվում էի՝ խավարասեր կար: Լավ վերնագիր կլինի հաջորդ նյութի համար. «Խավարասերներ Երևանի տաքսիներում»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել