
Երկու զուգահեռ իրականություն
Քաղաքում հրավառություն էր երեկ ուշ երեկոյան: Դերերի ինչպիսի՜ ճշգրիտ բաշխում, ինչպիսի՜ տաղանդավոր դերասաններ էին հավաքվել Երեւանում: Որտեղի՞ց այսքան հղկված վարպետություն, ու բոլորս' մեր դերերում: Նախորդ օրն էի վերադարձել Ղարաբաղից ու դեռ չէի հասցրել խելքի գալ, հայտնվել էի երեւանյան ընտրական «հրապուրիչ» թատերաբեմում:
Օրվա ընթացքում բազմաթիվ «հանճարեղ» դերասաններ կային ընտրատեղամասերում եւ հատկապես դրանց շրջակայքում: Տղամարդիկ, կանայք, իհարկե գործ անող տղերքը, որ բոլորն անշեղորեն նույն կառուցվածքն ունեն ու նույն բառապաշարը: Եվ, իհարկե, օրվա լրահոսից անպակաս էր նորին գերազանցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Մի օր այս աղքատ քաղաքական գործչին «Օսկարի» են արժանացնելու: Ցանկացած պահի ցանկացած դեր կարողանում է իր վրա վերցնել ու պատվով դուրս գալ, ընդ որում միշտ դա անում է անվճար:
Բայց այս ամենը ողջ օրվա ընթացքում ուղեղումս ղարաբաղյան պատմություններին զուգահեռ էր հոսում: Բանակից 38 տարեկան մի տղայի էին հեռացրել, որը դպրոցից հետո բանակում էր: Ու, բացի զինծառայությունից, ուրիշ բան անել չի կարող: Նա սկզբում ջոկատում էր, իսկ երբ բանակը ձեւավորվեց, մտավ այդ կառույց: 18 տարի այնտեղ է: Մասնակցել է բազմաթիվ մարտերի, վիրավորվել է, ծառայության վերջին երկու վայրերն են «Եղնիկները» (8 տարի) եւ Շուշին (2 տարի): Հենց այստեղից էլ ազատել են ենթասպային:
Ուղարկել էին Երեւան երկամսյա կուրսերի: Մոտեցել է հրամանատարին, խնդրել մեկ օրով արձակուրդ թողնել իրեն, որովհետեւ անձրեւները տանիքից լցվում էին տուն, տանիքը մի տեղից փլվել էր: Չեն թողել: Նա կիրակի եկել է Ղարաբաղ, երեքշաբթի վերադարձել Երեւան: Եվ որոշել են նրան ազատել բանակից: Տանը մենակ է ապրում, չի հասցրել ամուսնանալ, հայրը ամիսներ առաջ է մահացել:
Հայրը ծանր հիվանդ էր, դիմում էր գրել, որ նրան խնամելու համար մոտ բնակավայր տեղափոխեն, հրամանատարությունը այդպես էլ արել է. «Եղնիկներից» տեղափոխել է Շուշի, եւ հիմա ազատել են բանակից: Նա նամակ է գրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, նկարագրել իրավիճակը, խնդրել վերականգնել: Պատասխան դեռեւս չկա:
Երեկ արդեն մի քիչ հետաքրքրվեցի Ջրվեժում գտնվող այդ ուսումնական կենտրոնով: Զանազան պատմություններ լսեցի քննությունների անցկացման կարգի եւ «չկտրվելու», արձակուրդ գնալու պայմանների մասին: Այնտեղ երկամսյա կուրսեր անցած ենթասպաներից մեկն էլ պատմեց, որ իր ուսման ընթացքում երկու անգամ պարտադրել են համերգի տոմսեր գնել:
Ղարաբաղի պաշտպանության նախարարը Երեւանից եկած թղթերը, որոնցով առաջարկում էին ենթասպային ազատել բանակից, ստորագրել է միանգամից: Ես մի քանի օր է, մտածում եմ այդ տղայի մասին: Հուսահատված ասում էր. «Հիմա ես ի՞նչ պետք է անեմ: Աշխատանք չունեմ, չեմ կարող ոչինչ անել, թոշակ չեն տալու»: Նրա թոշակի անցնելուն մնացել էր 2 տարի:
Չեմ կարողանում ընկալել, թե պետությունը ինչպես կարող է վերաբերվել մի մարդու, ով իր կյանքը նվիրել է բանակին: 8 տարի ծառայել է «Եղնիկների» հետախուզությունում: Եվ հիմա նրան շպրտել են դուրս: Վերցրել եւ ասել են. «Դու այլեւս մեզ պետք չես, քո կարիքը մենք այլեւս չունենք, գնա այստեղից»: Ենթասպան ասում է, որ ինքն ունի երկու ճանապարհ՝ գնալ Ղարաբաղից կամ ինքնասպան լինել:
Քարինտակցի փոքրամարմին մի սպա կար, ավագ լեյտենանտ էր, 16 տարեկանից էր ջոկատում, հետո բանակում: 1996-ին Խոջալուում մի հավաքի ժամանակ գեներալ Խաչատուրովը սպաներին սեռական հայհոյանք տվեց: Այդ փոքրամարմին տղան չհանդուրժեց նաեւ իր մորն ուղղված այդ հայհոյանքը եւ հարվածեց գեներալին: Նրան այն ժամանակ հեռացրին բանակից, ես ավելի վատ բան էի կանխատեսում, բայց, փառք Աստծու, դրանով ավարտվեց ավագ լեյտենանտի պատմության այդ հատվածը: Հիմա նա 4 երեխա ունի, բանվորություն է անում եւ մի կերպ պահում իր ընտանիքը:
Երբեմն ինձ հարցնում են՝ հիմա որ պատերազմ լինի, մարդ կա՞, որ գնալու է երկիրը պաշտպանելու: Ես ասում եմ՝ այո, նույնքան մարդ, որքան եղել է: Ու գիտե՞ք՝ ովքեր են լինելու առաջին շարքում. այս երկու տղաները, որոնց հեռացրել են բանակից:
Լուսանկարը՝ Մաքս Սիվասլյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել