
«Առաքելություն». սրանք չեն կարող լինել արժանահավատ ընտրություններ
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Առաքելություն» կուսակցությունն ընտրությունների ընթացքը գնահատում է, «մեղմ ասած, բացասական» և համարում, որ սրանք չեն կարող լինել արժանահավատ ընտրություններ: Այս մասին «Հետքին» ասաց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԶԼՄ-ների հետ կապերի համակարգող Մանուկ Սուքիասյանը:
«Որակական ոչ մի առաջընթաց: Երևի թե ծեծուջարդից, վնասվածքից բացի՝ մնացած ամեն ինչն էլ կար. բաց քվեարկություն, լարված մթոլորտ, մարդկանց մեքենաներով բերել: Աստված գիտի, մեքենաներով բերելուց առաջ էդ մարդկանց ինչ էին տվել, ինչ չէին տվել: Անհասկանալի ակտիվություն ժամերի բաշխվածության առումով»,- ասաց Մանուկ Սուքիասյանը:
Նրա խոսքով՝ ընտրողներն առավել «ակտիվ» են եղել մինչև ժամ 11-12-ը:
«Առաքելությունը» հստակ տեղեկատվություն ունի, որ մարդկանց մեքենաներով ընտրատեղամասեր է տարել Հանրապետական կուսակցությունը, և որոշակի ասեկոսեներ է լսել «Բարգավաճ Հայաստանի» կատարած ընտրախախտումների մասին:
«Ինչո՞ւ է ՀՀԿ-ի դեպքում տեղեկատվությունը հստակ, իսկ ԲՀԿ-ի դեպքում՝ ոչ հստակ» հարցին Մանուկ Սուքիասյանը պատասխանեց, որ համապատասխան թաղամասերում տեսել են, որ ընտրողներին բերում են հանրապետականներին պատկանող երթուղային գծերի մեքենաներով:
Այնուամենայնիվ, Մանուկ Սուքիասյանը կանխատեսում է, որ «Առաքելություն» կուսակցությունը կընդգրկվի Երևանի ավագանու կազմում: «Հույս ունենք, որ այնքան քվե ունենք, որ որքան էլ կողքից սուբյեկտիվ գործոնները աշխատեն, մենք կարծում ենք, որ նվազագույն շեմը կհաղթահարենք»,- ասաց Մանուկ Սուքիասյանը:
Մեկնաբանել