
Անդրիաս Ղուկասյան. «Սրանք հերթական շինծու ընտրություններն են մեր երկրում»
Հանրապետական կուսակցությունն այսօր անցկացվող Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց այն պահին, երբ մյուս կուսակցությունները համաձայնեցին մասնակցել այդ ընտրություններին, և նրանցից ոչ ոք չվիճարկեց այդ ընտրություններին ևս մասնակցելու ՀՀԿ-ի իրավունքը: «Հետքի» հետ զրուցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
«Բոլորի համար ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը ընտրախախտումներ կատարող կուսակցություն է, բոլորի համար ակնհայտ է, որ որպես երկիրը կառավարող ուժ՝ դա կոռուպցիային հովանավորող քաղաքական ուժ է: Ուստի, հասկանալի է, որ եթե ընդդիմադիր ուժերը ճանաչում են այդ ուժի իրավունքը՝ ընտրություններում մասնակցել, արդեն պարտված են»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Նա համոզված է, որ ընտրակաշառք բաժանող, Սահամադրությունը գիտակցաբար խախտող ուժերի մասնակցությունն այսօրվա ընտրություններին այդ ընտրությունների իրական լինելն արդեն իսկ վերածում է շինծուի:
Անդրիաս Ղուկասյանը, սակայն, այսօր երեկոյան մասնակցելու է ընտրություններին: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է գնալու քվեարկության, նա պատասխանեց, որ դա իր ընտրական իրավունքն է, միայն այդ իրավունքը պաշտպանելով՝ քաղաքացիները կարող են Հայաստանում ինչ-որ բան փոխել, քանի որ նրանց ամեն կերպ համոզում են, թե ընտրական իրավունքը ոչ կարևոր իրավունքներից է:
«Սրանք հերթական շինծու ընտրություններն են մեր երկրում: Շինծու ընտրությունները քայքայում են մեր երկիրը ու բերելու են մեր ազգային անկախության կործանման: Եթե մենք շրջադարձ չանենք, եթե հանրությունը չփորձի ընդդիմանալ, ընդվզել այս դրությանը, ապա մենք, ամեն անգամ զիջելով մեր քաղաքական ապագա ընտրելու հարցը ուրիշներին՝ դրսի ուժերին, մեր երկրում հանցավոր ինչ-որ խմբերին, բնականաբար, կորցնելու ենք այն արժեքը, որը ձեռք ենք բերել պատմականորեն՝ մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանն առաջադրված էր փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում: Նա փետրվարի 19-ին դադարեցրեց իր 30-օրյա հացադուլը, որն անցկացնում էր «Ոչ շինծու ընտրություններին» պահանջով և վիճարկում ՀՀԿ-ական թեկնածուի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքը:
Մեկնաբանել