
«001ГИЖ» համարանիշներով ավտոմեքենան եւ ավագանու ՀՀԿ նախկին անդամը
Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում տեղակայված 7/26 ընտրատեղամասի դիմաց մոտ 10 րապե առաջ կանգնած էր ՎԱԶ 099 մակնիշի սովետական արտադրության ավտոմեքենա՝ 001ГИЖ կապույտ համարանիշներով: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդ Նշե Մոդոյանը «Հետք»-ին պատմեց, որ առավոտյան 9-ից սկսած այս եւ մարդատար այլ ավտոմեքենաներով ընտրողներ են բերում ընտրատեղամաս եւ ուղղորդում, թե ում օգտին քվեարկեն: Մոդոյանը ենթադրում է, որ նրանց ուղղորդում են ընտրել ՀՀԿ-ին: «Հետք»-ի լրագրողը տեսախցիկով ֆիքսել է մեքենան, ինչից հետո այն միանգամից հեռացել է:
Նշե Մոդոյանը հայտնեց նաեւ, որ նույն դպրոցում տեղակայված 7/25 ընտրատեղամասի ՀՀԿ վստահված անձ Գեւորգ Գիզյանը շատ ակտիվ է: Տեղամասի գրեթե բոլոր ընտրողները քվեարկելուց առաջ եւ հետո մոտենում, խոսում են նրա հետ: Գեւորգ Գիզյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ավագանու նախկին անդամ է, եւ բոլորն անխտիր իրեն ճանաչում են, ուղղակի բարեւում եւ ցտեսություն են մաղթում: Որեւէ խնդիր մարդկանց ուղղորդելու հետ կապված՝ չկա:
Մեկնաբանել