
ՀԱԿ վստահված անձ. «Մարդկանց ուղղորդված բերում են ընտրատեղամաս»
Էրեբունու թիվ 12/32 և 12/33 ընտրատեղամասերի բակում ժամը 11-ի հատվածում «Գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների կուտակումներ էին առաջացել: Ընտրատեղամասը գտնվում է թիվ 178 դպրոցի նախասրահում:
ՀԱԿ վստահված անձ Հռութ Գրիգորյանն ասում է, որ մարդկանց ուղղորդված բերում են ընտրատեղամաս: «Որպեսզի մուտքի մոտ մեքենաների կուտակում չառաջանա ու շատ աչքի չընկնի՝ թաղային հեղինակությունները մարդկանց բերում են մինչև դքի բերան, որից հետո նրանք ոտքով գալիս են ընտրատեղամաս»,- ասում է նա:
Դպրոցի բակամերձ տարածքում երիտասարդների կուտակումներ կան, իսկ 50 TT 077 համարանիշի ավտոքեմենան նեղլիկ փողոցում այնքան «անկաշկանդ» էր զգում, որ «Հետքի» լրագրողը հազիվ խուսափեց վրաերթի ենթարկվելուց:
Բնակիչներն ասում են, որ նա թաղամասում հեղինակություն վայելող Քյաչալ Ծյոմն է, որի մեքենան բոլոր ընտրություններին այնտեղ ազատորեն շրջում է:
Ի դեպ, երկու ընտրատեղամասերը դպրոցի նախասրահի աջ և ձախ կողմերում են և միմյանցից որևէ կերպ բաժանված չեն, որի հետևանքով, օրինակ, ՀՀԿ վստահված անձինք ազատորեն շփվում են միմյանց հետ՝ միաժամանակ գտնվելով նույն ընտրատեղամասում:
Ժամը 11-ի դրությամբ 12/32 և 12/33 ընտրատեղամասերից յուրաքանչյուրում մոտ1900-ական ընտրողից քաղաքացիական պարտքն են կատարել համապատասխանաբար 365 և 284 քաղաքացի:
Մեկնաբանել