
Անձնագիր չեն տրամադրում, փոխարենը ուզում են դատապարտել զինծառայությունից խուսափելու պատճառով
Լոռու մարզի քննչական բաժնում քննվում է Քր.օր.-ի 327 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործ` իսկական զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքի առթիվ: Վանաձորի բնակիչ Տիգրան Կոստանյանը դեռևս 1998-ին, երբ 13 տարեկան էր, մեկնել է Իսպանիայի Թագավորություն` մշտական բնակության: Հայրը գիտությունների թեկնածու է, դոցենտ, մանկավարժ, սակայն չէր կարողանում ապահովել ընտանիքի նվազագույն կենսամակարդակը, իսկ արտերկրում սնվելու, բուժվելու համար, որովհետև երեխան նաև որոշակի առողջական խնդիրներ ուներ, ավելի նպաստավոր պայմաններ կային: Ուստի, հաշվառումից դուրս գալով և հարազատների օգնությամբ մի կերպ ճանապարհածախսը հոգալով, ընտանիքով հեռացել է Հայաստանից: «Այդ ժամանակ դեռևս երեխայի բանակ մեկնելու-չմեկնելու հարցը չկար, և չէր կարող լինել, որովհետև այստեղ կյանքի խնդիր էր լուծվում: Մարդու բնական իրավունքն է. ուզում եմ հաց ուտել, չեմ կարող, որովհետև չեմ կարողանում աշխատել. բոլորիս հայտնի է, թե ինչպիսին էր 90-ականներին Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը»,- ասում է Տիգրան Կոստանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը:
Իսկ արդեն տղայի 27 տարին լրանալուց հետո քրեական գործ է հարուցվել զինվորական ծառայությունից խուսափելու դեպքի առթիվ: Քննիչն այնուհետև որոշում է կայացրել նյութերով քրգործի հարուցումը մերժելու մասին` հանգելով հետևության, որ Տիգրան Կոստանյանը որևէ հանցագործություն չի կատարել, և նրա արարքում հանցակազմ չկա: Բայց դատախազությունը վերացրել է քննիչի այդ որոշումը` մեկնաբանելով, թե Տիգրան Կոստանյանը 13 տարեկանից կանխամտածված, հետագայում ծառայությունից խուսափելու նպատակով մեկնել է ՀՀ-ից: «Պետք չէ իրավաբան լինել, որպեսզի հասկանալ այդ ձևակերպման ոչ հիմնավոր լինելը, որովհետև նախ` 13 տարեկան անձը չի կարող հանցագործության սուբյեկտ լինել, և ապա` եթե ընտանիքը մեկնում է, երեխան չի կարող մնալ այստեղ ու ասել, որ չէ, 5 տարի հետո ես պետք է ծառայեմ: Ակնհայտ է, որ ինչ-որ անձնական ամբիցիաներից դրդված` դատախազը նման որոշում է կայացրել. 13 տարեկանում դեռ երեխա, իրենց գոյությունը չեն կարողանում պահել, մի կերպ Հայաստանից դուրս են գալիս, որ ապրեն, դատախազությունը մեկնաբանում է, որ կանխամտածված գնացել է, որ չծառայի»,- ասում է փաստաբան Հակոբյանը:
Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացին պարտավոր է զինվորական ծառայություն անցնել: Բայց տվյալ դեպքում անձը չէր կարող. օբյկտիվ պատճառներով Տիգրան Կոստանյանն Իսպանիայի Թագավորությունից հնարավորություն չի ունեցել վերադառնալու Հայաստան: Նախազորակոչային նախապատրաստություն, կցագրում չի անցել, երբևէ զինկոմիսարիատ չի հրավիրվել, ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հետազոտության չի ենթարկվել, նրա պիտանելիությունը որոշված չէ, երբեք ծանուցում չի ստացել, և այդ ամենը` հաշվառված չլինելու պատճառով: «Հիմա ուզում է վերադառնալ, չի կարող, որովհետև անձը հաստատող փաստաթուղթ չկա: Դիմել է մեր պատկան մարմիններին, որ իրեն տրամադրեն անձնագիր, մեր չինովնիկները անձնագիր տրամադրելու փոխարեն քրեական գործ են հարուցել, ուզում են դատապարտեն, բայց չի կարող այդպիսի բան լինել»,- համոզված է փաստաբանը: Քրգործ հարուցելու մասին որոշումը Ռուբեն Հակոբյանը վերադասության կարգով բողոքարկել է Լոռու մարզի նորանշանակ դատախազին, որի կողմից բողոքը մերժվել է, փաստաբանի կարծիքով, չպատճառաբանված, չհիմնավորված ձևով: Մերժման որոշումը փաստաբանը բողոքարկել է դատարան, որպեսզի վերացվի իր վստահորդի իրավունքները խախտող որոշումը, և նրան ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրվի, որպեսզի կարողանա վերադառնալ Հայաստան:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել