
«Մեր երկիրը նման է մի օրգանիզմի, որը կաթիլ-կաթիլ արնաքամ է լինում»
Հայաստանում մի խումբ մտավորականներ տագնապով են արձանագրում երկրում տնտեսական եւ ազգային աղետի վերածված մեծ թվերի հասնող արտագաղթը: Նրանք այսօր նամակ են հղել ՀՀ կառավարություն ու Ազգային ժողով, որտեղ նշում են փաստեր, որոնցից կառավարությունն ու ԱԺ-ն իրենք էլ տեղյակ են:
Հակառակ պաշտոնական վիճակագրության, երկրի բնակչությունը նկատելիորեն նվազել է: Գյուղերից և փոքր քաղաքներից դեպի Երևան միտված ներքին միգրացիան` ուրբանիզացիան, հիմնականում վերածվում է զանգվածային արտագաղթի:
Գյուղացիական վարկերի տպավորիչ թվերը իրականում արտագնա աշխատանքի ճանապարհածախսի են վերածվում` ստեղծելով բիզնես վարկերի իմիտացիա և խթանելով արտագաղթը:
Մտավորականներն առաջարկում են ԱԺ նախագահին անհապաղ խորհրդարանական լսումներ կազմակերպել՝ բարձրացված խնդրի շուրջ կառավարության պատասխանատու պաշտոնյաների ներկայութամբ և մտավորականների մասնակցությամբ: Իսկ վարչապետին կոչ են անում ամենամոտ ժամանակներում հասարակությանը և Ազգային ժողովին ներկայացնել Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը շտկելու կոնկրետ և վստահություն ներշնչող միջոցառումներ:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համարում է, որ հայրենասիրություն ասվածն արդեն վաղուց չի կարող խոչընդոտել երկիրը չլքելուն. «Ինչ հայրենասիրության մասին է խոսքը, եթե մարդն ինքն իր հայրենիքում դեգրադացվում է, չի կարողանում սոցիալիզացվել: Մենք հաճախ լսում ենք արտահայտություններ, ինչպիսիք են՝ «սա իմ հայրենիքը չէ», «իմ երեխան գնաց բանակ զոհվեց, նրանց երեխաները տանն են», «իմ երեխան մի գործ չի կարողանում սկսել, նրանց երեխաները խոշոր բիզնեսների տեր են»... Հենց այդ «իմ»-ն ու «նրանց»-ը խոսում է այն մասին, որ մարդը այս երկիրն իրենը չի համարում, չի ռեալիզացվում այստեղ»:
Տնտեսագիտական գիտությունների պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն էլ հավելեց, որ արտագաղթը ոչ միայն անձնական եւ քաղաքացիական բնույթ է կրում, այլ տնտեսական. «Բնակչության արտագաղթն ամենամեծ կորուստն է, բայց այսօր արտագաղթում է նաեւ երկրի կապիտալը: Բիզնեսմենները որոշում են իրենց բիզնեսը տեղափոխել երկրից դուրս, իսկ մանր գործարարները արտերկրում են բիզնես սկսում»:
Տնտեսագետը նշեց նաեւ, որ սահմանամերձ գյուղերին պետությունը պարտավոր է հարկային արտոնություններ տալ:
Մտավորականներն իրենց նամակում մեջբերում են նաեւ արտագաղթի պատճառները: Նրանց դիտարկմամբ` արտագաղթի հիմնական պատճառը ոչ միայն աղքատությունն է, այլև կառավարման համակարգին առնչվող հիմնախնդիրները, ինչպես նաեւ բարոյական և հոգեբանական վատթարացող միջավայրը: Հայաստանի իշխանությունները չեն կարողանում պայմաններ ստեղծել աշխատունակ բնակչության մտավոր և ֆիզիկական կարողությունները հայրենի երկրում լիարժեք օգտագործելու համար: Սոցիալապես ծայրահեղ բևեռացված ՀՀ քաղաքացին իրեն անպաշտպան է զգում մեծահարուստների և պետական ծառայողների կամայականությունների առջև:
Մտահոգված մտավորականներն իրենց նամակը դիտմամբ չեն հղել Սերժ Սարգսյանին, որպեսզի նախագահի մենիշխանությանը եւս մեկ անգամ չնպաստեն:
«Մենք գիտենք, որ երկրում իշխանությունը կենտրոնացած է նախագահի ձեռքում, բայց գիտակցված ուզում ենք յուրաքանչյուրին հասցեագրել իր պարտականությունները»,- նշեց Հրանուշ Խառատյանը:
Մտավորականներն իրենց նամակից մեծ արդյունք չեն ակնկալում, բայց չեն էլ կարող լռել:
«Մենք հույս ունենք, որ ԱԺ-ն լսումներ կձեւակերպի, կկազմվի աշխատանքային խումբ, գործողությունների ծրագիր կմշակվի: Սա լավագույն դեպքում»,- ասաց Հրանուշ Խառատյանը:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանն էլ նույնիսկ նամակի անարդյունավետ լինելու դեպքում անթույլատրելի է համարում մտավորականների լռությունը. «Միգուցե ոչ մի արդյունք էլ չտա, բայց մտավորականը չպետք է լռի: Ես Գավառից եմ, որ ժամանակին շատ ակտիվ քաղաք էր, իսկ հիմա ով գալիս-գնում է, ասում է` երեխա չկա ձեր քաղաքում: Մեր երկիրը մի օրգանիզմի է նման, որի արյունը կաթիլ-կաթիլ թափվում է»:
Կշտկվի՞ արդյոք այս իրավիճակը, թե՞ արդեն շատ ենք ուշացել: Հարցի առնչությամբ մտավորականների կարծիքները տարբեր են: Հրանուշ Խառատյանն ասաց. «Երբ իրավապահ մարմինները բացարձակ սելեկցիոն կերպով են գործում, այս իմաստով, կարծում եմ, իրավիճակն անդառնալի է»:
«Ես այդքան պեսիմիստ չեմ»,- արձագանքեց էկոլոգ Կարինե Դանիելյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել