
Յանի. «Ես փնտրում էի աշխարհի լավագույն ջութակահարին և գտա Սամվելին»
«Առաջին իսկ պահից, երբ ոտք դրեցի հայկական հողի վրա, ես ինձ զգացի ինչպես տանը»,- ասում է հույն հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր Յանին:
Յանի Քրիսոմալիսը Հայաստան է ժամանել ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը: Սա նրա երկրորդ այցն է Հայաստան: Յանին հիշում է, որ անցած այցի ժամանակ շատ լավ ժամանակ է անցկացրել Հայաստանում, և այժմ կրկին վերադարձել է, ինչը և խոստացել էր:
«Ես շատ երջանիկ եմ վերադարձիս համար, շատ հաճելի է: Այստեղ զգում և տեսնում եմ հայկական հյուրասիրությունը»,- ասում է երաժիշտը:
Նա խոստովանում է, որ լսարանի այն արձագանքը, որ ստացել էր նախորդ համերգի ժամանակ, իր «կարիերայի լավագույն պահերից է եղել»: Այս անգամ նրա հետ Հայաստան է ժամանել նաև քույրը, որպեսզի ևս տեսնի հայ հանդիսատեսի արձագանքը համերգի ժամանակ:
Այս համերգին հայկական բեմի վրա Յանիի հետ ելույթ է ունենալու նաև հայ ջութակահար Սամվել Երվինյանը: Համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահարը «Յանի» խմբում ելույթ է ունենում 2003 թ.-ից:
«Համերգին ես նվագելու եմ իմ հայ եղբոր` Սամվել Երվինյանի հետ, ով աշխարհի ամենալավ ջութակահարն է: Ես փնտրում էի աշխարհի լավագույն ջութակահարին և գտա Սամվելին: Նրան լսելով` ես հասկացա, որ դա հենց նա է»,- պատմում է Յանին:
Նրա խոսքով` իր համար ազգությունն էական չէ, բայց իրեն դուր է գալիս այն հանգամանքը, որ Սամվելը հայ է:
Յանիի համերգը տեղի կունենա ապրիլի 20-ին և 21-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերի գինը սահմանված էր 5-80 հազար դրամ: Յանի խոսքով` համերգին սպասվում են անակնկալներ, բայց դրանց մասին նախօրոք չի ասի, այլապես դրանք կդադարեն անակնկալ լինելուց: Համերգին հնչելու են Յանիի թե նոր, թե արդեն տարիներ շարունակ հայտնի դարձած կատարումները:
«Ես միշտ սիրում եմ համերգի ժամանակ հանդիսատեսին ինձ հետ տանել երաժշտական շրջագայության, որն անսպասելի բաներ ունի իր մեջ»,- ասում է երաժիշտը:
Յանիի հայաստանյան համերգը կազմում է իր համաշխարհային շրջագայության մասը: Հայաստանից հետո խումբը պատրաստվում է այցելել Չինաստան: Սակայն, երաժիշտի խոսքով, ոչ մի համերգ երբևէ նույնը չի լինում. ամեն անգամ տարբեր են թե հանդիսատեսը, թե մթնոլորտը: Միաժամանակ նա կարծում է, որ թե իր, թե իր թիմի համար շատ կարևոր են այցելությունները տարբեր երկրներ, քանի որ դա նրանց թույլ է տալիս ծանոթնալ այլ երկրների մշակույթներին և այդ ամենից սովորել նախ և առաջ որպես մարդ:
Բացի դրանից` չնայած պարբերաբար շրջագայելուն՝ կան մի շարք երկրներ, որտեղ Յանին չի եղել: Ափսոսում է, որ իր թիմի հետ դեռևս չի եղել հատկապես Հարավային Աֆրիկայում, բայց միաժամանակ ասում է, որ կաշխատեն լինել բոլոր այն երկրներում, որտեղ իրենց սպասում են:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել