
Մայրիկ, բա ես որտե՞ղ խաղամ (վիդեո)
Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երեւանի կենտրոնում՝ Նալբանդյան 106/1 հասցեում, հարակից շենքերի երեխաները, փողային նվագախմբի կատարման ներքո, պարում, նկարում ու խաղում էին իրենց ավերված բակում:
Յուրօրինակ այս բողոքի ակցիայի գաղափարը «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ինը եւ «Մեր քաղաքը» հանրային նախաձեռնության խմբինն է: Շրջակա շենքերի բնակիչներից բացի՝ այստեղ էին նաեւ բնապահպաններ, Ազգային ժողովի պատգամավորներ՝ «Ժառանգություն» խմբակցությունից:
Նալբանդյան 106/1 հասցեում առաջ թիվ 1 մանկապարտեզն էր: Հիմա «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ն այն քանդել է, երեխաների խաղահրապարակը, բակային կանաչապատ տարածքը՝ ավերել, հատել մի քանի ծառ, իսկ մյուս հաստաբուն ծառերի համար ստեղծել է նպաստավոր պայմաններ, որպեսզի դրանք իրենք իրենց չորանան: Փոխարենը «ԱՎԱԳ ՇԻՆԸ»-ն այստեղ կառուցելու է բազմահարկ «էլիտար» շենք:
Ակցիային մասնակցելու հրավեր էին ստացել նաեւ պատկան մարմինները, սակայն միայն քաղաքապետարանն էր ուղարկել իր ներկայացուցչին՝ Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության բաժնի պետին: Բայց վերջինս առկա հարցերի պատասխանները չուներ եւ իր խոսքում ուղղակի նշեց. «Երեւի մենակ ինձ են ուղարկել, որովհետեւ պատասխան չունեն»:
Մեկնաբանել