
«Իմ հարազատ պապան Հայաստանի օրենսգիրքն է: Դա իրենց անհանգստացնում է»,- ասում է գործարարը (վիդեո)
«Գ. Համբարձումյան եւ որդիներ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Գագիկ Համբարձումյանը 3 տարի է` վարձակալել է մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածքում գտնվող նախկին «Կիեւ գաստրոնոմ» հանրախանութի առաջին հարկը եւ սննդամթերքի խանութ է բացել: Գործունեության երեք տարիների ընթացքում գրեթե միշտ հարկային մարմինների հետ խնդիրներ է ունեցել եւ միշտ ինքն է «մեղավոր» դուրս եկել:
Գագիկ Համբարձումյանը «Հետքին» պատմեց, որ ՍՊԸ-ն սկզբում գրանցված է եղել Աշտարակ քաղաքում եւ հանգիստ կարողացել է աշխատել, իսկ հարկային տեսուչներն իրեն երբեք չեն անհանգստացրել: Բայց արդեն 3 տարի է, ինչ տեղափոխվել է Արաբկիր համայնք, տեսուչները սկսել են տարբեր պատճառաբանություններով անհանգստացնել իրեն:
«Որոշեցինք աշխատել «սպիտակ դաշտում»: 2009 թ. 200 մլն դրամի շրջանառություն ենք ունեցել, ներառյալ ավելացված արժեքի հարկը: Հետո սկսեցին իմ դեմ ակտեր գրել: Առաջին ակտը գրվել է հենց 2009-ին: Ասացինք` 150.000 դրամ է, ոչինչ, վճարենք, որովհետեւ Արաբկիր 1 ՀՏ-ում խոստացել էին, որ հաջորդ անգամ անհիմն չեն անհանգստացնի մեզ: Բայց 2010 թ. խանութ սկսեցին այցելել օպեր բաժնի աշխատակիցները: Իսկ Արաբկիրի օպերատիվ բաժինը եռամսյակը մեկ ամբողջությամբ ստուգումներ էր իրականացնում խանութում»,- պատմում է Գ. Համբարձումյանը:
Նա առայժմ չի ցանկանում տալ այն հարկային տեսուչների անունները, որոնք տարբեր պատրվակներով «գործ են սարքում» ՍՊԸ-ի դեմ:
ՍՊԸ-հարկային տեսուչ հարաբերություններն ավելի են սրվել այս տարվա հունվարից: Գագիկ Համբարձումյանի խոսքերով` հունվարին խանութ է այցելել Արաբկիր ՀՏ-ի այն աշխատակիցը, ով նախկինում ֆիսկալ կտրոններով է զբաղվել: Հրելով աշխատակցին մի կողմ եւ առանց որեւէ բացատրություն տալու` հանում է «Z» հաշվետվությունը (օրվա առեւտրաշրջանառությունն ըստ րոպեների) եւ իբր ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար ակտ գրում:
«Այդ ժամանակ համոզեցին ինձ, որ այլեւս մեզ հետ նման բան չի կրկնվի եւ կդադարեցնեն այս շանտաժն ու գրոհը: Ես էլ ստորագրեցի ակտը` չցանկանալով լարված հարաբերություններ ունենալ նրանց հետ: Ապրիլին արդեն նոր օպերլիազոր ժամանեց` գույքագրում անելու:
Ինձ համոզում էին, որ անպայման պետք է մի բան գրեն, որովհետեւ, եթե չգրեն, իրենց աշխատանքից կազատեն»,- ավելացնում է Գ. Համբարձումյանը:
Վերջին անգամ հարկային տեսուչները խանութ են ժամանել այս տարվա հունիսի 2-ին: Հիմնադիր տնօրենը աշխատասենյակից դուրս է եկել այն պահին, երբ հարկայինի աշխատակիցը ձեռքը գցել է ՀԴՄ մեքենային եւ փորձել դեպի իրեն քաշել, իսկ վաճառողուհին փորձել է արգելել նրան եւ ՀԴՄ մեքենան խլել տեսուչի ձեռքից:
Երբ տնօրենը մոտեցել է տեսուչին եւ պահանջել ներկայանալ, վերջինս բավարարվել է միայն հայտարարելով, թե ինքը Արաբկիրի հարկային բաժնի աշխատակից է: Միայն երրորդ պահանջից հետո է տեսուչը ներկայացել եւ ցույց տվել իր վկայականը: Նա պահանջել է «Z» հաշվետվությունը եւ ասել է, թե ցանկանում է մեկամսյա կտրվածքով ֆիսկալային թվերը ստուգել: Նա սկզբում նույնիսկ չի էլ ներկայացրել այն հանձնարարագիրը, որում հստակ գրված է, թե ինչ է ցանկանում ստուգել: Այն ներկայացրել է ՍՊԸ-ի տնօրենի չորրորդ պահանջից հետո:
Տեսուչը խանութից դուրս է եկել, մի քանի րոպե անց վերադարձել է մեկ այլ տղամարդու հետ եւ ավելի բորբոքված տոնով ասել, թե պետք է որոշ ստուգումներ անեն: Տնօրենն այս անգամ էլ կատարել է նրանց պահանջը եւ մեքենայից հանել է հաշվետվությունները: Այդ պահին էլ պարզվել է, որ տեսուչը հաշվետվություններ պահանջելու իրավասություն չի ունեցել եւ հանձնարարագրով պետք է միայն ստուգեր ՀԴՄ մեքենայի շահագործման կանոնները:
Ինչպես Գագիկ Համբարձումյանն է պատմում, տեսուչի հետ ներս է մտել նաեւ մի տղամարդ: Վերջինս ասել է, թե մի քանի ժամ առաջ խանութից առեւտուր է արել, իսկ իրեն ՀԴՄ կտրոն չի տրամադրվել: Երբ վաճառողուհին ասել է, որ կտրոն տվել է, տղամարդը հակադարձել է, թե այո, կտրոնը տպվել է, բայց իրեն չի տրամադրվել:
«Այդ հայկական կապիկությունները, որ անում են, արդեն կշտացրել են: Ուզում եմ բիզնեսս փակեմ, թողնեմ գնամ այս երկրից, որովհետեւ արդեն հնարավոր չէ այսպես շարունակել: Եթե տարեկան 170 մլն դրամի շրջանառություն եմ ցույց տալիս, քանի՞ մլն տարեկան շրջանառություն պետք է ունենամ, երբ խանութներով շրջապատված եմ, որ այլ թվեր ցույց տամ նրանց, իրենք էլ գոհ լինեն»,- հարցնում է Գագիկ Համբարձումյանը:
Խանութի վաճառողուհի Իզաբելլա Պետրոսյանն ասում է, որ իրենց խանութում այնքան հաճախակի են նման իրավիճակներ լինում, որ նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ: «Մենք էլ ուրիշ տեղերում բարեկամներ ունենք աշխատող, հարցնում, հետաքրքրվում ենք, իրենց մոտ ստուգումներ չեն լինում, բայց մեզ մոտ օրական գալիս են»,- նշում է վաճառողուհին:
Իզաբելլա Պետրոսյանը պատմեց այն դեպքը, թե ինչպես է հարկային տեսուչը «գնորդի» իրավունքների պաշտպանության համար ներխուժել խանութ եւ դեպի իրեն քաշել ՀԴՄ մեքենան:
«Առեւտուր էի անում, մի տղա եկավ, սառը սուրճ ուզեց, դռան ապակու արտացոլանքից նկատեցի, որ դրսում մի տղա է կանգնած ու ուշադիր խանութի կողմն է նայում: Սուրճը կտրոնի հետ դրեցի սեղանին: Այդ տղան սուրճը վերցրեց ու, կտրոնը թողնելով սեղանին, միանգամից դուրս գնաց: Անմիջապես հետո դրսում կանգնած տղան ներս մտավ եւ հաշվիչը քաշեց իրեն, թե հաշիվ է հանում: Չթողեցի, որովհետեւ միգուցե գողանար, քանի որ չէր ներկայացել ու չգիտեի, թե ով էր: Հետո իմացանք, որ հարկայինի տեսուչ է»,- պատմում է Ի. Պետրոսյանը:
Նրա համոզմամբ` հենց տեսուչն էր ուղարկել սուրճ գնող հաճախորդին, քանի որ վերջինս հենց տեսուչի կողմն է գնացել, ինչից անմիջապես հետո դրսում սպասող հարկայինի աշխատակիցը մտել է խանութ:
Այդ իրավիճակը դեռ չհարթված` տեսուչը դրսից եւս մեկ հոգու է խանութ բերել: Նա նույնպես ասել է, թե իրեն կտրոն չի տրամադրվել: «Այդ մարդը դրանից մի 2 ժամ առաջ էր առեւտուր արել խանութից, կտրոն տվեցի, նա էլ չէր վերցնում, ասում էր` պետք չի, բայց կտրոնը տպեցի ու տվեցի նրան: Կողքի բաժնից էլ ծխախոտ վերցրեց ու գնաց: Տեսուչների հետ որ եկավ, ասաց, թե կտրոն չեմ տվել: Ուզում էր մոլորեցնել ինձ, որ ասեի, թե կտրոն չեմ տվել: Երբ ապացուցվեց, որ ես կտրոնը տվել եմ, հիմա էլ շուռ եկավ ծխախոտի բաժնի կողմը, թե այնտեղից էլ իրեն կտրոն չեն տվել»,- ավելացրեց Իզաբելլա Պետրոսյանը:
ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Համբարձումյանը լավ գիտի, թե ինչու է հարկայինն իր դեմ «պատերազմ» սկսել: Ըստ նրա` հարկային տեռորը սկսել են նրա համար, քանի որ ինքը «ոչ բարիշում է», ոչ էլ «պապաներ» ու հարազատներ է ման գալիս իր շրջապատում:
«Իմ հարազատ պապան Հայաստանի օրենսգիրքն է: Դա իրենց անհանգստացնում է: Ես այն քչերից մեկն եմ, որ աշխատում եմ օրենքի դաշտում եւ իրենց համար սպիտակ ագռավ եմ դարձել: Ուղիղ չեն ասում, բայց խոսքերով հասկացնում են, որ գնամ բարիշեմ տարբեր մարմինների հետ, որ այնտեղ «պապաներ» ման գամ, որ ինչ-որ մեկը զանգի ասի` այդ գանձարկղին մոտ չգաս, իմ բարեկամն է, կամ ախպեր է, որը ես չունեմ ու չեմ էլ ցանկանում ձեռք բերեմ: Շատ է հնչում, թե ինչու լեզու չեմ գտնում հետները, բայց ի՞նչ լեզու գտնեմ»,- հարցնում է Գագիկ Համբարձումյանը:
ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը վստահաբար ասում է, որ Արաբկիրում ստուգումներն ընտրովի են արվում: Եթե այդպես չէ, ապա տեսուչները թող իրեն ապացուցեն, որ իր շրջակայքում գործող բոլոր խանութներն օրինական հարկատուներ են:
«Գ. Համբարձումյան եւ որդիներ» ՍՊԸ-ն 2 տարվա ընթացքում պետությանը վճարել է մոտ 20 մլն դրամի հարկ: Խանութը զբաղեցնում է ընդամենը 80 քմ տարածք: «Թող ցույց տան իմ կողքի նույն մակերեսով խանութներից մեկին, որ ինձնից շատ հարկ է վճարում,- ասում է Գագիկ Համբարձումյանը եւ հավելում,- մարդիկ տարբեր ձեւով խոչընդոտում են իմ աշխատանքը: Այսօր ՀԴՄ-ն է, վաղը օպեր վարչությունը կգա գույքագրման ստուգում կանի: Այն աստիճանի են հասցրել, որ ցանկություն չունեմ խանութն աշխատացնել, ավելի լավ է փակեմ, թողնեմ գնամ, որովհետեւ ինձ ուրիշ տարբերակ չեն թողել: Հարկային ինչ գործիք ունեն իմ վրա` զգացել եմ, չկա հարկային մի օրենք, որ իմ վրա կիրառած չլինեն: Երբ հարցեր են առաջ գալիս, դիմում եմ պարզաբանման համար, ՀԴՄ-ի հանձնարարական են բացում պարզաբանում տալու փոխարեն: Ծիծաղելի է, որովհետեւ առավոտյան դիմում եմ տալիս հարկայինին, երեկոյան մոտս ստուգման են գալիս»:
Գագիկ Համբարձումյանը գրավոր նամակներ է ուղարկել Արաբկիր ՀՏ-ի պետին եւ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Հարկային ծառայության «թեժ գծով» նույնպես արտահայտել է իր բողոքը: Իրինա անունով աշխատակիցը խոստացել է փոխանցել գործարարի բողոքը պատասխանատուներին, սակայն Գ. Համբարձումյանը չի հավատում, որ իր խնդիրը դրական լուծում կստանա:
«Այսքան ժամանակ աշխատել եմ չլարել իրավիճակը եւ այլ ձեւով լուծումներ գտնել, բայց բոլոր դեպքերում այդ լուծումներն ի վնաս գործատուի են եղել: Մեր սիրելի պետությունը հարկայինի ձեռքին այնքան գործիք է տվել, որ հարկատուի ձեռքը բան չի մնացել: Եթե լարվում ես, այլ գործիք է կիրառում, եւ մենք հակազդելու ոչ մի տարբերակ չունենք: Դատարաններն էլ դարձրել են անիմաստ քաշքշուկի վայր: Նույնիսկ մարդու ծիծաղ է գալիս, գնում ես դատարան, վերջում ժողովրդական բանահյուսության նման դռան տակից ասում են` գիտես, մենք հրահանգ ունենք պետության բյուջեն... Եթե դու միլիարդ տոկոս էլ ճիշտ ես, մենք պետք է հօգուտ պետության որոշենք»,-հավելում է Գագիկ Համբարձումյանը:
Որպես ասվածի ապացույց պատկան մարմինների ուշադությունը ՍՊԸ-ի տնօրենը հրավիրում է վիճակագրական թվերի վրա, թե գործատուն քանի անգամ է ընդդեմ հարկային մարմինների դիմել դատարան եւ քանի գործ է շահել: Ըստ նրա` հնարավոր չէ, որ միշտ հարկային մարմինները ճիշտ լինեն: «Ես վստահ եմ, որ դատերի 80-90 տոկոսը շահում են հարկային մարմինները: Դրա համար Արաբկիրում շատ խանութներ փակվել են, եւ մարդիկ ճիշտ են անում, որ իրենց խանութները փակում, թողնում գնում են այստեղից: Այն տեռորը, որ կատարում են մեր գլխին, ոչ աշխատելու ցանկություն ունենք, ոչ էլ հնարավորություն»:
Հունիսի 20-ից արգելանքի տակ է «Գ. Համբարձումյան եւ որդիներ» ՍՊԸ-ի բանկային հաշիվը: Ֆինանսական միջոցները արգելանքի տակ են դրվել այն բանից հետո, երբ Գագիկ Համբարձումյանը դիմում է գրել Արաբկիրի հարկային բաժնի պետին: «Ամսի 20-ին գնում եմ բանկ, գումար եմ մուծում գալիս եմ, մեկ էլ զանգում ասում են, թե ձեր հաշիվը հարկայինը կալանքի տակ է դրել: Հարկայինի իրավաբանին հարցնում եմ` ինչի՞ չեք ծանուցել, ասում է, թե ծանուցագիր եմ ուղարկել, իսկ իմ գոռգոռոցից հետո ասում է` վայ, հետ է եկել ծանուցագիրը: Այդ ո՞նց է, որ բոլորից գրությունները ստանում եմ, իսկ իրենցը ինձ չհասավ ու հետ գնաց»,- նշում է Գագիկ Համբարձումյանը:
Ֆինանսական միջոցները արգելանքի տակ են հայտնվել այն պատճառաբանությամբ, թե ՍՊԸ-ն չկատարած հարկային պարտավորություններ ունի շահութահարկի գծով: Մինչդեռ դեռեւս 2009-ից ՍՊԸ-ն 1 մլն 554 հազ. դրամ դրական տարբերություն ունի, որը ոչ մի կերպ հարկայինը չի հաշվարկում: ՊԵԿ-ից «Հետքին» տեղեկացրին, որ ռեզիդենտի կողմից նվազագույն շահութահարկի հաշվարկման ընթացակարգը եւ պետական բյուջե վճարման պարտավորությունը սահմանված է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47.1-րդ հոդվածով: Ըստ պարզաբանման` պետք է հաշվի առնել, որ նույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան` նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի եւ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների շահութահարկից, այլ ոչ թե օրենքով սահմանված` ռեզիդենտի շահութահարկի կանխավճարների կատարման կամ շահութահարկի նվազագույն գումարների վճարման պարտավորություններից: «Ընկերության կողմից 2010 թ. տարեկան արդյունքներով ներկայացված շահութահարկի հաշվարկներով առաջացած շահութահարկի նվազագույն գումարների չվճարման արդյունքում էլ առաջացել է պարտավորություն»,- նշված է պատասխանում:
Հարկային մարմինները արգելանք են դրել «Գ. Համբարձումյան եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող բոլոր բանկային հաշվեհամարների վրա: «Վերոնշյալ հանձնարարագիրը եւ որոշումը հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակով 17.06.2011 թ. փոստով առաքվել է ընկերության տնօրենին»,- նշված է պատասխանում: Մինչդեռ Գագիկ Համբարձումյանը պնդում է, որ իրեն չեն ծանուցել:
«Եթե պատվիրված նամակով ինձ ծանուցել են, թող ցույց տան այն կտրոնը, որը ես ստանալու պահին պիտի ստորագրեի, ինչի՞ չեն ներկայացնում»,- նշում է նա: Ինչ վերաբերում է ՀՏ աշխատակիցների ոչ պատշաճ պահելաձեւի մասին մեր հարցին, ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ Արաբկիրի ՀՏ աշխատակիցների կողմից 22.06.11 թ. ընկերությունում կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենայի շահագործման կանոնների ճշտության ստուգում: «Ձեր գրությամբ ներկայացված` տեսուչների պահելաձեւի վերաբերյալ նկարագրությունը չի համապատասխանում իրականությանը եւ նշված փաստին մանրամասն ծանոթանալու համար, քանի որ սրահը ձայնագրվում է տեսախցիկով, կարող եք ներկայացնել Ձեր կողմից տեսախցիկի ձայնագրությունը»:
Գագիկ Համբարձումյանն ասում է, որ խանութի սրահը չի տեսաձայնագրվում, պարզապես իր աշխատասենյակում տեսնում է, թե ինչ է այնտեղ կատարվում: «Եթե իրենք այդ ձեւով են փորձում տեսուչներին արդարացնել, ապա կհանդիպենք դատարանում»,- ավելացրեց ՍՊԸ-ի տնօրենը:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել