
Պանրագործների քաղաքը
Հայաստանի անկախացումից հետո` 1990-ականներին, շատ տաշիրցիների տներ վերածվեցին պանրագործարանների, իսկ Լոռու մարզի Տաշիր քաղաքը` Հայաստանի պանրագործների քաղաքի:
Տաշիրի պետական պանրի գործարանի գլխավոր մասնագետ Ռուբեն Հարությունյանը, գործարանի փակումից հետո ստեղծելով «Դուստր Մելանյա» ՍՊԸ-ն, իր տան բակում հիմնեց փոքրիկ պանրի արտադրամաս:
«Խորհրդային Միության փլուզումից հետո կովերը բաժանվեցին գյուղացիներին, իսկ վերամշակող արտադրամասերը դադարեցին գործել: Մնում էր հիմնել տնական արտադրություն»,- պատմում է «Դուստր Մելանյա» ընկերության պանրի արտադրության պետ Ասատուրը` Ռուբեն Հարությունյանի եղբայրը:
Առանձնատան բակում շարված են մի քանի հարյուր լիտր տարողությամբ կաթսաներ, տան առաջին հարկի սենյակները վերածվել են հսկայական սառնարանների, որտեղ պահեստավորված է պանիրը:
Տաշիրում պանիր սկսեցին արտադրել նաեւ նրանք, ովքեր պանրագործության մասին միայն լսել էին: Տաշիր գնացող երթուղայինի վարորդը չի հիշում մի օր, որ Տաշիրից մարդիկ պանիր չտանեն կամ չուղարկեն: Քաղաքի փողոցներով քայլելիս զգում ես եփած կաթի հոտը: Տաշիրի Կիրովի փողոցի երկայնքով ձգվող տների դարպասներից երբեմն- երբեմն դուրս են գալիս սպիտակ խալաթներով մարդիկ եւ դիմավորում տարաներով կաթ բերած բեռնատարը:
Ասատուր Հարությունյանն ասում է, որ պանրագործությունը Հայաստանում շարունակում է զարգանալ: Պանրագործների քանակի ավելացման տեսակետից, իսկապես, զարգանում է, բայց որակի եւ սննդի անվտանգության հարցերում դեռեւս խնդիրներ կան:
«Շատ գործարարներ պանիր արտադրում են տեխնոլոգիական անթույլատրելի խախտումներով,- օրինակ է բերում պրն Հարությունյանը,- կաթը չեն մանրէազերծում: Եթե չմանրէազերծված կաթի մեջ կա բրուցելոզ առաջացնող մանրէ, ապա այն անցնում է պատրաստի արտադրանքի մեջ: Այն կարող է ոչնչանալ, եթե պանիրը շատ երկար ժամանակ պահվում է աղաջրի մեջ, բայց, օրինակ, «Լոռի», «Չեչիլ», «Սուլուգունի» տեսակները շատ քիչ են պահվում աղաջրի մեջ, եւ վտանգը միշտ կա»:
Պետական վերահսկողությունը սննդի անվտանգության հարցում գրեթե ձեւական է` տարին մեկ անգամ եւ պարտադիր տուգանք: «Այդ մեխանիզմը հարց չի լուծում»,- վստահ է Ասատուր Հարությունյանը:
Սննդի անվտանգության կարեւոր գործոններից է նաեւ փաթեթավորումը: Պանիրը պետք է փաթեթավորել հատուկ սննդային փաթեթներում, այլ ոչ թե ցանկացած պոլիէթիլենային տոպրակում, ինչը շատ հաճախ արվում է:
![]() |
![]() |
Ասատուր Հարությունյանը նաեւ ֆերմեր է: «Դեռեւս ոչ լրիվ իմաստով,- ավելացնում է նա,- անկախացումից հետո մյուս գյուղացիների պես երկու կով ստացա, բայց 15 տարի է չարչարվում եմ, դեռեւս լիարժեք ֆերմա չունեմ»: Նա վստահ է, որ պանրագործության որակը կբարձրանա, եթե լինեն ֆերմաներ, որոնք կաթ կմատակարարեն պանրագործարաններին եւ վերամշակող արտադրամասերին: Այդ դեպքում վերամշակողները գործ կունենան թվով ավելի քիչ հաճախորդների հետ, որոնց հստակ պահանջներ կներկայացվեն կաթի որակի վերաբերյալ: Իսկ հիմա պանրագործներն ամեն օր աշխատում են հարյուրավոր մարդկանց հետ, որոնցից ամեն մեկն օրական 5 կամ 6 կգ կաթ է հանձնում:
Տաշիրում մոտ երեք տասնյակ ֆերմաներ կան` 20 կամ ավելի գլխաքանակով, բայց ֆերմաների մատակարարած կաթի ծավալը կազմում է շրջանի ամբողջ կաթնարտադրության ծավալի ընդամենը 10 տոկոսը:
Լավ ֆերմա ունենալու համար պետք են ներդրումներ, մասնագետներ, հողատարածություններ կերարտադրության համար եւ գենետիկական որակ ունեցող կենդանիներ: «Ֆերմաները պետք է ունենան որոշակի գլխաքանակ, սարքավորումներ, հատուկ պայմաններ: Ֆերման պատեր եւ կտուր չէ, այլ` կաթի արտադրման գործարան: Իմ կարծիքով, սխալ է գյուղացուն պարզապես վարկ տալ, պետք է գիտակ մարդկանց օգնությամբ նախագծեր կազմվեն, ֆերմաներ կառուցվեն եւ տրվեն այն գյուղացիներին, որոնք կուզեն աշխատել եւ հետո 10 կամ 20 տարիների ընթացքում վերցնել այդ գումարը նրանցից: Վերջին տարիներին գյուղացիները վարկեր շատ են վերցնում, բայց չիմացության պատճառով դրանք այնքան էլ նպատակային չեն լինում: Հետո էլ վարկերի տոկոսադրույքները շատ բարձր են. անհնար է գյուղատնտեսական ապրանքներով ապահովել այնպիսի եկամուտ, որ վճարես վարկի 15-16 տոկոս տոկոսադրույքը եւ եկամուտ ստանաս: Նույնիսկ ես, լինելով ավելի ապահով գյուղացի, քան իմ շուրջն են, խուսափում եմ վարկ վերցնել»,- ասում է պանրագործ ֆերմերը:
Տաշիրի պանրագործների շուկան միայն Երեւանն է: Տաշիրի պանրի արտադրամասերը փոքր են արտահանում կազմակերպելու համար, մի մասի ապրանքը հեռու է արտահանման համար անհրաժեշտ չափանիշներից, իսկ մի մասին էլ խանգարում է դրամի արժեւորումը:
Տաշիրից պանիրն արտերկիր արտահանում է միայն «Դուստր Մելանյա»-ն: Ընկերությունն իր արտադրանքի 70 տոկոսն արտահանում է: Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանում ունի գործընկերներ, որոնք պատվիրում են «Լոռի» եւ «Չանախ» տեսակի պանիրներ: Լոս Անջելեսի Գլենդել քաղաքում հայկական պանիր գնում է ազգությամբ մի հայ գործարար հայկական համայնքի համար:
Մեկնաբանել