
«Դուք չեք պատկերացնում, թե եվրոպացի կոմպոզիտորները որքան են հետաքրքրված եղել Տիգրան Մեծով»
«Մենք մեր երկրում չգիտենք, որ մեր Տիգրան Մեծ թագավորի համար օպերաներ են գրվել բազմաթիվ եվրոպացի հայտնի կոմպոզիտորների կողմից»,- ասում է ֆրանսաբնակ օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանը:
Նա անկեղծանում է, որ միայն Ֆրանսիայում է բացահայտել, որ այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Ադոլֆ Հասսեն, Անտոնիո Վիվալդին, Նիկոլլո Պիչչինին և այլք, անրադարձել են Տիգրան Մեծին՝ նրան նվիրելով օպերաներ:
Օպերային երգչի խոսքով՝ գերմանական հրատարակչություններն այժմ հետաքրքված են մասնավորապես Ա. Հասսեի «Տիգրան» օպերայով, և գուցե այն առաջիկայում լույս տեսնի: Միակ խնդիրն այն է, որ օպերան վերջաբան չունի, սակայն դա մեծ դժվարություն չի առաջացնի, քանի որ գործը շատ լավն է, և այժմյան տեսքով էլ կարող է «ապրել»:
«Դուք չեք պատկերացնում, թե եվրոպացի կոմպոզիտորները որքան են հետաքրքրված եղել մեր թագավորով,- ասում է Մ. Ամիրխանյանը: - Եվ ինձ՝ օպերային երգչիս, անհրաժեշտ էր ապրել Փարիզում, որպեսզի հայտնաբերի այս ամենը»:
Հայ մեծ թագավոր Տիգրան Երկրորդի մասին գրել են հատկապես 17-18-րդ դարերի կոմպոզիտորները: Հայտնի է ավելի քան 20 օպերա՝ նվիրված հայոց թագավորին:
Այսպես, Տիգրան Մեծին նվիրված մեզ հայտնի օպերաներից առաջինը Տոմազո Ջովաննի Ալբոնիի գործն է, որն առաջին անգամ ներկայացվել է 1697 թ. Վենետիկում: Ալեսանդրո Սկարլատին գրել է «Տիգրան, թագավոր Հայոց» օպերան, որի պրեմիերան կայացել է 1715 թ. Նեապոլում: Անտոնիո Վիվլադին առաջին անգամ իր «Տիգրան» օպերան ներկայացրել է Համբուրգում 1719 թ.: Իսկ Ա. Հասսեն «Տիգրան» օպերան ներկայացրել է 1723 թ. Նեապոլում:
Մեկնաբանել