
Նաիրա Զոհրաբյան. «Հիմա մենք ապահո՞վ Հայաստան ենք կառուցում, թե՞ ոստիկանական Հայաստան»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ամբիոնից հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ է եւ այդպես էլ քվեարկելու է Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Ըստ նրա` ԲՀԿ-ի համար կարեւոր է, որ Մարտի 1-ի հետ կապված բոլոր այն հարցերը, որոնք այսօր կան հանրության շրջանում, ստանան իրենց պատասխանները:
«Ցավոք սրտի ես Նաստրադամուսը չեմ` ի տարբերություն այստեղ 999.9 պրոբի բազմաթիվ նաստրադամուսների, որոնք հայտարարեցին, թե հանձնաժողովը չի կարող արդյունավետ աշխատել, հանձնաժողովից չպետք է սպասելիքներ ունենալ, սա քննչական մարմին չէ եւ այլն: Նորից եմ կրկնում, ես Նաստրադամուսը չեմ եւ չեմ կարող հնչեցնել գնահատականներ, թե ինչի կհասնի հանձնաժողովը, ինչ արդյունքներ կարձանագրի, բայց որ պետք է խորհրդարանին տալ հնարավորություն` որպես քաղաքական մարմին, պարտավոր է օպերատիվ արձագանքել հանրության ձայնին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը կարծում է, որ հարցը չպետք է քաղաքականացնել, սակայն ասել, որ քաղաքական ամբիոնից չպետք է հնչեն քաղաքական հարցադրումներ, աբսուրդ է: Նա բերեց մեկ օրինակ.
«Ես որպես ԲՀԿ խմբակցության պատգամավոր չպիտի՞ հարցս ուղղեմ քաղաքական տարբեր թափոնների, նրանց ենթակայության տակ գործող տարբեր թերթոնների եւ թերթոնիկների, որոնք այս ողջ ընթացքում փորձում են Մարտի 1-ի հետ կապված տարբեր սլաքներ ուղղել դեպի ԲՀԿ եւ ԲՀԿ-ի տարբեր ներկայացուցիչների կողմը: Մեծ հարգանք ունենալով տարբեր գնահատականների նկատմամբ` ես այդ հարցերը անպայմանորեն բարձրացնելու եմ, կլինեն դրանք իրավական, թե քաղաքական»,-ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը «խայտառակ տառակերությամբ զբաղվողներ» անվանեց նրանց, ովքեր փորձում են հանձնաժողովի ստեղծումը փակուղի տանողներին, եւ այդ երեւույթը քաղաքական մարմնի համար դիտարկեց որպես խայտառակ եւ անընդունելի աշխատաոճ:
«Ինչքանով, որ այս խորհրդարանը ներկայացնում է հանրությանը, ես այստեղ իմ մեծ վերապահումներն ունեմ, այդուհանդերձ, դե ֆակտո իրողությունները հաշվի առնելով` թույլ տանք, որ Մարտի 1-ի հետ կապված հանրության ձայնը հանձնաժողովում քննարկենք».-ավելացրեց պատգամավորը:
Նրա խոսքերով, եթե Երեւանի ավագանու ընտրություններն են քաղաքականացվում եւ Նորքի իրենց պատասխանատուին հրավիրում «քաղմաս»` 2009թ. դեպքերի հետ կապված միջադեպով, ապա ինչպես հնարավոր կլինի այս հանձնաժողովում խուսափել նմանատիպ հարցերից, թեեւ ինքը կողմնակից չէ հարցի քաղաքականացմանը:
«Աբսուրդը հասել է նրան, որ 5 տարի առաջ կատարված դեպքով դատաբժշկական փորձաքննության են կանչել եւ զգուշացրել, որ հեռու մնա ԲՀԿ-ից, այլապես խնդիր կունենա ոստիկանության հետ: Հիմա մենք ապահո՞վ Հայաստան ենք կառուցում, թե՞ ոստիկանական Հայաստան, ո՞վ է տալու այս հարցերի պատասխանները»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա կոչ արեց խորհրդարանին կողմ քվեարկել որոշման նախագծին եւ ստեղծել ժամանակավոր հանձնաժողովը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել