
Գերմանիան Մինսկի խմբում ընդգրկելու Թուրքիայի ջանքերը բացասական են հայկական կողմի համար
Քանի որ Հայաստանը չհամաձայնեց, որ Թուրքիան ընդգրկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներում, այժմ Թուրքիան փորձում է պարզապես խաթարել Մինսկի խմբի եռանախագահների աշխատանքը և վերջերս կատարում է լոբբիստական աշխատանքներ՝ եռանախագահների կազմը փոփոխելու և դրանում Գերմանիայի ընդգրկվելու նպատակով: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Առաջին հայացքից՝ ինչո՞ւ ոչ. Գերմանիան՝ Եվրամիության ամենահզոր երկիրը, ինչպե՞ս կարող է չունենալ իր ներգրավվածությունը այդ հարցում: Բայց մյուս տեսանկյունից մենք շատ լավ գիտենք թուրքական ազդեցությունը Գերմանիայի վրա և գերմանական ոչ միանշանակ հարաբերություննները Վրաստանի ու Ադրբեջանի հետ: Ուստի, ես չեմ կարծում, որ այս առումով մենք շահեկան դիրքում կգտնվենք»,- ասաց Արտակ Շաքարյանը:
Նրա կարծիքով՝ Արցախի հիմնախնդրի լուծման հարցում եռանախագահների Ֆրանսիա-ԱՄՆ-Ռուսաստան կազմն արդարացնում է իրեն, և այդ կազմը փոփոխել չի կարելի:
Արտակ Շաքարյանը նշեց, որ սկսած 2009-ից՝ Թուրքիայի հստակ քաղաքականությունն է հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորել ոչ թե Անկարայի դժկամությամբ, այլ Արցախի հիմնահարցին լուծված չլինելով՝ մեղքը բարդելով Հայաստանի վրա:
Մեկնաբանել