
Ինչու և ինչպես եղան ապրիլի 9-ի բախումները
Գերլարված այն իրավիճակը, որն առաջացավ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի շրջակայքում, որի արդյունքում մի քանի երիտասարդներ բերման ենթարկվեցին ոստիկանություն, իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բառի բուն իմաստով ծեծվեց ներքին զորքերի զինծառայողների կողմից, հասունացվել էր Ազատության հրապարակում` ապրիլի 9-ի ճակատագրականության գաղափարախոսության հենքի վրա:
Այն պահից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց Րաֆֆիի այլընտրանքային ինագուրացիայի կազմակերպման գաղափարը, «Բարևի շարժումը» ծավալվում էր բացառապես այդ օրվան ընդառաջ, կարելի է ասել` հանուն միայն այդ օրվա: Թե՛ հասարակությանը մոբիլիզացնելուն և թե՛ իշխանության հետ երկխոսության եզրեր գտնելուն ուղղված բոլոր գործընթացների գեներատորի հիմքում միմիայն ապրիլի 9-ի գաղափարն էր: Ապրիլի 9-ը վերջնական նպատակակետն էր, իսկ թե ինչ էր լինելու դրանից հետո, մինչև վերջին պահը ոչ ոք նկարագրել, ձևակերպել չէր ցանկանում:
Մյուս կողմից` ինքնին երդմնակալությունը ենթադրում է քաղաքացիական անհնազանդություն: Առանց դրա այն կորցնում է իր քաղաքական նշանակությունը, և դա հրաշալի հասկանում էր նաև Հովհաննիսյանը: Հենց դա էր պատճառը, որ երդվելուց հետո նա հայտարարեց, թե չի ճանաչում Սերժ Սարգսյանի և նրա վարչակարգի իշխանությունը: Ակնհայտ է, որ եթե անհնազանդությանը միտված այս հայտարարությունը գործնական որևէ դրսևորում չունենար, հենց այդ պահին Հովհաննիսյանը, ուղղակի թե անուղղակի, հասկանալի էր դարձնելու, որ այդ ամենն ընդամենը քաղաքական-քարոզչական շոու է: Ահա թե ինչու նա որոշեց իր փաստացի նախագահ լինելը, Սերժ Սարգսյանի իշխանությունը չճանաչելը ապացուցել գործնականում` դեպի Բաղրամյան պողոտա մի քանի անգամ կազմակերպված «գրոհի» միջոցով:
Սակայն դրանք, մեծ հաշվով, ուղղակի փակուղի էին մտցնում շարժումն ընդհանրապես, որովհետև չնայած քաղաքացիական անհնազանդության տարրերի կիրառմանը, որը անկասելիորեն ենթադրում է բախում գործող իշխանության հետ, Հովհաննիսյանը պատրաստ չէր դրան և չէր կարող նման զարգացումների համար լիարժեք պատասխանատվություն ստանձնել` հաշվի առնելով 2008թ. մարտի 1-ի ողբերգական դասերը և բնավորության առանձնահատկությունները: Այսինքն՝ Հովհաննիսյանը հայտնվել էր փակուղային մի իրավիճակում, որից դուրս գալու միակ ելքը մնում էր հերթական ինքնազոհողության գնալը: Քանի որ հացադուլը, որպես ինքնազոհողության մեթոդ, այլևս կիրառելի չէր կարող լինել, մնում էր միայն մեկ միջոց՝ հասնել ոստիկանության կողմից ձերբակալությանը:
Դա երկու զուգակցված նպատակ էր հետապնդում. մի կողմից՝ այդ ձերբակալությունը վերածվելու էր «մարտիրոսացման»: Հովհաննիսյանը փորձում էր կիրառել այն մեթոդը, որ ժամանակին հաջողություն բերեց Մահաթմա Գանդիին: Այդպիսով նա ձգտում էր վերածվել լեգենդի և դրանով նոր թափ հաղորդել շարժմանը և ապահովել դրա երկարակեցությունը: Երկրորդ` սա նշանակելու էր, որ Հովհաննիսյանը, կամա թե ակամա, մեկուսանալու էր իրադարձություններից, հետևաբար նաև խուսափելու էր հետագա իսկապես խիստ անկանխատեսելի զարգացումների համար պատասխանատվությունից` «ես իմ անելիքն արեցի, մնացածը ձեր գործն է» սկզբունքով: Սա կարող էր անձամբ իրեն` Հովհաննիսյանին, դուրս բերել փակուղուց, սակայն դժվար է ասել, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ, եթե ոստիկանությունը նրան ձերբակալելու որոշում ընդուներ, այսինքն՝ աներ այն, ինչ ուզում էր հենց Հովհաննիսյանը:
Բայց քանի որ դա տեղի չունեցավ, ամեն ագամ Հովհաննիսյանը ստիպված էր գնալ զիջումների: Դա տեղի ունեցավ թե՛ Պռոշյան փողոցում` ոստիկանության կառուցած պատնեշը հաղթահարել չկարողանալու և թե՛ երեկոյան հանրահավաքից հետո դեպի Բաղրամյան պողոտա կայացած և չարտոնված երթի ժամանակ, երբ կրկին բախվելով ոստիկանության ուժերի կառուցած պատնեշին՝ նա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ բանակցություններից հետո, ի վերջո, առանց տաքացած զանգվածին տրամադրելու, մի քանի հոգու ուղեկցությամբ առանձնացավ երթից ու, չգիտես ինչ տրամաբանությամբ, գնաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` փաստացի այդ պահին ամեն ինչի պատրաստ զանգվածին մեն-մենակ, առանց ղեկավարության թողնելով ոստիկանության ուժերի առջև:
Դժվար է ասել` եթե այնտեղ մնացած նրա կողմնակիցների զգուշավորությունը և ոստիկանական պատնեշից մարդկանց մի քանի մետր չհեռացնելու` տվյալ պահին չափազանց կարևոր որոշումը չլիներ, ինչ կարող էր տեղի ունենալ, և ինչպես էր կարողանալու Հովհաննիսյանն արդարացնել իր` որևէ տրամաբանության չենթարկվող քայլը: Ուշ երեկոյան Հովհաննիսյանին, ի վերջո, հաջողվեց հասնել ցանկալի Բաղրամյան 26 հասցե և վերադառնալ Ազատության հրապարակ: Սակայն ի՞նչ տվեց դա նրան և շարժմանը՝ դժվար է ասել: Որովհետև ինչպես դրանից առաջ ոչ ոք չգիտեր` ինչ է լինելու հետո, այնպես էլ հիմա՝ նման բախումների ֆոնին, չգիտի այդ հարցի պատասխանը:
Փաստացի այն պլանը, որը դրել էր իր առջև Հովհաննիսյանը երեկ տապալվեց և կարելի է ասել` տապալվեց գրեթե վերջնականապես: Եթե անգամ շարժումը շարունակի ծավալվել իներցիայի ուժով, ինչն առավել քան անհրաժեշտ է հանրային տրամադրությունները գեներացնելու և սկսված վերարթնացման պրոցեսի շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ապա այն Հովհաննիսյան-գործոնի հետ այլևս կապ ունենալ չի կարող, որովհետև Հովհաննիսյանն ինքը կարծես թե համառորեն փորձում է կտրել այդ կապը: Այս մեկ օրվա ընթացքում խտացված կերպով դրսևորվեցին Հովհաննիսյան քաղաքական գործչի և առաջնորդի բոլոր բացասական հատկանիշները. անկանխատեսելիությունը, պահի տակ որոշումներ կայացնելու հակումը և դրանց համար պատասխանատվությունը չափազանց ուշ գիտակցելը, խիստ զգացմունքայնությունը, զանգվածներին կառավարելու փոխարեն զանգվածի, ավելի ճիշտ՝ իր շրջապատի ազդեցություններին տրվելը, պլանավորված չգործելը և այլն: Դեռ առավոտյան նա հայտարարել էր, թե երեկոյան կայանալիք հանրահավաքին ունենալու է ծրագրային ելույթ` հետագա անելիքների վերաբերյալ: Բայց պարզվեց, որ այդ ծրագրի ողջ էությունը միայն դեպի Բաղրամյան պողոտա երթ անցկացնելն էր, ընդ որում՝ հրապարակում «հիմա, հիմա» վանկարկումների ազդեցության ներքո:
Հ.Գ. Կեսօրից հետո Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում երիտասարդ ակտիվիստների, ապա երեկոյան արդեն հանրահավաքի մասնակիցների հետ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած միջադեպերը բոլոր դեպքերում ի հայտ բերեցին մի կարևոր իրողություն. ոստիկանության ձեռագիրը, հատկապես ակնհայտ սադրիչներին հանրահավաքի մասնակիցներից, ակտիվիստներից տարբերակելու հարցում, լուրջ փոփոխություններ չի կրել: Այն վայրենի վերաբերմունքը, որին արժանանում էին բերման ենթարկվող քաղաքացիները, բնորոշում է ոստիկանության կողմից իր առաքելությունը` քաղաքացիների կյանքի, անվտանգության ապահովումը և իրավունքների պաշտպանությունը դեռևս խորապես չգիտակցելու իրողությունը: Սա ուժի հերթական և ցինիկ ցուցադրություն էր:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել