
Ազատության հրապարակում հավաքվածները Րաֆֆի Հովհաննիսյանից իրենց դժգոհությունն արտահայտեցին սուլոցներով
Այս պահին Ազատության հրապարակում ելույթ է ունենում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մենք հաղթել ենք»,- ասաց նա:
«Ամեն մեկը մի խորհուրդ է տալիս: Ես ընդունում եմ ձեր խորհուրդը: Դուք էլ, սիրելի հայրենակիցներ, ընդունեք իմ համեստ, իմ սիրո, իմ նվիրական խորհուրդը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հավաքվածները վանկարկեցին՝ «հիմա»:
«Հայրենիքը հիմա է, և հայրենիքը հիմա-ի հետ մեկտեղ, հիմա-ի ընկերը, հիմա-ի բարեկամը հավերժ-ն է: Թող ոչ մեկը հիմա-ն հավերժ-ի հետ չփոխի: Թե հիմա, թե հավերժ Հայաստան: Հիմա հավերժ Հայաստան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հավաքավածները վանկարկեցին՝ «հիմա, հավերժ Հայաստան»:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում ժողովրդին կներկայացնի «Բարև Երևան» դաշինքի ծրագիրը, ինչին ի պատասխան՝ Ազատության հրապարակում հավաքվածները սուլեցին:
«Ի՞նձ եք սուլում»,- հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հավաքվածներն արձագանքեցին՝ «հիմա»:
Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնեց, որ իրենք կհավաքվեն ապրիլի 12-ին: Մարդիկ նորից սուլեցին: Հավաքավածները դժգոհ են, և ասում էին՝ հիմա: Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց վանկարկել «Հայաստան»:
Նա մարդկանց կոչ արեց լսել իրեն, քանի որ մարդիկ ապրիլի 12-ին հավաքվելու կոչը լսելուց հետո անընդհատ սուլում էին:
«Կարող եք իմ վրա սուլել, բայց հիմա մի րոպե լռություն: Ուրբաթ օրը՝ ժամը 6-ին, մի ժամ ես ձեզ ներկայացնելու եմ Հայաստանի ապագա իշխանության պատկերը ձեր թույլտվությամբ և ձեր քվեով: 2-րդը՝ ես ձեզ ներկայացնելու եմ «Բարև Երևան» դաշինքը»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:
Մարդիկ նրան ընդհատեցին և սկսեցին նորից սուլել:
«Ես թույլ չեմ տալու, որ որևէ հայ մարդ Հայաստանի Հանրապետությունում արյուն թափի: Ոչ մի արյուն... Եթե դուք պատրաստ եք ինձ հետ, ես էլ ձեզ հետ կտանեմ այդ պայքարը մինչև վերջ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մարդիկ նորից վանկարկեցին՝ «հիմա»:
«Իշխանական կերուխումը վերջացել է: Իրենց կերած-խմածը անուշ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մարդիկ նորից վանկարկեցին՝ «հիմա»:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց արձակել ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին և ոստիկանությունում գտնվող մյուս ակտիվիստներին:
Նա ասաց, որ ոչ մի տեղ չի գնալու «ժողովորդի և մեր հաղթանակի կողքից»:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը հավաքվածների վերաբերմունքից հասկանում է, որ այսօր ՀՀ քաղաքացու և հայ ժողովրդի ճշմարտության պահն է: Չկան հայրենիք, հանրապետություն, Արցախ, Սփյուռք, «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, այլ հայ ժողովուրդն է, հայոց քաղաքացին է: «Այսօր մեր ազգային միասնության տոնն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մեկնաբանել