
Վանա կատվի հարցն ավելի բարդ է, քան հայկական գամփռինը
Ապրիլի 7-ին Երևանում անցկացվելու է բոլոր ցեղատեսակների շների միջազգային ցուցահանդես՝ «Հայաստանի սուպեր գավաթ»: Ցուցահանդեսը նվիրված է հայկական գելխեղդի (գամփռի)՝ Միջազգային կինոլոգիական միության (ՄԿՄ - International Kennel Union) կողմից որպես Հայաստանի ազգային ցեղատեսակ ճանաչվելու 2 տարվան:
Ցուցահանդեսը, որը կազմակերպում է Հայաստանի կինոլոգիական կինոլոգիա-սպորտային միությունը, երաշխավորում է ՄԿՄ-ն: Ցուցահանդեսին լինելու է մեկական դատավոր Անգլիայից և Ֆինլանդիայից:
Հայաստանի կինոլոգիական կինոլոգիա-սպորտային միության նախագահ, 2010-ից ՄԿՄ որակավորում ունեցող Հայաստանում միակ միջազգային կարգի կինոլոգ-դատավոր Վիոլետա Գաբրիելյանը ավելի քան 15 տարի աշխարհում գործող կինոլոգիական կազմակերպություններին ուղարկում էր նամակներ, գիտական հոդվածներ, որոնք ապացուցում էին, որ հայկական գամփռն ապրել է ամբողջ Հայկական լեռնաշխարհում և բնիկ հայկական ցեղատեսակ է:
2009-ին ՄԿՄ-ն արձագանքեց այդ նամակներին: Հայաստանի կինոլոգիական միության հետ ևս 2 տարի տևած փոխադարձ այցերից, հայկական գամփռը նկարներով, քարտեզներով, գենետիկական հետազոտության տվյալներով ներկայացնելուց, ՄԿՄ-ի կողմից Հայաստան այցելելուց, հետո դարձյալ բանակցություններից հետո ՄԿՄ ցեղային հանձնաժողովը 2011-ին գամփռը գրանցեց որպես հայկական ցեղատեսակ՝ ծագման երկիրը նշվելով Հայաստանը:
![]() |
Վիելոտա Գաբրիելյան |
Վիոլետա Գաբրիելյանը ենթադրում է, որ Հայաստանում կա 2-2,5 հազար հատ հայկական գամփռ, ինչը շատ լավ ցուցանիշ է և նշանակում է, որ այս ցեղատեսակը վերանալու վտանգի տակ չէ: Հայաստանի կինոլոգիական միության մաս է կազմում Վանաձորի «Մխիթար» բուծարանը, որը բազմաթիվ հայկական գամփռներ ունի: Մարզերում ևս շատ ընտանիքներ սերունդներով պահում են այդ կենդանուն:
Վիոլետա Գաբրիելյանի խոսքով՝ գամփռի հայկական ճանաչվելուց հետո Հայաստանում է՛լ ավելի են մեծացել այդ կենդանու նկատմամբ ուշադրությունն ու պահանջարկը: Երկու տարի է, Կինոլոգիական միությունում հաշվառված հայկական գամփռների ձագերը համարակալվում են, ունեն տոհմային սերտիֆիկատ և դաջվածք:
Հայկական գամփռի միջին քաշը 75 կգ է, ունի խոշոր, վերևի մասում տափակ գլուխ, ոտքերը ուղիղ են: Ցանկալի է՝ ունենա սև մռութ, կարող է լինել բոլոր գույների՝ բացի շագանակագույնից (շագանակագույնը շների աշխարհում համարվում է խոտան և չի ողջունվում): Ատամնաշարը պետք է լինի շատ սպիտակ, և վերին ատամնաշարը ծածկի ստորինը, ինչպես մարդկանց դեպքում: Հայկական գամփռը ապրում է միջինը 15-17 տարի:
«Մեր շունը աշխատող շուն է. նա պիտի գայլի դեմ կռվի, տանը պահապան կանգնի, ասենք եթե գայլը հարձակվում է ոչխարների վրա: Միայն աչքերի մեջ նայելով՝ արդեն պարզ է դառնում, որ այսպես չէր կարող մարդը ստեղծել, միայն բնությունը կարող էր այսպիսի հրաշք ստեղծել»,- ասում է Վիոլետա Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ հայկական գամփռի մասին հիշատակվում է Տիգրան Մեծի ժամանակից: Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին իրենց գրվածքներում նկարագրել են շների, որոնք արտաքինով համապատասխանում են հայկական գամփռին:
հայկական գամփռ, լուսանկարը՝ kinologia.am-ից |
Վիոլետա Գաբրիելյանը կարծում է, որ հայկական գամփռը կոնյակին, լավաշին, գորգին հավասար պետք է լինի Հայաստանի բրենդը, քանի որ երբ ինքը գնում է տարբեր երկրներ՝ դատելու շների մրցույթները և ասում է, որ «Հայաստանից է», կինոլոգներն արձագանքում են. «Գամփռի երկրի՞ց»: «Դա բրենդ է արդեն»,- ասում է Վիոլետա Գաբրիելյանը:
Ի տարբերություն հայկական գամփռի, որն ապրում էր ամբողջ Հայկական լեռնաշխարհում՝ և Արևմտյան, և Արևելյան Հայաստանում՝ վանա կատուն ապրել է միայն Վանա լճի արեալում, և դա շատ բարդացնում է հայերի՝ կատվին ուղղված հավակնությունները:
1971թ. թուրքերը Fédération Internationale Féline-ում (FIFe - Կատուների միջազգային ֆեդերացիա) վանա կատուն գրանցել են որպես թուրքական ցեղատեսակ՝ «թուրքական վանա կատու» (Turkish Van Cat) անունով: Վիոլետա Գաբրիելյանի հավաստիացմամբ՝ մինչ այդ կատուն տարբեր գիտական հոդվածներում կոչվում էր վանա կատու, որոշ տեղերում՝ հայկական վանա կատու:
Վիոլետա Գաբրիելյանը նաև կենդանի սիրողների «Արագիլ» ակումբի նախագահն է: «Արագիլը» 1994-ից ի վեր ունի կատվասերների բաժին և այդ թվականից վանա կատվի մասին գիտական հոդվածներ է ուղարկում կատվագիտությամբ զբաղվող բոլոր եվրոպական կազմակերպություններին, անհատներին՝ պահանջով, որ «թուրքական վանա կատու» անվանումից հանվի «թուրքական» բառը, իսկ կենդանու ծագման վայրը նշվի ոչ թե «Թուրքիա», այլ «Պատմական Հայաստան և ժամանակակից Թուրքիա»:
Վիոլետա Գաբրիելյանի խոսքով՝ նախ, ՀՀ-ում պետականորեն գրանցված ազգային կենդանիների (օրինակ՝ գորշ կով, հայկական մուֆլոն, հայկական գամփռ) ցանկում պետք է ընդգրկվի նաև վանա կատուն: «Եթե վանա կատուն մեր պետությունը չճանաչի որպես ազգային կենդանի, ոչ մի կազմակերպություն չի կարող գրանցել: Մենք միայն կարող ենք պայքարել, գրել, որ «turkish» բառը հանեք, և հիմնավորենք՝ ինչու»,- ասում է Վիոլետա Գաբրիելյանը:
Նա բազմիցս հանդիպել է բնապահպանության նախարարության մասնագետներին, ովքեր ասել են, որ հարցը դեռ պետք է մի կողմ դնել, քանի որ բարդ է: Նա դիմել է նաև գյուղնախարարությանը, վարչապետի ապարատին, քաղաքապետարանին՝ խնդրելով աջակցել իրենց կազմակերպությանը, որ հայկական գամփռի, վանա կատվի բուծարան ստեղծվի, այդ ցեղատեսակների մասին տեղեկատվական նյութեր տպագրվեն: Նրան պատասխանել են, որ շատ ավելի առաջնահերթ խնդիրներ կան:
Վանա կատուն միակ կատուն է, որ կարող է լողալ և որսալ վանա տառեխը, մատների արանքում ունի լողաթաղանթ: Վանա կատուն սպիտակ է՝ պարտադիր ծիրանագույն նշաններով ականջների հատվածում, իսկ պոչը լրիվ ծիրանագույն է, մեջքի վրա կարող է ունենալ ծիրանագույն նշան: Նրա աչքերը կարող են լինել կամ մեկը դեղին, մյուսը կապույտ, կամ երկուսն էլ մեղրագույն: Փողոցի սպիտակ կատուն էլ կարող է ունենալ տարբեր գույնի աչքեր (օրինակ՝ կանաչ և կապույտ), բայց չի նշանակում, որ դա վանա կատու է:
Ըստ լեգենդի՝ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ մուկը փորձել է կրծել նոյյան տապանի հատակը, իսկ վանա կատուն, սպանելով մկանը, կանխել է տապանի խորտակվելը: Աստված օրհնել է վանա կատվին՝ մարդկությանը փրկելու համար, և շոյել գեղմը՝ արևի գույնը թողնելով ականջների ու պոչի հատվածում: Գունավորված հենց այս մասերն են, որ մնում են ջրի մակերեսի վրա, երբ կատուն լողում է Վանա լճում:
![]() |
![]() |
վանա կատու, լուսանկարը՝ kinologia.am-ից |
Վանա կատուն կարող է ապրել շատ երկար՝ 20-24 տարի: Սա աբորիգեն (բնական, առանց մարդու միջամտության ստեղծված) կատու է, որը գենետիկ հիվանդություններ չունի: Վանա կատուն լինում է 10-12 կգ:
Վիոլետա Գաբրիելյանի խոսքով՝ այժմ թուրքերը մաքրացեղ վանա կատուներին միտումնավոր խաչասերում են սպիտակ անգորա կատվի հետ, ինչի հետևանքով վանա կատուն կորցնում է պոչի ու ականջների հատվածի ծիրանագույնը և լողալու հատկությունը: Ստացվում է լրիվ սպիտակ կատու, որը թուրքերն անվանում են «թուրքական վանա կատու»:
Այն հարցին, թե արդյոք թուրքերը վտանգ չե՞ն տեսնում, որ դրա հետևանքով փողոցի սպիտակ կատուն էլ կարող է կոչվել «թուրքական վանա կատու», Վիոլետա Գաբրիելյանը պատասխանում է. «Իրենց պետք է այսօր այսպես՝ այսպես են անում: Վաղը պետք լինի սև գույնի ներկել, իրենք կներկեն սև գույնի»:
Մաքրացեղ հայկական վանա կատուն վերացող տեսակ է: Ամենամեծ թվով մաքրացեղ վանա կատուներ այժմ կան Հոլանդիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում:
Անկախությունից հետո առաջին անգամ վանա կատու Հայաստան բերվել է 1993թ. ԱՄՆ-ում գտնվող բուծարանից: Հետագա տարիների ընթացքում Հայաստան էլի վանա կատուներ են բերվել ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Բրազիլիայից, բազմացվել:
Այսօր Հայաստանում մաքրացեղ վանա կատուների թիվը հասնում է մոտ 100-ի, որը շատ փոքր թիվ է: Վիոլետա Գաբրիելյանը կանխատեսում է, որ դրանք կավելանան, քանի որ Հայաստանում վանա կատու ունեցող անհատները կապված են իրար հետ և բազմացնում են կենդանուն: Մասնագետն անհրաժեշտ է համարում, որ Հայաստանում պետության հովանավորությամբ ստեղծվի վանա կատուների բուծարան:
Վիոլետա Գաբրիելյանի կարծիքով՝ երկիրը կարող է առավելություններ ստանալ, եթե իր բրենդը լինի որևէ կենդանի: Օրինակ՝ Թուրքիան վանա կատուն դարձրել է իր բրենդը, որն օգտագործում է նաև քաղաքական նպատակներով: Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու բացման ժամանակ թուրքերը տարածել էին բուկլետներ, որոնց վրա որպես վանա կատու նկարված էր լրիվ սպիտակ կատու և գրված, որ «Թուրքիայի՝ կենդանիների նկատմամբ լավ վերաբերմունքը ուղիղ ճանապարհ է դեպի Եվրամիություն»: Եկեղեցու բացմանը ներկա հայերը ՀՀ վերադառնալուց հետո մասնագետների հետ չքննարկեցին խնդիրը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել