
Ղուզե Ճարտար գյուղը նոր մանկապարտեզ ունի
Երեկ ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում հանդիսավորությամբ բացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության հովանավորությամբ կառուցված մանկապարտեզը:
Ծրագիրն իրականացվել է «Լուդենդո Գրուփ» ընկերության նախագահ Ժան-Միշել Գրինբերգի եւ «Բերենիկ եւ Եվրելիա» ընկերության նախագահ Միշել Փազումյանի նվիրատվություններով` ի հիշատակ հիմնադրամի բարերար Էմանուել դե Լաբարրի, ով կյանքի վերջին տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված է եղել Հիմնադրամի արցախյան ծրագրերում:
Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, կառավարության անդամներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը, այդ թվում եւ Ֆրանսիայից ժամանած բարերարներ:
Գյուղը մանկապարտեզի կարիք ուներ դեռեւս 1988 թվականից, երբ Ղուզե Ճարտարը, որպես վարչական միավոր, առանձնացավ հարեւան Ճարտար գյուղից: Մինչ նոր շենքի կառուցումը ընդամենը 40 երեխա էր հաճախում մանկապարտեզ, որը գործում էր դեռեւս 1930-ականներին կառուցված դպրոցի նախկին շենքում եւ զբաղեցնում երկու դասասենյակ:
Երկհարկանի նորակառույց մանկապարտեզի թե արտաքին ձեւավորումը եւ թե ներքին հարդարանքն ու կահավորումը առանձնահատուկ գրավչություն ունեն: Մանկապարտեզն ունի գեղեցիկ ու հարմարավետ խաղասենյակներ, ննջարաններ, հանդերձարաններ, կենցաղային տեխնիկայով հագեցած խոհանոց, լվացքատուն, բուժկետ, սանհանգույցներ: Մանկապարտեզն ապահովված է նաեւ կենտրոնական ջեռուցման եւ օդափոխության համակարգերով: Երեխաներն իրենց բացօթյա ժամանցը կարող են անցկացնել արդեն իսկ բարեկարգ խաղահրապարակում:
Շնորհակալություն հայտնելով բարերարներին` մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Հարությունյանը ասաց. «Տարիներով փայփայած մեր երազանքն արդեն իսկ իրականություն է, ու այսօր մեր փոքրիկները դառնում են այս հրաշալի դղյակի տերերը»: Նրա խոսքով` կրթօջախն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 80 երեխայի: Ներկայումս քննարկվում է մանկապարտեզի կրթական ծրագիրը:
«Մեր մանուկների կրթության ու դաստիարակության համար բարվոք պայմանների ստեղծումը այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է նրանց ապագան»,- ասում է ՙՀայաստան՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ողջունեց հյուրերին ու նշեց, որ Ղուզե Ճարտարը ամենամեծ համայնքն է ԼՂՀ-ում եւ բարեկարգման ծրագրերն այստեղ կշարունակվեն:
Ղուզե Ճարտարը ԼՂՀ Մարտունու շրջանի 40 գյուղերից մեկն է եւ գտնվում է ադրբեջանական սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա: Այն այսօր ունի շուրջ 1800 բնակիչ:
Մեկնաբանել