
Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտորն աշխատակիցներին է մեղադրում իրեն վերագրված իրավախախտումների մեջ
Մարդու իրավունքների պաշտպանի գրավոր միջնորդության հիման վրա անցյալ տարվա մայիս-հունիսին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ) ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի մասնակցությամբ իրականացված` ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքում Աշխատանքի պետական տեսչությունն արձանագրել է աշխատանքային օրենսդրության մասսայական խախտումներ. ստուգման արդյունքում կազմված վարչական իրավախախտման մասին արձանագրության համաձայն` ռեկտորի կողմից խախտվել են Աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքի /14. 12. 2004 թ. N 20-125-8/ 2-րդ, 3-րդ, 4-րդ հոդվածի, Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 8-րդ կետերի, 95-րդ հոդվածի 1-ին մասի , 84.1-րդ հոդվածի, 105-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 139-րդ հոդվածի 3-րդ մասի, 146-րդ հոդվածի 1-ին մասի, 142-րդ հոդվածի 2-րդ մասի, 144-րդ հոդվածի 1-ին մասի, 184-րդ հոդվածի, 185-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Պարզվել է, որ բուհի` 24-ժամյա աշխատաժամանակով հերթափոխով աշխատող կաթսայատան 6 օպերատորների` շաբաթվա ընթացքում փաստացի կատարած աշխատանքի տևողությունը գերազանցել է օրենքով սահմանված 48 ժամը, իսկ սեզոնի ընթացքում արտաժամյա աշխատանքի տևողությունը` տարեկան թույլատրելի 180 ժամը: Գիշերային աշխատանքի համար պահակներին տրվող հավելումների չափը 50 տոկոսով նվազեցնելու արդյունքում 3 պահակների պակաս է վճարվել ընդհանուր գումարով 1 մլն 596 հազար դրամ աշխատավարձ: Շաբաթ` օրենքով սահմանված հանգստյան օրն աշխատեցնելով` աշխատողներին չի վճարվել այդ օրվա աշխատանքի համար` կրկնակի ժամային դրույքաչափով` ընդհանուր 1 մլն 170 հազար 118 դրամ աշխատավարձ: Հանգստյան օրը կատարած աշխատանքը միաժամանակ չի դիտարկվել նաև արտաժամյա աշխատանք, և արդյունքում ժամային դրույքաչափից բացի չի վճարվել նաև 50 տոկոսի չափով հավելում` 696 հազար դրամ աշխատավարձ: 6 դասախոսի աշխատանքի էական պայմանների փոփոխման մասին նրանց չի ծանուցվել օրենքով սահմանված ժամկետներում, և այդ ժամկետները չպահպանելու համար նրանց չի վճարվել սահմանված տուժանք` ժամետանց յուրաքանչյուր օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով` ընդհանուր 1 մլն 121 հազար 866 դրամ:
Խախտումներ են արձանագրվել նաև աշխատանքային պայմանագրերի ժամկետների վերաբերյալ. կառուցվածքային միևնույն ստորաբաժանման կամ տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների միևնույն խմբի աշխատողների հետ կնքվել են` մի դեպքում անորոշ, մյուս դեպքում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր: Ուսումնական տարվա ավարտին աշխատողներն ազատվել են աշխատանքից, իսկ հաջորդ ուստարվա սկզբին նրանց հետ նորից պայմանագիր է կնքվել: Աշխատողների հետ կնքվել են որոշակի ժամկետով` մինչև 1 տարի, 1 ուսումնական տարի, աշխատանքային պայմանագրեր, և դրանց գործողության ժամկետները շարունակաբար երկարաձգվել են. նշված պայմանագրերով ուսումնական աշխատանքները կրել են կայուն շարունակական բնույթ` չնայած դրանց որոշակի բնույթին: Իսկ անորոշ ժամկետով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվողների հետ պայմանագրեր են կնքվել որոշակի ժամկետով: Աշխատանքի պետական տեսչությունը որոշում է կայացրել ռեկտորի` որպես խախտում թույլ տված անձի նկատմամբ նշանակել վարչական տույժ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժն առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակում կիրառելու սկզբունքով` նախազգուշացումից բացի ռեկտորի նկատմամբ նշանակվել է նաև տուգանք` արտաժամյա և հանգստյան օրերին կատարած աշխատանքի համար աշխատողներին չվճարված 3 մլն 462 հազար 118 դրամ աշխատավարձի ¼-ի չափով` 865 հազար 530 դրամ:
Հարուցվել էր վարչական վարույթ, բայց գործի քննության տեղի, ժամանակի, վայրի մասին պատշաճ ծանուցված ռեկտորը չէր ներկայացել վարույթին: Նաև օրենքով սահմանված ժամկետներում չէր վճարել տուգանքը և չէր բողոքարկել իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը:
Նշանակված տուգանքը ռեկտոր Խաչատրյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձելու համար Աշխատանքի պետական տեսչությունը դիմել է Վարչական դատարան: Ռեկտորը հակընդդեմ հայց է ներկայացրել` վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու և իր նկատմամբ վարչական տույժ նշանակելու որոշումն անվավեր ճանաչելու մասին: Նշել է, որ ստուգման ակտը ոչ իրավաչափ է, ընդունվել է օրենքի խախտմամբ և վկայակոչել 2 հանգամանք. ըստ նրա` ստուգումն իրականացնող մարմինը արդյունքներն ամփոփելուց հետո ակտի նախագիծ չի կազմել և այն ներկայացրել իրեն, որ դրանց վերաբերյալ ստանա տնտեսվարող սուբյեկտի` ՎՊՄԻ-ի առարկությունները: Բացի այդ, ռեկտորը պնդում է, որ վարչական տույժը նշանակվել է խախտում թույլ չտված անձի` իր նկատմամբ: «Սույն իրավական վեճի սահմաններում վարչական տույժ նշանակելու մասին որոշման մեջ նշված իրավախախտումները թույլ են տրվել ոչ թե անմիջականորեն ՎՊՄԻ-ի ռեկտորի կողմից, այլ աշխատանքային պայմանագրերով համապատասխան պարտավորություններ ստանձնած ՎՊՄԻ-ի կադրերի և հատուկ բաժնի վարիչի կողմից` իրավախորհրդատուի թույլ հսկողության պայմաններում»,- նշված է հակընդդեմ հայցադիմումի մեջ:
2009-ին Աշխատանքի պետական տեսչության կողմից ՎՊՄԻ-ում իրականացված ծրագրային ստուգման արդյունքում գրանցվել են միևնույն` Աշխատանքային օրենսգրքի 95-րդ, 84-րդ հոդվածի 1-ին, 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 4-րդ մասի, 184-րդ հոդվածի պահանջների խախտումներ: 2009-ին էլ ռեկտորը չէր վճարել գիշերային աշխատանք կատարող 5 աշխատողի` արտաժամյա և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանված հավելումը` ժամային դրույքաչափի 1,5 անգամից ոչ պակաս չափով` ընդհանուր գումարով 1 մլն 870 հազար 929 դրամ, որի համար ենթարկվել էր վարչական տույժի` նախազգուշացման և 467 հազար 732 դրամ տուգանքի: 2009-ին, սակայն, ռեկտորը տուգանքը վճարել էր օրենքով սահմանված ժամկետներում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել