
Համայնքապետ. «Եթե մեր ապրելակերպը չլավանա, նույնը մնա, էլ ասելու բան չունեմ, ուրեմն մեր ազգը մեղք է»
Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի երիտասարդների հիմնական մասն իր աշխատանքը գտնում է երկրի սահմաններից դուրս: Վերջին 2 տարվա ընթացքում այս գյուղի խոպանչիների թիվը մեծացել է: Եթե մի քանի տարի առաջ արտագնա աշխատանքի մեկնողներին հաշվում էին տասնյակներով, հիմա նրանց թիվը հասնում է 250-300-ի:
Նորակերտի համայնքապետ Շահեն Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, թե այն երիտասարդը, ով Հայաստանում աշխատանք ունի, երբեք չի լքի երկիրը, իսկ ով էլ զբաղմունք չունի ստիպված է գնում, որ կարողանա ընտանիք պահել:
«Մեր հողը լավ հող է, որ աշխատանք լինի, ոչ ոք չի գնա Հայաստանից, ազնվությամբ եմ ասում: Մեր հողի վրա մեզ ազատ ենք զգում, այլ հողի վրա մեզ հո այսքան ազատ չենք զգում, լինի Ռուսաստան, թե Եվրոպա: Այստեղ, եթե այնպիսի աշխատանք լինի, որ մարդը կարողանա իր ընտանիքը պահի, ուրիշ ոչ մի բան այս պահին պետք չէ»,- ասում է Շահեն Կարապետյանը:
Համայնքապետի ասելով` խոպանչի երիտասարդներն իրենց աշխատած գումարով աշնանը գալիս են գյուղ, ամբողջ ձմեռ գումարը ծախսում են ուտելիքի ու կենցաղի վրա, քանի որ այլ եկամուտ չեն ունենում եւ գարնանը նորից գնում են խոպան:
«Բայց իմ կարծիքով՝ պիտի վիճակը լավանա: Եթե մեր ապրելակերպը չլավանա, նույնը մնա, էլ ասելու բան չունեմ, ուրեմն մեր ազգը մեղք է: Բայց զգում եմ, որ լավ է լինելու, ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել: Մի բուռ ազգ ենք, պիտի լավ ապրենք: Առաջ ոնց էր, աշխատում էինք ու սպասում, թե երբ պիտի շաբաթ-կիրակին գա: Հիմա, որ նույն բանը լինի, մարդը աշխատի ու սպասի շաբաթ կիրակիին, որ գնա մի տեղ հանգստանա, իր ընտանիքով, հողով զբաղվի… Ինձ թվում է, որ դա կլինի, այսպես երկար չի կարող շարունակվել»,- նշեց համայնքապետը:
Նորակերտցիների բախտն այնքանով է բերել, որ Երեւանին մոտ են գտնվում եւ մայրաքաղաքին կապող հասարակական տրանսպորտ է աշխատում: Շահեն Կարապետյանն ասաց, որ երիտասարդների մի մասը Երեւանում շինարարության վրա են աշխատում եւ դրանով էլ պահում են իրենց ընտանիքները:
Շ. Կարապետյանը նշեց, որ թեեւ համայնքապետ է, սակայն իրեն «շռայլություններ» չի կարող թույլ տալ, ինչպես որ շատերն են պատկերացնում, քանի որ մինչեւ այդ պաշտոնում ընտրվելն ապրել է Ռուսաստանում ավելի բարեկեցիկ պայմաններում, քան հիմա, երբ համայնքապետ է:
«Աստծո կամքով, թե ինչպես ես էլ չհասկացա, դարձա համայնքապետ ու այս ամեն ինչն ընկավ իմ վզին: 2002 թ. ընտրվել եմ ու այդ լուծը մինչեւ հիմա տանում եմ: Դա է պատճառը, որ այսօրվա դրությամբ ոչ առողջություն ունեմ, ոչ էլ որեւէ բան: Իմ առողջությունն այս տարիների ընթացքում քայքայվեց: Եթե առավոտյան արթնանում, գալիս ես աշխատանքի ու նայում ես, որ գյուղի համար ինչ-որ մի բան ավելացնես ու չես կարողանում, անկախ քեզնից նյարդայնանում ես»,- նշում է համայնքապետը:
3 տարի առաջ Շահեն Կարապետյանը եղել է մարզի լավագույն համայնքապետներից, ով կարողացել է սեփական եկամուտները բարեխիղճ հավաքել եւ գյուղի համար որոշ աշխատանքներ կատարել: Համայնքապետի ասելով` գյուղացիներն իրեն հարգելով վարձավճարները ժամանակին վճարել են, թեեւ հողերը չեն մշակել, սակայն այսօր մարդիկ դժվարանում են նույնիսկ վարձավճարները տալ: Ոմանք խնդրում են սպասել մինչեւ խոպանից գումար ստանան, նոր վճարեն, մի մասն էլ այդպես էլ չի կարողանում վճարել կամ ուշ աշնանն են վճարում: Սակայն համայնքապետը նշեց, որ քիչ չէ նաեւ ժամանակին հարկերը վճարող գյուղացիների թիվը:
Նշենք, որ խորհրդային տարիներին Նորակերտը եղել է խաղող արտադրող հիմնական գյուղերից: Համայնքապետն ասաց, որ այդ տարիներին 5-6 հազար տոննա խաղող են արտադրել, սակայն սեփականաշնորհումից հետո այգիները ոչնչացվել են, եւ հիմա դանդաղ տեմպերով դրանք վերականգնելու փորձեր են արվում:
Այժմ 65 հա խաղողի այգի է մնացել գյուղում, իսկ 62 հա էլ պտղատու այգիներն են: Համայնքի հողերի զգալի մասն այժմ ամայի է: 560 հա ոռոգվող հողերից 300 հա չի մշակվում ինչպես ոռոգման ջրի, այնպես էլ մի շարք այլ պատճառներով:
Համայնքապետն ասաց, որ հող մշակելը թանկ հաճույք է դարձել, եւ գյուղացին դժվարանում է այդքան ծախս անել: Հատկապես Նորակերտի հողերը քարքարոտ են եւ բոստանաբանջարային մշակաբույսերի համար անբարենպաստ: Համայնքապետը գոհ էր, որ կառավարության աջակցությամբ պարկը 6000 դրամով պարարտանյութ է հատկացվում գյուղացուն, ինչպես նաեւ շուկայականից էժան դիզվառելանյութ: Ըստ նրա` դա մեծ օգնություն է գյուղացու համար:
«Մեկ հեկտար հողը վարելու համար տրակտորիստը 50-60 հազար դրամ գումար է ուզում: Գյուղացին ի վիճակի չէ այդքան գումար տալ միայն վարին, բացի այդ` այդ քարերի մեջ ի՞նչ պիտի ցանի, որ կարողանա եկամուտ ունենալ: Ինչ ուզում ես ցանի, չես կարող ծախսածդ գումարը հետ բերել: Վարի, պարարտանյութի, ոռոգման ջրի, թունաքիմիկատների գումարները հանի, տակը ոչինչ չի մնալու»,- ասում է Շ. Կարապետյանը:
Համայնքապետը գյուղի հիմնական խնդիրներից առանձնացրեց երեքը` մանկապարտեզի եւ մշակույթի տան ներքին հարդարում, ինչպես նաեւ դպրոցի մարզադահլիճի կառուցում:
Համայնքի միջոցներով վերջին տարիներին փոխվել է գյուղի մանկապարտեզի տանիքը, որով փրկվել է շենքը, քանի որ անձրեւաջրերը թափվում էին ներս: Մահճակալներն ու աթոռները դարձյալ համայնքի միջոցներով են գնվել: Եվրապատուհաններով է փոխարինվել հին պատուհանների զգալի մասը: Համայնքապետը խոստանում է այս տարի չփոխված պատուհանները եւս փոխել նորերով, սակայն ներքին հարդարման աշխատանքներ չի կարող անել:
Համայնքապետի պատվերով մանկապարտեզի շենքի ներքին հարդարման աշխատանքների համար կազմվել է նախահաշիվ: Միայն առաջին հարկը վերանորոգելու համար 28 մլն դրամ է անհրաժեշտ: Շահեն Կարապետյանը նշեց, որ Արմավիրի մարզպետն անձամբ է խոստացել, որ մանկապարտեզի շենքի վերանորոգումը կընդգրկվի որեւէ պետական ծրագրում:
Մանկապարտեզ հաճախում է մոտ 60 երեխա: Այն ձմռանը չի գործում, քանի որ ջեռուցման հարցը լուծված չէ:
Նորակերտն ունի եւս մեկ խնդիր: 1900-ականների վերջերից կառավարությունը պոմպակայանների միջոցով գյուղացուն ոռոգման ջրով ապահովելու համար դոտացիա է տրամադրել, հակառակ դեպքում 1 հա-ի ոռոգման ջրի վարձավճարը կլիներ 200 հազար դրամ:
1999 թ. կառավարությունը դոտացիան չի վճարել ու ամբողջ էլեկտրաէներգիայի ծախսը` 20 մլն դրամ, մնացել է միայն Նորակերտի վրա: 2002 թ. համայնքի բյուջեն եղել է կալանքի տակ: Շահեն Կարապետյանն ասում է, որ իր ընտրվելուց հետո ժամանակացույց է կազմվել, եւ տարեկան 500 հազար դրամ համայնքի բյուջեից գումար է փոխանցվում՝ պարտքը մարելու համար:
«20 մլն-ից 5 մլն արդեն վճարել եմ, որպեսզի կալանք չդրվի բյուջեի վրա: Հիմա նույնիսկ ի վիճակի չեմ այդ 500.000 դրամը վճարել եւ նոր պայմանագիր եմ կնքել, որ ժամկետը երկարացնեն, եւ տարեկան 250 հազար փոխանցեմ: Այն գումարները, որ պարտքը փակելու համար փոխանցում եմ «Հայռուսգազարդին», գյուղի համար ինչ-որ բան կարող էինք անել: Պատկերացնու՞մ եք՝ դեռ 15 մլն էլ պետք է վճարենք»,- նշեց համայնքապետը:
Նշենք, որ նույն խնդիրն ունեն տարածքի շատ համայնքներ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել