
Տուժած բնակիչները դիմել են նախագահին
Մեծարգո պարոն նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005 թ.-ին ստիպված էինք (այլ առաջարկ՝ բնակարան, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր բնակարանները։ Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004 թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007 թ. հունիսի 1-ը (Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004 թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2), սակայն 2008 թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել։
2009 թ. ՀՀ կառավարությունը 3 (երեք) մլն դոլար տրամադրեց Ամիրյան 4 շենքի շինարարությունը ավարտելու համար։ Ինչ եղավ այդ գումարը, հանելուկ է, փաստը այն է, որ շինարարությունը առայսօր չի ավարտվել։ Իմիջայլոց, դատելով շինարարության ներկա տեմպից, մոտակա 2-3 տարում չի էլ ավարտվի։ Դատելով ամեն ինչից 2009 թ. ՀՀ կառավարության կողմից Ամիրյան 4 շենքի շինարարությունը ավարտելու համար տրամադրված 3 (երեք) մլն դոլարի անհետացման և շինարարության վերջնաժամկետը վեց տարով խախտելու հարցը ՀՀ ոչ մի պետական մարմնի չի հետաքրքրում։ ՀՀ կառավարության սխալի համար հիմա պետք է վարձահատույց լինենք մենք` ՀՀ և արտերկրի քաղաքացիներս:
2011–2012 թթ. ֆինանսների նախարարության հետ բանակցությունների հետևանքով մենք կնքեցինք հաշտության պայմանագրեր, որոնցով ստիպված էինք հրաժարվել պայմանագրերով նախատեսված բնակության վարձակալության, կրած վնասների և շինարարության ձգձգման տույժերից։ Փոխարենը ստիպված էինք պարտավորվել վճարել հողի հարկ, որը պարտավոր էր վճարել կառուցապատողը (Ըստ մեր ու կառուցապատողի միջև կնքված պայմանագրերի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, էջ 3):
Ֆինանսների նախարարությունը խոստացավ, որ շենքի շինարարությունը կավարտվի երեք ամսվա ընթացքում: Անցել է մեկ ու կես տարուց ավելի, սակայն շենքի շինարարությունը չի ավարտվել ու մոտակա մի քանի տարիներին չի էլ ավարտվի և մենք շարունակում ենք վարձով ապրել: Բացի դրանից՝ չեն կատարվում հաշտության պայմանագրի կետերը՝ արտաքին դռների ու լուսամուտների տեղադրում, պատերի շարում և այլն: Ստացվում է, որ ընդառաջելով մեր պետությանը և կնքելով հաշտության պայմանագրերը, մենք քառակի ենք տուժում` հրաժարվելով պայմանագրերով նախատեսված տույժերից, կառուցապատողի փոխարեն վճարելով հողի հարկը, տեղադրելով հաշտության պայմանագրով նախատեսված, բայց չտեղադրված դռներն ու լուսամուտները, պատերի շարումը և շարունակելով վճարել վարձակալած բնակարանների համար:
Մեզանից պետական կարիքների համար իրացված տների տեղում կառուցվող շենքում որոշ մարդիկ ծավալել են բիզնես գործունեություն (խանութներ, գրասենյակներ, հյուրանոց և այլն) և աշխատում են մեծ գումարներ, իսկ մեզ ֆինանսների նախարարությունում ասում են, որ շենքը ավարտական տեսքի բերելու և պետության կողմից մեր առջև ստանձնած պարտավորությունների կատարման համար գումար չկա: Ինչ է այդ մարդիկ անվճար են վերցրել այդ տարածքները:
2013 թ. հունվարին 5 (հինգ) մլն դոլարով վաճառվել է շենքի մի մասը, բայց շինարարությունը ոնց կանգնած էր, այնպես էլ կանգնած է: Միթե հնարավոր չէր այդ հսկայական գումարից 200.000 դոլար հատկացնել շենքի շինարարությունը վերջապես ավարտին հասցնելու համար:
Այս ամենից պարզ է դառնում, որ ՀՀ-ն մեզ խաբել է և նույնիսկ շինարարությանվերջնաժամկետը վեց տարի խախտելուց հետո էլ միտք չունի կատարելու մեր հանդեպ պայմանագրով իր վրա վերցրած պարտավորությունները:
Այս ամենը բերում է մեկ տրամաբանական եզրակացության, որ պետական պաշտոնյաները որոշ մարդկանց հետ միասին միտումնավոր ձգձգում են շինարարությունը, որպեսզի իրականացնեն իրենց անձնական ծրագրերը:
Մեծարգո պարոն նախագահ, խնդրում ենք Ձեզ հանձնարարել Ձեր վերահսկողական մարմնին հետևել, որպեսզի գոնե այդ 200.000 դոլարը չփոշիանա և ծառայի իր նշանակությանը, այսինքն՝ շենքի շինարարությունը ավարտին հասցնելուն:
Մեծարգո պարոն նախագահ, խնդրում ենք Ձեզ, որպես ՀՀ Սահմանադրության երաշխավորի, գլխավորել սահմանադրական իրավունքի խախտման դեմ մեր պայքարը, և գոնե 6 տարի ուշացումից հետո վերջապես ավարտին հասցվի այդ չարաբաստիկ շենքի շինարարությունը:
Հարգանքով՝ փ. Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչներ
Մեկնաբանել