
«Deno Gold Mining Company»-ն չներկայացավ դատական նիստին
«Ճնշում է նա, ով վախենում է», «Հանքակեր-մարդակեր», «Կանադական էկոգաղութարար դուրս մեր երկրից»: Ահա այսպիսի մակագրությամբ պաստառներով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև էին հավաքվել Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության, Համահայկական բնապահպանական ճակատի, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության, «Սարդարապատ» շարժման, Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամները:
Քաղաքացիական հասարակությունը բողոքի ակցիա անցակցրեց դատարանի առաջ՝ ի պաշտպանություն բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանի, ում «Deno Gold Mining Company» ընկերությունը մեղադրում է զրպարտության մեջ: Սակայն, մարտի 29-ին նշանակված դատավարությունը տեղի չունեցավ հայցվորի չներկայանալու պատճառով:
«Հաշվի առնելով, որ նշանակված նիստին սույն գործով «Deno Gold Mining Company» ընկերության շահերը դատարանում ի վիճակի չեմ ներկայացնելու վատառողջ լինելու պատճառով՝ գրիպային վիրուս, ջերմություն, և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119 հոդվածի առաջին մասի առաջին կետով՝ դատարանին խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել ողջամիտ ժամկետով և նշանակել մեկ այլ դատական նիստ»,- հայցվոր կողմի դիմումը դատական նիստի ընթացքում ընթերցեց դատավոր Արմեն Դանիելյանը:
Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 15-ին:
Բողոքի ակցիան շարունակվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի դիմաց, որը «Deno Gold Mining» ընկերությանը տրամադրել է 40 միլիոն դոլլարի վարկ:
«Բանկը չպետք է ֆինանսավորի այդ հանցագործ-հանքագործ ընկերությանը: Մենք եկել ենք ասելու, որ եթե դուք ֆինանսավորում եք, ուրեմն դուք էլ եք այդպիսին»,- հայտարարեց ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել