
Փաստաբանի սպանության գործով մեղադրյալ Սամվել Դիլոյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության փաստով Վանաձորի բնակիչներ Սամվել Դիլոյանին և Արեն ու Արտակ Վերանյանններին մեղադրանք է առաջադրված Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խմբի կազմում սպանության և խուլիգանության համար:
Դեպքի հաջորդ օրը կամավոր ոստիկանություն ներկայացած Արտակ Վերանյանը հայտնել էր, որ ինքն է վիճաբանել Շարբաթյանի հետ և ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին, ինչը հանգեցրել է տուժողի մահվան: Արտակ Վերանյանը կալանավորվել էր: Սամվել Դիլոյանին ու Արեն Վերանյանին հայտնաբերելուց հետո նրանց նկատմամբ նույնպես խափանման միջոց էր նշանակվել կալանքը: Վերջիններս, սակայն, չեն ընդունում իրենց մեղքը: Նրանց կալանավորման 2-ամսյա ժամկետը լրանալու կապակցությամբ քննիչը նոր միջնորդությամբ դիմել է դատարան` խափանման միջոցն անփոփոխ թողնելու և այն ևս 2 ամսով երկարացնելու մասին: Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Սուրեն Բաղդասարյանն այսօր բավարարեց այն Սամվել Դիլոյանի մասով, իսկ Արեն Վերանյանի վերաբերյալ որոշում կկայացվի ապրիլի 2-ին:
1981 թվականին ծնված Սամվել Դիլոյանը երիտասարդ գիտնական է, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը` կարմիր դիպլոմով, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում: Սպանության դեպքից առաջ հայտ էր ներկայացրել նույն բուհի տնտեսագիտության ամբիոնի վարիչի թափուր հաստիքի համար անցկացվող մրցույթում: Վանաձոր համայնքի 2 գումարման ավագանու անդամ է եղել, համայնքի «Խնամակալության և հոգաբարձության» հանձնաժողովի անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահը:
63 թվականին ծնված Սամվել Շարբաթյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ էր, նախկին քննիչ:
Մեկնաբանել