
Փլուզման սպասում՝ Երևանի կենտրոնում. բնակիչները պահանջում են վերաբնակեցնել իրենց (լուսանկար)
Վթարային շենքի բնակիչներից ով գնալու տեղ ունի, տեղափոխվել է
Բաղրամյան 4-րդ նրբանցքի 15-րդ տան բնակարաններում փաստացի բնակվում է 10 մարդ՝ չնայած «Հայսեյսմշին և կառուցվածքների պահպանման» գիտահետազոտական ինստիտուտը 1950-ականներին կառուցված այս տունը 4-րդ կարգի վթարային և քանդման ենթակա է ճանաչել դեռ 2007-ին:
«Հայսեյսմշինը» շենքի վնասվածքների պատճառը համարել է հիմնատակի գրունտի ու հիմքերի անհավասարաչափ նստվածքները և շենքի բարձր մաշվածությունը:
Թոշակառու Մարինա Հարությունովան, ում բնակարանն առավել տուժածներից է, տեղափոխվել է, ինչպես երկհարկանի շենքի բնակարաններում գրանցված այլ բնակիչներ: Մարինա Հարությունովայի տան պատերի, այդ թվում հիմնական պատերի ճաքերն անընդհատ խորանում ու լայնանում են:
շենքի փլուզված հատվածը Մարինա Հարությունովայի և 2-րդ հարկի հարևանի տան մասում |
Մարինա Հարությունովայի տունը |
2006-ին պատից պոկվեցին քարեր, որոնց մի մասը թափվեց դուրս, մի մասը՝ ներս՝ Մարինա Հարությունովայի ննջասենյակ: Հենց այդ ժամանակից էլ կինը տեղափոխվեց և այժմ ապրում է աղջկա տանը:
Մարինա Հարությունովայի տան ճաքերը |
Մարինա Հարությունովան բնակարանը գնել է 1962թ.: Այն ժամանակ շենքը կարգին վիճակում էր: Բնակարանը բազմիցս վերանորոգել են: Կնոջ խոսքով՝ ճաքեր առաջացան 1988թ. երկրաշարժից հետո, բայց դեռ 1983 թ.-ից իրենց պետական մարմիններն ասել էին, որ շենքը վթարային է:
Մարինա Հարությունովայի տան փլուզված մասերը |
Բնակարանում հիմա չկան ջուր, հոսանք, գազ: «Էստեղ ո՞նց ապրես: Ավերակ, էլի»,- ասում է Մարինա Հարությունովան:
Նրա տան վերևում՝ 2-րդ հարկում է Գոհար Հակոբյանի տունը: Գոհար Հակոբյանը տունը գնել է 2005թ. և ապրել մինչև 2012թ. օգոստոս: Նրա բնակարանում, իրենից բացի, գրանցված է ևս 6 անձ, բայց ոչ ոք չի բնակվում: Գոհարն ապրում է կամ վարձով, կամ ընկերուհու, հարազատի տանը:
Գոհար Հակոբյանը |
«Վախենում եմ, որովհետև էնտեղ պատ կա, որ հեսա կփլվի գլխիս. արդեն անջատվել է, շենքը 25 սմ էն կողմ է գնացել: Ընդհանրապես 4-րդ կարգի վթարայինում մարդ չի կարող բնակվել»,- ասում է Գոհար Հակոբյանը:
Նա տունը գնել է, որ վերակառուցի, 3-րդ հարկ ավելացնի: Աշխատանքների փոքր մասն արել է, տանիք ու գերաններ է տեղադրել, բայց տեսել է, որ կառուցածն իրեն չի ծառայելու: Միաժամանակ, Արաբկիրի թաղապետարանն ու Երևանի քաղաքապետարանը վերակառուցման պլանը չեն հաստատել՝ պատճառաբանելով, որ շենքը վթարային է:
«Նախ, եթե 4-րդ կարգի վթարային է, պետք է առքուվաճառք չանեն, պիտի չտան: Ո՞վ կգնի 4-րդ կարգի վթարային: Կադաստրը թույլ է տալիս վաճառելու. խիղճս կորցնեմ՝ մեկին կխաբեմ կվաճառեմ: Բայց ես չեմ ուզում դա, ես ուզում եմ, որ ինքը՝ շենքը, քանդվի»,- ասում է Գոհար Հակոբյանը:
Գոհար Հակոբյանի տան ճաքերը |
Շենքի վիճակը վերջին տարիներին է՛լ ավելի է վատացել, ինչը Գոհար Հակոբյանը պայմանավորում է նրանով, որ ամբողջ շենքի տակ ջուր է լցված: Տներում շատ խոնավ է, աղը նույնիսկ թրջվում է:
«Էդ ջուրը չգիտեմ՝ որտեղից է: Ներքևը նկուղ կա, էնտեղ հողը խոնավ է: Էնքան է եղել, որ ասենք, ջրի խողովակներ են տրաքել, եկել են, ուզեցել են գտնել, չեն գտել, թե էդ ջուրը որտեղից է»,- ասում է շենքի մեկ այլ բնակիչ Թերեզա Հակոբյանը:
Թերեզա Հակոբյանը (ձախից) և Մայրանուշ Գասպարյանը |
Նրանց տանն ապրում է 4 հոգի: 1998թ. ամբողջությամբ փլվեց տան պատերից մեկը, և մինչև վերանորոգելը՝ 2 ամիս, ընտանիքն ապրեց փլված պատով բնակարանում: Այժմ էլ տան ճաքերն անընդհատ խորանում ու երկարում են, նոր ճաքեր են առաջանում: Լուսամուտի մոտի ճեղքերից երևում է բակը:
Թերեզայի մայրը՝ Մայրանուշ Գասպարյանը, այս տանը մշտական ապրում է 1967 թ.-ից: Մայրանուշն ասում է, որ իրենք վճարում են միայն ջրի և էլ.էներգիայի վարձը: Մնացած հարկերը պետությունը չի պահանջում, քանի որ շենքը 4-րդ կարգի վթարային է: Նույն պատճառով Մայրանուշին թույլ չեն տվել գազաֆիկացնել բնակարանը, սակայն շենքի բնակարաններից 2-ը գազաֆիկացված է:
Մայրանուշ Գասպարյանի տան ճաքերը | խոհանոցի ճեղքից երևում է բակը |
«Ահուվախով ապրում ենք»,- ասում է Մայրանուշ Գասպարյանը: «Մենք տեղ չունենք, որտե՞ղ գնանք մնանք: Մի օր որ քնենք, հնարավո՞ր է՝ նորմալ արթնանալ, թե՞ չէ»,- շարունակում է Թերեզան:
Բաղրամյան 4-րդ նրբանցքի 15-րդ տունը վտանգավոր է նաև հարևան շենքերի բնակիչների համար
Վթարային շենքը վտանգավոր է ոչ միայն իր, այլև հարևան տան բնակիչների համար, ովքեր ելումուտ են անում իրենց տան և վթարային շենքի միջև եղած միակ նեղլիկ ճանապարհով: Այդ ճանապարհի վրա դեռ մնում են մի քանի ամիս առաջ 15-րդ շենքից թափված մեծ քարերը:
վթարային շենքի և հարևան տան մեջտեղով անցնող ճանապարհը |
վթարային շենքի այս մասից են քարեր թափվել ճանապարհի վրա |
«Երբեք չգիտենք՝ երբ կարող է պոկվի և ընկնի»,- ասում է հարևան տան բնակիչ Լիլյա Գրիգորյանը: Նա 2 տարեկան երեխա ունի, որին չի թողնում մենակ խաղալ բակում: Լիլյա Գրիգորյանը կարծում է, որ եթե վթարային տան բնակիչների բողոքները չեն լսում, ապա իրեն էլ չեն լսի:
15-րդ շենքին հարևան մի քանի շենքի բնակչներ 2011թ. նամակ են գրել Երևանի քաղաքապետին, արտակարգ իրավիճակների և քաղաքաշինության նախարարներին, Արաբկիրի թաղապետին՝ խնդրելով շուտափույթ լուծել վթարային շենքի խնդիրը և հայտնելով, որ ամեն օր այդ շենքի մոտով անցնելիս «ահ ու սարսափ են ապրում»:
Քաղաքապետարանն ասում է, որ չի կառուցել վերաբնակեցման համար բնակֆոնդ, բնակիչն ասում է, որ իր աչքով է տեսել բնակֆոնդը
վթարային շենքը |
Բաղրամյան 4-րդ նրբանցքի 15-րդ շենքն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2000թ. «ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշմամբ հաստատված ծրագրում:
Ըստ այդ որոշմամբ հաստատված կարգի՝ վթարային շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման և շենքերի քանդման ծրագիրն իրականացվում է պետբյուջեի միջոցներով: Բնակիչների վերաբնակեցման և տների քանդման ծրագրի իրականացման պատասխանատու է ճանաչվել Երևանի քաղաքապետը:
Բնակիչների նամակագրությունը Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև նախագահի, վերջինի վերահսկողական ծառայության, վարչապետի, քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների հետ տարիների պատմություն ունի և մի ամբողջ տրցակ է կազմում:
2008-2011թթ. գրված տարբեր նամակներում քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը բնակիչներին հայտնել է, որ վերաբնակեցման հարցը քննարկվում է
2012թ. օգոստոսի 1-ին Արսեն Ամյանը բնակիչներին հայտնել է. «ՀՀ պետական բյուջեով 2010 թվականից հետո վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար գումարներ չի տրամադրվել, և Երևանի քաղաքապետարանը պետական միջոցների հաշվին այդ նպատակով շինարարություն չի իրականացրել: Երևանի քաղաքապետարանը, նկատի ունենալով խնդրի հրատապ կարգավորման անհրաժեշտությունը, դիմել է ՀՀ ֆինանսների և քաղաքաշինության նախարարություններին՝ առաջարկելով նաև իր ներդրումը խնդրի կարգավորման հարցում՝ համաֆինանսավորման միջոցով բնակելի ֆոնդի ստեղծման համար, սակայն առաջարկը չի իրագործվել»
Արսեն Ամյանը 2012թ. օգոստոսի 1-ին բնակիչներին նաև հայտնել է, որ «բազմաբնակարան շենքը ընդգրկվել է» ՀՀ 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի քաղաքաշինության նախարարության ֆինանսավորման հայտի նախագծում: Մեկ օր անց՝ օգոստոսի 2-ին, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ավագ Հակոբյանը բնակիչներին հայտնել է, որ 2013-2015 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով 15-րդ շենքի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման նպատակով «չափաքանակներ չեն հաստատվել»:
«Հետքը» հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ խնդրելով տեղեկացնել, թե քաղաքապետարանն արդյոք պատրաստվո՞ւմ է վերաբնակեցնել 15-րդ շենքի բնակիչներին: Քաղաքապետարանից ստացված պատասխանում հղում է արվում «2013-2015 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի ՀՀ քաղաքաշինության նախարարության ֆինանսավորման հայտի նախագծին», որի մասին դեռ 2012-ին Ավագ Հակոբյանը հայտնել էր, որ «չափաքանակներ չեն հաստատվել»:
վթարային շենքը |
«Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է վերը նշված (քաղաքաշինության նախարարության - հեղ.) ֆինանսավորման և համապատասխան բնակարանային ֆոնդ ստեղծվելու դեպքում՝ քննարկելու և սկսելու բնակիչների վերաբնակեցման գործընթացը»,- ասվում է քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից ստացված պատասխանում:
Մինչդեռ շենքի բնակիչ Գոհար Հակոբյանը համոզված է, որ քաղաքապետարանն այս պահին ունի բնակֆոնդ, որը պետությունն արդեն իսկ կառուցել է վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով:
«Հենց հիմա 4 հատ շենք պատրաստ է, եթե ոչ 14՝ Նոր Նորքում, իսկ Քանաքեռ-Զեյթունում և Աջափնյակում՝ 2 հատ: Ինքս գնացել նայել եմ շենքերը, տեսել եմ, որ կանգնած է շենքը, 2 տարի է՝ հանձնված-բնակեցված է, Մարգարյան փողոց՝ հիվանդանոցի ճանապարհի վրա է, տեսքով շենք է: Ես ուզում եմ, որ մեր շենքը Սիսակյան 22-ում վերաբնակեցնեն, որովհետև լավ են կառուցել: Ախր չէ՞ որ վատ բնակարանից գնաս վատ՝ էլի վատ է: Չեմ գնա, ասենք: Սիսակյան 22-ը, 126 բնակարանով կառուցված, չգիտենք՝ ում են տալիս, եթե 4-րդ կարգին չեք տալիս»,- ասում է Գոհար Հակոբյանը:
Իսկ բնակիչ Մայրանուշ Գասպարյանի խոսքով՝ 2012թ. դեկտեմբերի վերջին քաղաքապետարանի աշխատակիցներ են եկել իրենց շենք, գրանցել, թե որ բնակարանում քանի անձ է բնակվում, և ասել, որ բնակիչներին բնակարան կհատկացվի ծայրամասում՝ Աջափնյակում, Քանաքեռում կամ Նոր Նորքում, սակայն չեն ասել, թե երբ կլինի վերաբնակեցումը:
Իր հերթին Մարինա Հարությունովան հավելում է. «Քաղաքապետարանը չի ասում, որ տուն չենք տալիս, և չի ասում՝ երբ են տալու: Էս է՝ 9 տարին լրացավ: Մեզ համար չեք մտածում, էն երեխոցը, բակի, շենքի համար չեք մտածում, հարևանի տունը մնում է տակին, կարող է՝ իրանք էլ մահանան: Ոչ մեկի համար չե՞ն մտածում»:
Մեկնաբանել