
Արոնյանը պարտավոր է հաղթել Իվանչուկին
Հավակնորդների լոնդոնյան մրցաշարում Լեւոն Արոնյանը երեկ պարտություն կրեց իսրայելցի Բորիս Գելֆանդից, ինչը անակնկալ էր հատկապես այն պատճառով, որ անցյալ տարվա թագի հավակնորդ Գելֆանդն այս մրցաշարում առանձնապես չի փայլում: Հիշեցնենք, որ Լեւոնը սպիտակներով հաղթել էր առաջին փուլում, եւ այս անգամ էլ ակնկալվում էր նվազագույնը ոչ-ոքի, սակայն 60-րդ քայլին իսրայելցու նավակի շախից հետո Արոնյանը անձնատուր եղավ:
Մյուս պարտիաներից առավել հետաքրքիր էր Կրամնիկ-Կառլսեն մրցամարտը. ինչպես եւ առաջին փուլում, այս անգամ էլ նրանք ոչ-ոքի խաղացին: Իվանչուկը սպիտակներով հաղթեց Ռաջաբովին, իսկ Գրիշչուկն ու Սվիդլերը ոչ-ոքի ավարտեցին պարտիան:
9 տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.
1. Կառլսեն- 6
2. Արոնյան- 5,5
3. Կրամնիկ- 5
4. Գելֆանդ- 4,5
5. Գրիշչուկ- 4,5
6. Սվիդլեր- 4
7. Իվանչուկ- 3,5
8. Ռաջաբով- 3
Վաղը Արոնյանը սպիտակներով մրցելու է Իվանչուկի հետ, որին սեւերով արդեն հաղթել է, չնայած ուկրաինացի շախմատիստը պարտվել է ժամանակի սպառման արդյունքում, այդուհանդերձ, Լեւոնը վերահսկում էր իրադրությունը: Հայ գրոսմայստերը պարտավոր է հաղթել, քանզի նորվեգացի Կառլսենը փորձելու է ամեն կերպ պահել կես միավորի առավելությունը եւ հնարավորության դեպքում ավելացնել տարբերությունը. նա այսօր սպիտակներով մրցելու է նույն Գելֆանդի հետ, որին հաղթել է սեւերով: Դժվար է պատկերացնել, որ Մագնուսը բաց կթողնի իր հնարավորությունը եւ միավոր կտա կամ կկիսի: Այնուամենայնիվ, Լեւոնին հաղթելուց հետո 4-րդ տեղ բարձրացած Գելֆանդը միգուցե համառ դիմադրությամբ անուղղակիորեն օգնի նաեւ Արոնյանին:
Վասիլի Իվանչուկը Արոնյանի ավանդաբար ամենադժվար մրցակիցներից մեկն է, սակայն Լոնդոնում նա խաղում է վայրիվերումներով, ինչը միայն մրցակիցների շահերից է բխում:
10-րդ տուրում կկայանան նաեւ Ռաջաբով-Սվիդլեր, Գրիշչուկ-Կրամնիկ պարտիաները:
Գելֆանդին պարտվելուց հետո Արոնյանի ընթացիկ վարկանիշը նվազել է ուղիղ 6 կետով եւ այժմ 2815,8 է: 0,9-ով նվազել է նաեւ Կառլսենի վարկանիշը, որը հիմա 2875,7 է: Կրամնիկը նույնպես չնչին նվազում է արձանագրել եւ ունի 2803,3 միավոր:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել