
Դատավոր Մելքումյանը վճիռը հրապարակել է, բայց կողմին չի տրամադրել
Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արայիկ Մելքումյանը ի վերջո հրապարակել է Գագիկ Ծառուկյանի պատկանող «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» դեմ գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսուբերի հայցով դատական ակտի եզրափակիչ դրութը: Հիշեցնենք` Ա. Մելքումյանը 4 անգամ հետաձգել էր վճռի հրապարակումը:
Արայիկ Մելքումյանն ինչ-որ մասով մերժել է հայցը, ինչ-որ մասով` բավարարել: Դատարանում «Իստինվեստորի» ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը «Հետքին» հայտնեց, որ դատարանը երեկ վճիռը չի տրամադրել իրենց: Սկզբից ասել են` սպասեք, կտրամադրենք, հետո` վաղը կուղարկենք, և մինչ այս պահը Ստեֆան Լաքսհուբերի ներկայացուցիչները չեն ստացել դատարանի վճիռը:
Ըստ փաստաբանի` վճռի եզրափակից դրույթից պարզ չի եղել, թե մերժումը կամ մասնակի բավարարումը ինչին է կոնկրետ վերաբերել, քանզի հայցապահանջը դատաքննության ընթացքում փոփոխվել է` կապված ընթացիկ փորձաքննությունների հետ:
Արայիկ Մելքումյանի գրասենյակից փորձեցինք ճշտել, թե երբ են կողմերին ուղարկվելու դատական ակտը, գրասենյակից հայտնեցին, որ վճիռը պատրաստ է և օրվա ընթացքում կուղարկվի կողմերին: Վճռի բովանդակությանը կանդրադառնանք ավելի ուշ:
Հիշեցնենք նաև, որ բաժնետերերի 2008թ. հոկտեմբերի 12-ի ընդհանուր արտահերթ ժողովը որոշել էր համախմբել (կոնսոլիդացնել) Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը' դրանցից ամեն 2363.5 հատը փոխարինելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908 000 ՀՀ դրամ է: Իսկ ընկերության մեկ ամբողջական բաժնետոմսի շուկայական արժեքը, որով հետ էր գնվել բաժնետերերից, սահմանվել էր 28 000 դրամ: Մինչդեռ «ԻնտԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար ՀՀ դրամով: Գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերը որոշել է դատական կարգով վերականգնել իր սեփականության իրավունքը:
Մեկնաբանել