
«1 միլիոնանոց բողոքի երթի» նախաձեռնող ռեժիսորը պատրաստ է ապրիլի 8-ին ձերբակալվելուն
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ որպես «1 միլիոնանոց բողոքի երթի» նախաձեռնող, պատրաստվում է դիմել Երևանի քաղաքապետարան՝ ապրիլի 8-ին երթն անցկացնելու թույլտվություն ստանալու համար: Այսօրվա մամուլի ասուլիսում ռեժիսորն ասաց, որ եթե քաղաքապետարանը չարտոնի երթը, ապա այն կլինի ինքնաբուխ, քանի որ ժողովուրդն է որոշել երթն անել, իսկ ինքն ընդամենը երթ անելու մի առաջարկ էր արել ֆեյսբուքում:
«1 միլիոնանոց երթ» անվանումը պայմանական է, մասնակիցները կարող են լինել, օրինակ, 100 հազարը: «Հայաստանում 100 հազարն էլ է 1 միլիոն»,- ասաց երթի նախաձեռնողը:
Նախատեսվում է Սերժ Սարգսյանի երդմնակալության նախորդ օրը՝ ապրիլի 8-ին՝ ժամը 15:00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում, ժամը 18:00-ից քայլել դեպի նախագահի նստավայր: Խաղաղ երթի նպատակն է զգուշացնել Սերժ Սարգսյանին, որ այսօր ձեր կառավարման վերջին օրն է, վաղը կարող է սկսվել քաղաքացիական անհնազանդություն, որովհետև ժողովրդի այսքան մասը դժգոհ է ձեր ռեժիմից, ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին և վաղը չի ճանաչելու ձեր կառավարությունը:
Երթին այդքան մարդու մասնակցելու դեպքում միջազգային դիտորդները չեն կարողանա իրենց աչքերն ու ականջները փակել, և աշխարհի առաջնորդները հաջորդ օրը չեն կարողանա հանգիստ շնորհավորել Սերժ Սարգսյանին:
«Ես ընտրել եմ Սերժ Սարգսյանին 2008-ին: Ես համարում եմ, որ ինձ խաբել է Սերժ Սարգսյանը, այսինքն՝ ինձ տվել է բարեփոխումների խոստումներ, որոնք չեն արվել: Ես իրեն տվել եմ ժամանակ՝ որպես քաղաքացի, մինչև 2013թ. ապրիլի 8-ը: Ես վերջին օրը գնում եմ՝ ասելու իրեն, որ քո տված բարեփոխումներից միակ բարեփոխումը, որ այսօր դու կարող ես անել անել, հրաժարական տալն է քո համակարգով հանդերձ և վաղը իշխանությունը հանձնել ժողովրդի ընտրյալին»,- ասաց Արշակ Զաքարյանը:
Դրանից հետո նախատեսվում է գնալ Ազատության հրապարակ՝ հաղթանակը տոնելու:
Արշակ Զաքարյանի խոսքով՝ իրենց նախաձեռնությանը միացել է «10 հազար սովորական, անհայտ, հողեղեն քաղաքացի», այդ թվում նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, հայաստանաբնակ եզդի, ասորի երիտասարդներ, իրանահայեր, կանադահայեր, բելգիահայեր:
Նախաձեռնողի խոսքով՝ միացել են նաև «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի տղաները, դաշնակցական ազատամարտիկներ, ատամնաբույժների և տաքսիստների քաղաքացիական շարժումների ներկայացուցիչներ, նույնիսկ ԲՀԿ-ական և ՀՀԿ-ական մի քանի երիտասարդ: Այժմ ստեղծվում է կազմկոմիտե, որում ընդգրկվելու են այս խմբերից մեկական ներկայացուցիչներ և քննարկելու, թե ինչ անել, որ «1 միլիոնանոց բողոքի երթը» խաղաղ անցնի:
Ֆեյսբուքում երեկվա դրությամբ 3210 օգտատեր էր միացել երթ անելու գաղափարին: Սակայն երեկ՝ երեկոյան, «ֆեյսբուքում կազմակերպված հարձակում» է եղել Արշակ Զաքարյանի և «1 միլիոնանոց երթի» կողմնակիցների վրա, մի շարք օգտատերեր, այդ թվում նաև «Ժառանգությունից», սկսել են քննադատել նախաձեռնությունը, ասել, որ չեն մասնակցելու:
Արշակ Զաքարյանը երթի ծրագիրը «Ժառանգության» գրասենյակում քննարկել է Ստեփան Սաֆարյանի և Հովսեփ Խուրշուդյանի հետ: «Ընդհանուր հայտարարը եղավ սա. «տղերք ջան, դուք արեք, բայց մենք պատասխանատու չենք»»,- ասաց Արշակ Զաքարյանը: Նրա խոսքով՝ ծիծաղելի կլինի, եթե երթի կողմնակիցները հիմա էլ սկսեն վախենալ «Ժառանգությունից» և երթը չանեն միայն այն պատճառով, որ «Ժառանգությունը» չի ուզում:
Միաժամանակ Արշակ Զաքարյանը վստահ է, որ որևէ մեկը չի հրաժարվի ապրիլի 9-ին «Ժառանգության» հանրահավաքին մասնակցելուց՝ միայն այն պատճառով, որ մասնակցել է ապրիլի 8-ի երթին: Մարզից Երևան եկած, տրամադրված մարդը մի քանի ժամ չսպասելու համար չի վերադառնա մարզ: Բացի դրանից՝ «1 միլիոնանոց երթն» ավարտելուց հետո կմնա մոտ 12 ժամ, մինչ ապրիլի 9-ի առավոտյան կսկսվի Սերժ Սարգսյանի երդմնակալությունը:
«Էդ 12 ժամն էլ է տալիս հնարավորություն՝ գյուղերից, շրջաններից էդ արգելքները անցնել ու գալ հասնել Երևան, ոչ թե ամսի 9-ի առավոտ հայտարարեցիք, ու բոլորը ամսի 9-ի առավոտ էնտեղ կանգնած են լինելու: Ամսի 8-ը ամսի 9-ին ընդամենը օգնելու է գալիս»,- ասաց Արշակ Զաքարյանը: Նրա կարծիքով երդմնակալությանը համաժամանակյա ինչ-որ ակցիաներ անելը ուշացած կլինի, իսկ «1 միլիոնանոց երթը» փորձելու է կանխել երդմնակալությունը, Սերժ Սարգսյանին տալ արժանապատիվ հեռանալու վերջին հնարավորություն:
Արշակ Զաքարյանը նշեց, որ իշխանությունը ապրիլի 9-ին «ավելի շատ իրավունք կունենա ջարդելու», արգելելու՝ պատճառաբանելով, թե ընդդիմադիրները սկսում են անկարգություններով փչացնել օրինական երդմնակալությունը, իսկ իշխանություն ունի ընտրված նախագահ և կանգնեցնում է անկարգությունները:
«Իսկ ամսի 8-ին դա դժվար է անել. հաջորդ օրը իրենք պլանավորած շատ մեծ թատրոն ունեն խաղալու: Էդ թատրոնի բեմադրությունը չեն փչացնի: Ամսի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանատու է ամեն ինչի համար: Ամսի 8-ի համար Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանատու չի, որովհետև սա ինքնաբուխ, ժողովրդի կողմից կազմակերպված ակցիա է, այսինքն՝ չեն կարող այդ օրը գնալ մեր ընտրած նորընտիր նախագահին տանել ձերբակալել»,- ասաց Արշակ Զաքարյանը:
Փոխարենը նա չբացառեց, որ ապրիլի 8-ին կարող են ձերբակալել իրեն: «Եթե ինչ-որ բան էլ պատահի, ինձ պետք է ձերբակալեն, մյուսին պետք է ձերբակալեն: 50 հոգի թող ձերբակալեն: Մնացած 950 հազարը գնացեք մասնակցեք հաջորդ օրը: Մի հատ ահռելի բեռ եմ վերցնում իմ ուսին: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե ամսի 8-ին մեկին մի բան պատահի. ես ինչ մեղք եմ վերցնում ինձ վրա՝ որպես ընդամենը նախաձեռնող քաղաքացի: Հերիք եղավ, որ հայտնիները մեզ պիտի ասեն՝ ինչ պիտի անենք»,- ասաց Արշակ Զաքարյանը:
Նա բացառեց, որ 2013թ. ապրիլի 8-ին կրկնվի 2008թ. մարտի 1-ի սցենարը, քանի որ 2013թ. ապրիլի 9-ին «Սերժ Սարգսյանը ոչ մեկի արյան վրա, ոչ մեկի հոգեհանգստի օրով չի գնա երդում տալու, դա կլինի նրա տապալումը, վերջը»:
Անդրադառնալով «իշխանության մարդը» լինելու վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքներին՝ Արշակ Զաքարյանն ասաց, որ այսօրվա ասուլիսում հեռուստաընկերությունների բացակայությունը ապացուցում է, որ ինքը չի աշխատում իշխանությունների համար:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել