
Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց համաշխարհային ցուցակի առաջատար Կառլսենի հետ
Լոնդոնում այսօր մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հականորդների մրցաշարում առաջին ոչ-ոքին գրանցեցին ֆավորիտները՝ Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կառլսենը: ՖԻԴԵ-ի ընթացքիկ ցուցակը գլխավորող այս երկու մարզիկները առաջինն ավարտեցին իրենց պարտիան: Արոնյանը խաղում էր սպիտակներով: Հանդիպումից առաջ մասնագետներից ոմանք կարծիք էին հայտնել, որ հաղթողը ոգեւորության ֆոնի վրա կշարունակի հաջող ելույթներն ու ի վերջո ձեռնոց կնետի աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Այդ տեսանկյունից, փաստորեն, ինտրիգը պահպանվեց:
Գելֆանդ-Ռաջաբով, Սվիդլեր-Կրամնիկ, Իվանչուկ-Գրիշչուկ պարտիաներն այս պահին ընթացքի մեջ են: Հիշեցնենք, որ մրցաշարն ընթանալու է երկու փուլով, այսինքն՝ կան պատասխան մրցավեճեր: Հաղթողը հայտնի կդառնա մայիսի 1-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել