
ՍԴ-ն գնաց խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի վաղը
Սահմանադրական դատարանը քիչ առաջ ավարտեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը` ԿԸՀ-ի՝ փետրվարի 25-ին կայացրած 61-Ա եւ 62-Ա որոշումները վիճարկելու մասին, որով ցանկանում են անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունները:
Վերջին խոսքով հանդես եկան թե Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ, փաստաբան Կարեն Մեժլումյանն ու ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, թե պատասխանող կողմն ու 3-րդ անձի կարգավիճակում դատարանում գտնվող, Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների ելույթները ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը չէր ընդհատում, թեեւ նրանք երբեմն շեղվում էին գործի առարկայից: Սակայն, Զարուհի Փոստանջյանի ելույթը մի քանի անգամ ընդհատեց` հորդորելով վերադառնալ բուն գործին:
Վերջում Գագիկ Հարությունյանը կողմերին շնորհակալություն հայտնեց եւ ՍԴ անդամներին խնդրեց անցնել խորհրդակցական սենյակ` գործով որոշում կայացնելու համար: Այն կհրապարակվի վաղը` պատրաստ լինելուն պես:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել