
Դատախազությունն ուսումնասիրում է ընտրախախտումների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդի նամակը
Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին վերաբերող հարուցված քրեական գործերից 4 քրեական գործերն ուղարկվել են դատարաններ: Գործերը վերաբերում են թիվ 6/16, թիվ 9/02, թիվ 12/16 եւ թիվ 17/31 ընտրատեղամասերում կատարված դեպքերին: Այս մասին Սահմանադրական դատարանում հայտարարեց գլխավոր դատախազության ներկայացուցիչը` Կորյուն Փիլոյանը: Նրա հետ է նաեւ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:
ՍԴ անդամներից մեկը հետաքրքրվեց արդյոք գլխավոր դատախազությունը քննության առարկա դարձրել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ, Իռլանդիայի հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դերմոտ Ահերնի նամակը՝ ուղղված Հայ իրավաբանների միության ատենապետ Գարո Ղազարյանին, որը տարածվել է նաեւ ինտերնետային կայքերում:
Հիշեցնենք, որ դիտորդի բարձրացրած թերությունները եւ մտահոգությունները վերաբերում են Եղվարդի թիվ 3 տարրական դպրոցում տեղակայված 26/1 ընտրատեղամասին:
«Այս հաղորդումը խոսում է հանցագործության փաստի մասին»,- դիմելով դատախազության ներկայացուցչին՝ ասաց ՍԴ անդամը:
«Դատախազությունը զբաղվում է. այդ հրապարակումն ուղարկվել է տարածքային դատախազություն, ուսումնասիրվում է, թեեւ տեղամասային հանձնաժողովից որեւէ հաղորդում չի ստացվել»,- պատասխանեց Կ. Փիլոյանը:
Մեկնաբանել