
«Սերժ Սարգսյանը չի խափանել www.elections.am կայքը»
Սահմանադրական դատարանն այսօր շարունակում է քննել նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները` փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: ՍԴ-ն այսօր պետք է ավարտի գործի դատաքննությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, դիմելով գործում 3-րդ անձ ներգրավված թեկնածու Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին, ասաց, որ նա դատարանում բարձրաձայնել է, որ Սերժ Սարգսյանը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպել է ընտրությունները:
Զ. Փոստանջյանը հետաքրքրվեց, թե քվեաթերթիկների հաշվարկի գիշերը ինչո՞ւ խափանվեց ԿԸՀ պաշտանական կայքը, երբ հրապարակվում էին նախնական արդյունքները եւ Սերժ Սարգսյանը, լինելով ընտրությունների կազմակերպիչ, ինչո՞ւ լավ չէր կազմակերպել, որ կայքը չխափանվեր:
«Նա կազմակերպիչ չէ ընտրություններին, նա չի խափանել եւ որեւէ մասնակցություն չի ունեցել www.elections.am կայքի խափանմանը»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը:
Այնուհետեւ պարզաբանեց, որ ընտրություններ կազմակերպելը օրենքով վերապահված լիազորություններն ու պարտականություններն իրականացնելն է եւ պետք չէ ուղղակիորեն հասկանալ:
Զարուհի Փոստանջյանի մի քանի հարցերը բարկացրին Դավիթ Հարությունյանին. «Այստեղ իմ հոգեկան առողջությունը ստուգել չարժե»,- ավելացրեց նա:
Զարուհի Փոստանջյանը նաեւ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ականների մասին հայտարարություն է արել, երբ պատասխանել է Սերժ Թանկյանի հայտնի նամակին:
«Ասեք, որտե՞ղ է այդ զինամթերքը, որ մենք էլ տեղյակ լինենք»,- հետաքրքրվեց Զարուհի Փոստանջյանը:
«Այդ հարցի պատասխանը չկա»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել