
Հոգեբան. «Իշխանական կուսակցության ճգնաժամն է, և դրանից կարողացել է օգտվել Րաֆֆի Հովհաննիսյանը»
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հացադուլը, դասադուլը քաղաքական ակցիաներ են և բողոքի ճիչ, որը մարդկանց վրա թողնում է իր ազդեցությունը:
Անդրադառնալով ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին՝ Ռուբեն Պողոսյանը նշեց, որ նրա առաջին հացադուլից հետո դրական ազդեցությունը եղավ այն, որ Ր. Հովհաննիսյանը ժողովրդի մոտ հերոսացավ:
Հոգեբանի ասելով՝ հացադուլը նման է մարտի դաշտի, երբ մարդը հերոսանում է՝ ձգտելով իր իսկ մարմնով կանգնեցնել թշնամու գրոհը, իհարկե խաղաղ պայմաններում: Թե որքանով այս անգամ հացադուլը կունենա խաղաղ բնույթի հետևանքներ, կախված է իշխանությունների դիրքորոշումից:
«Պետք է ցավով նշել, որ իշխանական կուսակցության ճգնաժամն է, և դրանից անշուշտ, զուտ մարդկայնորեն կարողացել է օգտվել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ոտքի կանգնեցնելով ոչ միայն հասարակական, այլև քաղաքացիական մտորումներն ու գիտակցությունը: Սա կարող է փոխել իշխանական կուսակցության ուղղությունը: Նպատակը նաև այն է, որ այդ կուսակցությունը վերանայի իր գաղափարախոսությունը, այլապես այն նույնացվել է օլիգարխիկ իշխանության և չի կարողանում այդ օլիգարխիկ իշխանության ճիրաններից ազատվել, առաջնորդել, զարգացենել իշխանական իր գործունեությունը»,- նշեց հոգեբանը:
Այս ամենի համատեքստում, ըստ Ռուբեն Պողոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարը չափազանց համապատասպանում է այսօրվա պահին: Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացել է պահը որսալ, քանի որ ինքը կեղտոտված չէ, օլիգարխ չէ, միլիոնների հասնող դրամական միջոցներ կամ օբյեկտներ չի դիզել:
«Ժողովուրդն այս առումով ավելի ազատ է և համոզվածությամբ ու ինքնավստահությամբ է իր հետևից գնում: Այս կերպարը ճիշտ ժամանակին է եկել»,-ավելացրեց Ռ. Պողոսյանը:
Նրա կարծիքով, հացադուլ անող մարդը պատրաստ է իր կյանքը վտանգել և դա մարդկանց վրա ազդեցություն է թողնում, որ նա անկեղծ է:
«Ինքնահրկիզումով էլ են իրենց կյանքը վտանգում: Քաղաքական բնույթի նման ակցիաները համայն մարդկության վրա թողնում են իրենց ազդեցությունը, որ նա նման քայլի գնացել է ոչ թե իր սեփական խնդիրները լուծելու, այլ դա արել է ամբողջ մարդկության համար, որը կարծես թե համախմբված ճիչ լինի մարդկության կողմից»,- ասում է Ռուբեն Պողոսյանը:
Հոգեբանը նշեց, որ կյանքը վտանգելու ճանապարհով բողոքի նման ձևերը բոլոր ժամանակներում գոյություն են ունեցել և թողել են իրենց ազդեցությունը: Նման քայլի դիմողները ոչ թե մնում են պատմության մեջ, այլ պարզապես չեն կարողանում ապրել մի սոցիալական իրավիճակում, երբ բոլորը շղթայված ձևով նույն խնդիրներն ունեն:
Այնուամենայնիվ, Ռուբեն Պողոսյանը կարծում է, որ հայ ժողովուրդը հեղափոխական չէ, քանի որ այդպիսի ավանդույթներ չունի: Եղել են հեղափոխական անհատներ, բայց նման ժողովուրդ չենք ունեցել:
«Մենք ավելի շուտ «թավշյա» հեղափոխության կողմնակիցն ենք: Միշտ մտավախություն ունենք, որ զոհեր կարող ենք տալ, արյուն չպետք է լինի, իսկ փոքր ազգերը նման ինքնազոհության չեն գնում: Հայաստանում ընդվզումները մի քիչ այլ բնույթի են, ժողովուրդը արյուն չի ուզում տեսնել, արյան հեղափոխություն չի ուզում»,- ավելացրեց Ռուբեն Պողոսյանը:
Լուս.՝ «ԱՅԳ»-ի կայքից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել