
Պատգամավորի հորդորը. «Դու չպիտի ինձ ասես, թե ես ինչով զբաղվեմ»
Չորս հնարավորություն. գուշակիր եւ գտիր
Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Վահե Հակոբյանին գտնելը լուրջ փորձություն է ինչպես իր ընտրատարածքի (թիվ 38) բնակչության, այնպես էլ լրագրողների համար: Պատգամավորի պահվածքին չէինք անդրադառնա, եթե առիթը միայն ուրանի ծրագրով պարզաբանում ստանալը եւ նրա խուսափողական դիրքը չլիներ:
Վ. Հակոբյանը հազվադեպ է մասնակցում ԱԺ նիստերին, թեեւ արձանագրություններից երեւում է, թե մասնակցել է բոլոր քվեարկություններին: Իսկ ԱԺ-ում եղած ժամանակ փորձում է հնարավորինս աննկատ մնալ:
ԱԺ վերակառուցված դահլիճի տարբեր կողմերի 4 մուտքերը պատգամավորների համար լրագրողներից խուսափելու 4 հնարավորություն են ստեղծում:
Վահե Հակոբյանից մի քանի հարցերի պատասխաններ ստանալու համար «հերթապահում» էի մուտքերից մեկի դռան մոտ` հույս ունենալով, որ պատգամավորն այդ դռնից դուրս կգա: Այս անգամ «բախտս բերեց»:
Վահե Հակոբյանի ընտրատարածքի մեջ մտնում է Սյունիքի մարզի 51 համայնք, այդ թվում` Լեռնաձոր համայնքը, որի տարածքում տեւական ժամանակ է, ինչ ուրանի պաշարների հետախուզական աշխատանքներ են ընթանում:
Ուրանի ծրագրին դեմ են տարածաշրջանի բնակիչները: Այդ մտահոգությամբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի քանի գրավոր նամակներ են ուղարկել պատգամավորին` խնդրելով հայտնել իր դիրքորոշումը Սյունիքի մարզում ուրանի ծրագրի վերաբերյալ: Վ. Հակոբյանն այդպես էլ ոչ մի նամակի չի արձագանքել:
«Ինչի՞ են պայքարում այդ ծրագրի դեմ: Բա որ չեն իմանում` ինչի են պայքարում, էլ ինչի՞ են բողոքում»,- ասաց Վ. Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով, եթե մարդիկ տեղյակ չեն, թե պետությունն այդ ուղղությամբ ինչ քաղաքականություն է որդեգրել, պետք չէ ակտիվություն ցուցաբերել:
«Ամեն ինչ ունի գին, եւ պետք է համադրել ուրանի եւ այլ հանքավայրի շահագործումը` արդյոք ժողովրդին օգո՞ւտ է, թե՞ վնաս: Ժողովրդի մի մասը լիարժեք պատկերացում չունի այս ծրագրի վերաբերյալ: Մտահոգվելու բան չկա»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ընտրողների հետ հանդիպումներին` Վահե Հակոբյանը նշեց, թե նրանց հետ միշտ կապ ունի, թեեւ ապրում է եւ Երեւանում, եւ Դիլիջանում, եւ Կապանում:
Որտե՞ղ է պատգամավորը` ԱԺ քառօրյայից դուրս
Մինչ ԱԺ հերթական քառօրյան, որի ժամանակ նրան հանդիպեցինք, Վահե Հակոբյանի հետ կապ հաստատելու համար մեզանից մի քանի օր էր պահանջվել:
Նրա աշխատասենյակի հեռախոսը չէր պատասխանում, օգնականը նույնպես տեղում չէր: ՀՀԿ խմբակցությունից տրամադրեցին հեռախոսահամար` ասելով, որ պատգամավորի գրասենյակն այնտեղ է գտնվում:
Պարզեցինք, որ այդ հեռախոսահամարը պատկանում է «Վի Էյջ Սթոուն» ՍՊԸ-ին (նախկինում` «Սիսիան-Գրանիտ» ՍՊԸ): Այդ ընկերությունը հայտնի է բնական քարերի, տրավերտինի, գրանիտի մարմարի, բազալտի, հրաբխային տուֆի, մերգելի մշակմամբ եւ արտահանմամբ:
Սիսիանում ասում են, որ «Վի Էյջ Սթոուն» ՍՊԸ-ն պատկանում է պատգամավորի ընտանիքին: Ընկերության աշխատակցուհին տեղեկացրեց, որ Վահե Հակոբյանի գրասենյակը տեղափոխվել է, եւ տրամադրեց նոր գրասենյակի հեռախոսահամարը:
«Եթե ձեզ Վահե Հակոբյանն է պետք, ուրեմն զանգեք «Լամաքս գրուպ»,- ասաց աշխատակցուհին:
Իսկ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի երեւանյան գրասենյակից (պատգամավորի հայրը` Մաքսիմ Հակոբյանը, կոմբինատի գլխավոր տնօրենն է) ասացին, որ Վ. Հակոբյանի գրասենյակը Խանջյան փողոցի վրա գտնվող «Զանգեզուր մայնինգ» ընկերությունում է:
«Զանգեզուր մայնինգը» եւս պատկանում է Հակոբյանների ընտանիքին, եւ կոմբինատի բաժնետոմսերի մի մասը նրանց է պատկանում, իսկ Վահե Հակոբյանը 2003-2004 թթ. եղել է «Զանգեզուր մայնինգ»-ի գործադիր տնօրենը: «Լամաքս գրուպ»-ի գրասենյակը նույնպես Խանջյան փողոցի վրա է, եւ երկու ընկերությունների հասցեները համընկնում են:
Այցելեցի «Լամաքս գրուպ»: Ներս մտնել չհաջողվեց: Ընկերության աշխատակցուհին ինձ հետ խոսեց փակ դռների հետեւից, քանի որ «անկոչ հյուրերի» մուտքը գրասենյակի տարածք արգելվում է: Պատգամավորը տեղում չէր: Աշխատակցուհին հեռախոսահամար վերցրեց եւ խոստացավ կապ հաստատել մեզ հետ: Զանգ չստանալով` զանգահարեցի ընկերություն:
Վ. Հակոբյանը նորից տեղում չէր: «Չեմ կարող ասել, թե երբ կլինի, ինձ մոտ ժամերը գրված չեն: Ամեն օր այստեղ լինում է, բայց ինձ կոնկրետ ժամ չի ասվում, թե երբ է լինում»,- ասաց աշխատակցուհին:
Պատգամավորի հետ կապ հաստատելու համար հեռախոսահամար խնդրեցի Սյունիքի մարզի իմ գործընկերներից: Բոլորը խուսափում էին. «Մինչեւ իրեն չհարցնենք, չենք կարող տալ»: Վահե Հակոբյանը Սյունիքում մեծ ազդեցություն ունի, այդ թվում` տեղական լրատվամիջոցների վրա, ուստի ոչ ոք չէր ցանկանում ավելորդ խնդիրներ ունենալ պատգամավորի հետ:
Բիզնեսո՞վ, թե՞ պատգամավորական գործունեությամբ է զբաղվում
Օրվա վերջում պատգամավորի շրջապատից մեկը «համարձակվեց» տրամադրել նրա բջջային հեռախոսահամարը: Վ. Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչու չի արձագանքում իր ընտրատարածքի բնակչության եւ հասարակական կազմակերպությունների նամակներին: Ասաց, որ հեռախոսով պարզաբանում չի տա եւ հանդիպման համար ուրբաթ օրը հրավիրեց գրասենյակ (զանգահարել էի չորեքշաբթի օրը):
Տեղեկացնելով, որ իր գրասենյակում արդեն եղել եմ, Վ. Հակոբյանը ժխտեց, որ դա իր գրասենյակն է:
«Խանջյան փողոցի վրա իմ եղբոր գրասենյակն է, ես ի՞նչ կապ ունեմ այդ գրասենյակի հետ: Նա իմ աշխատողը չի, եղբորս աշխատողն է, շփոթում եք: Ես պատգամավոր եմ, պատգամավորական գործունեությամբ եմ զբաղվում, դա իմ եղբոր բիզնես օֆիսն է: Այնտեղ երբեմն լինում եմ եղբորս տեսակցելու համար»,- ասաց Վ. Հակոբյանը: Հետո առաջարկեց ուրբաթ օրը գալ Ազգային ժողով եւ այդ մասին պայմանավորվել իր օգնականի հետ:
«Բայց ձեր օգնականն էլ ԱԺ չի գալիս, չեմ կարողանում նրան գտնել»,- ասացի պատգամավորին:
«Ես ի՞նչ անեմ: էս չես կարում անես, էն չես կարում, բա ի՞նչ ես կարում անես: Բա լրագրողի գործն էլ դա է, այդպես չի՞»,- ավելացրեց Վ. Հակոբյանը:
«Պատգամավորի եւ նրա օգնականի գործն էլ ԱԺ-ում լինելն է»,- պատասխանեցի: «Դու չպիտի ինձ ասես, թե ես ինչով զբաղվեմ, դու արդեն ուրիշ դաշտ ես մտնում: Կարծում եմ` ամեն ինչ ասացի»,- ավելացրեց Վահե Հակոբյանն ու անջատեց հեռախոսը:
Վահե Հակոբյանի օգնական Անահիտ Մակարյանը նույնպես չկարողացավ հանդիպում կազմակերպել պատգամավորի հետ: Երբ այդ խնդրանքով զանգահարեցի նրան, շփոթվեց, ասաց, թե պատգամավորը Հայաստանում չէ:
Հետո խոստացավ, որ երբ Վ. Հակոբյանը վերադառնա, նրան «ինչ-որ կերպ կփոխանցի», որ ցանկանում եմ հանդիպել: Ապա իմանալով, որ պատգամավորն անձամբ է ուրբաթ օրը հրավիրել հանդիպման, Ա. Մակարյանն ասաց. «Եթե իր հետ խոսել եք, կարծում եմ` պրոբլեմ չի լինի: Այսինքն` ոչինչ չեմ խոստանում, վերջին խոսքն իրենն է: Եթե ինքը հանրապետությունում է, մեկ օր հետո զանգեք ինձ, որ ստույգ ասեմ»:
Մեկ օր հետո պատգամավորը նորից երկրում չէր: Ա. Մակարյանը նաեւ ասաց, որ ինքն իրավասու չէ ճշտել, թե ինչ նպատակով է պատգամավորը երկրից բացակայում: Պարզ է, որ Վահե Հակոբյանը
Հայաստանում էր, պարզապես խուսափում էր հանդիպումից: Արդեն ԱԺ-ում պատգամավորն ասաց, որ հնարավոր է` օրը 10 անգամ էլ լինի նշված գրասենյակում:
«Կարամ ընդեղ նստեմ կամ չնստեմ, դա խիստ պայմանական է: Իմ եղբայրն էլ ինձ թույլ է տալիս, որ գնամ այնտեղ նստեմ»,- ավելացրեց նա:
Եթե Վ. Հակոբյանը պատգամավորական գործունեությամբ է զբաղված, եւ բիզնես գրասենյակներն իր հետ կապ չունեն, այդ դեպքում ի՞նչ միջոցներով է 2009 թ. ձեռք բերել 2 շենք-շինություն եւ կուտակել 1 մլրդ 664 մլն 283 հազար դրամ եկամուտ, երբ պատգամավորի մեկ տարվա աշխատավարձը մոտ 3 մլն 600 հազար դրամ է:
Փաստորեն, մեկ տարվա ընթացքում պատգամավորն իր աշխատավաձը 462 անգամ գերազանցող եկամուտ է ունեցել: Այժմ էլ եռահարկ առանձնատուն է կառուցում Քանաքեռ-Զեյթուն համայնքի Բաբայան փողոցում:
Անդրադառնալով իր եկամուտներին` Վ. Հակոբյանն ասաց, որ սեփականության իրավունքով տնտեսություններ ունի եւ այնտեղից եկամուտներ է ստանում, բայց բիզնեսով չի զբաղվում:
«Զբաղվում եմ օրենսդրաշինական եւ գիտական գործունեությամբ»,- ավելացրեց պատգամավորը:
Վ. Հակոբյանի աշխատասենյակը գրեթե միշտ գտնվել եւ այժմ էլ գտնվում է տարբեր ՍՊԸ-ների տարածքում, այլ ոչ Ազգային ժողովում: Մինչդեռ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի հոդված 8-ում նշված է, որ պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել