
Հունվարի համեմատ էժանացել են պարենը, տրանսպորտն ու հագուստը, թանկացել` դեղերն ու վառելիքը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է սպառողական գների ինդեքսը 2013 թ. փետրվար ամսվա դրությամբ:
Այսպես՝ հանրապետության մասշտաբով ընթացիկ տարվա փետրվարին պարենային ապրանքների գներն իջել են 0,9 տոկոսով, հագուստն ու կոշիկը էժանացել են 1,1, տրանսպորտը եւ կապը՝ 0,1, իսկ մշակույթի ապրանքները եւ ծառայությունները՝ 3,4 տոկոսով:
1,7 տոկոսով գնաճ է գրանցվել ոգելից խմիչքի եւ ծխախոտի շուկայում: Դա առավելագույն աճն է ապրանքախմբերի մեջ: 1,4 տոկոսով թանկացել են բուժսպասարկումն ու դեղորայքը: Տնային գործածության ապրանքների դեպքում էլ գնաճը կազմել է 0,7, իսկ բնակվարձի, վառելիքի ու էլեկտրաէներգիայի շուկայում՝ 0,1 տոկոս:
ԱՎԾ-ի դիտարկած քաղաքներից փետրվար ամսին հունվարի համեմատ ամենամեծ գնանկումը կոնկրետ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է Արտաշատում՝ 2,3 տոկոսով: Ոգելից խմիչքն ու ծխախոտը, որոնք թանկացողների շարքում են, ամենամեծ գնաճը գրանցել են Մարտունիում՝ 2,9 տոկոս: Հագուստի ու կոշիկի լավագույն գնանկում գրանցվել է Էջմիածնում՝ 2,6 տոկոս: Բնակվարձն ու էլեկտրաէներգիան համատարած են թանկացել 0,1 տոկոսով, եւ միայն Էջմիածնում է եղել նույնչափ գնանկում: Նույն քաղաքում էլ 1,2 տոկոսով աճել են տնային պարագաների գները, ինչը բարձր է մյուս քաղաքների ցուցանիշներից: Բուժսպասարկումն ու դեղորայքը ամենամեծ՝ 5,7 տոկոսի թանկացում են գրանցել Մարտունիում: Տրանսպորտն ու կապը որոշ քաղաքներում թանկացել են, որոշներում՝ էժանացել: Գնանկման տեսանկյունից լավագույն ցուցանիշը Վանաձորինն է՝ 1,1 տոկոս: Մշակույթի ապրանքների եւ ծառայությունների ոլորտում էլ ընդհանուր էժանացման ֆոնին ամենամեծ գնանկումը Երեւանինն է՝ 5,1 տոկոս:
Մեկնաբանել