
Նարինե Մկրտչյանը հնարավոր է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան
«Հետքի» հարցերին պատասխանում է Մամուլի ազգային ակումբի նախագահ, ՀՀ նախագահական ընտրություններին չգրանցված թեկնածու Նարինե Մկրտչյանը: Մարտի 5-ին ՍԴ-ն մերժեց նրա դիմումը, որով նա բողոքարակում էր ՀՀ ԿԸՀ-ի որոշումը: Ըստ այդ որոշման՝ նրան չէին գրանցել որպես ՀՀ նախագահի թեկնածու, քանի որ չէր վճարել 8 մլն ընտրագրավը:
ՍԴ-ը մերժեց ձեր դիմումը, ըստ այդմ` որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը, ինչպե՞ս եք շարունակելու ձեր պայքարը:
Իմ պայքարը ոչ սկվսել է ՍԴ-ով, ոչ էլ դրանով է ավարտվելու: ՍԴ դիմելու նպատակը ընտրագրավի անօրինականության խնդիրն իրավական դաշտում լուծելն էր. այդքանով է պայքարը ՍԴ-ով պայմանավորված: Այժմ մտածում ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիմա քննարկում ենք դրա հիմքերն ու հնարավորությունները, քանի որ խնդիրը ոչ միայն դիմելն է, այլև վարույթ ընդունելը և հաղթանակ ապահովելը: Բնականաբար, զուգահեռ պետք է տանել նաև քաղաքական պայքար:
Այսօր տարբեր ընդդիմադիր ուժեր և անձինք փորձում են համախմբվել Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Ի՞նչ է ձեր դիրքորոշումը: Հնարավո՞ր է դուք էլ միանաք:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ համախմբվելը պայմանավորված է ընտրությունների արդյունքներով, այսինքն` ընտրություններում նրա հաղթանակով: Բնականաբար, այս պահին նա է դարձել ընդդիմադիր զանգվածի, քաղաքական բողոքի արտահայտման առանցքը:
Սակայն ես որոշ վերապահումներ ունեմ` կապված Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական վարքագծի հետ: Այս պայքարում ես չեմ տեսնում նրա ոչ քաղաքական, ոչ էլ, առավել ևս, հեղափոխական վարքագիծը, իսկ իրավիճակը հեղափոխական է: Նրա քայլերը համահունչ չեն հասարակության պահանջներին: Լինելով հասարակական ընդվզման ջատագով և համարելով, որ այս պահին դա է միակ ճանապարհը, քանի որ իշխանությունը այլ ճանապարհ չի թողել, այնուամենայնիվ, չեմ կարծում, թե հիմա կմիանամ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Իսկ ի՞նչ պետք է արվի, որ այս պահին ընդդիմությունն ու հասարակությունն իրար համապատասխանեն և համահունչ լինեն:
Քաղաքական առաջնորդները պետք է հասկանան հասարակության պահանջները: Հասարակությունը փոփոխություններ է ուզում, այն էլ` լայնածավալ, արմատական և խորքային: Առաջին քայլն ամբողջական իշխանափոխությունն է: Մինչդեռ այս պահին, ՀՀ նախագահի ընտրության իրական արդյունքների հաստատման, հետընտրական զարգացումները թողած, խոսում են Երևանի ավագանու ընտրությունների մասին: Դա մեծ նահանջ է և հենց իշխանության ցանկությունն է` ուշադրությունը շեղել նախագահի ընտրություններից և տեղափոխել Երևանի ավագանու ընտրությունների վրա:
Քաղաքական գործիչների առանձնահատկությունը դա պետք է լինի. ոչ միայն ընդառաջ գնալ հասարակության պահանջներին, այլև առաջնորդել հասարակությանը: Նրանք պարտավոր են ունենալ գործողությունների ծրագիր, ինչը չեմ տեսնում, պարտավոր են առնվազն մի քանի քայլ առաջ տեսնել: Հակառակ դեպքում հասարակությունը ինքը պետք է որոշի փոփոխությունների իրականացման ուղղությունը:
Ովքե՞ր են Ձեր պոտենցիալ համախոհները, և ո՞րը կլիներ Ձեր պոտենցիալ ընտրազանգվածը, եթե ներկայացված լինեիք ընտրություններում:
Եթե ես ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենայի և չունենայի այդ չարաբաստիկ ընտրագրավի խնդիրը, ապա ընտրարշավի կեսից հստակ կլիներ իմ ընտրազանգվածը, թեպետ ինձ համար պարզ էր, որ այդ ընտրազանգվածի հիմքը կլիներ մտավորականությունը: Մտավորականությունը դեռ իր խոսքը չի ասել: Ավելին, թերևս, չեմ կարող ասել, քանի որ զրկվել եմ այդ ընտրազանգվածն ամբողջությամբ գնահատելու հնարավորությունից:
Եթե ես ընտրապայքարին մասնակցելու հնարավորություն ունենայի` իրավիճակը միանգամայն այլ կլիներ: Ես վճռական եմ, տեսնում էի փոփոխությունների ճանապարհը և ծանոթ էի հասարակության սպասումներին: Կարծում եմ` այժմ իրավիճակը շատ բարդ է ՀՀ իշխանությունների համար, և նախագահի նոր ընտրությունները բնավ բացառված չեն:
Բայց պաշտոնապես ընտրությունները լինելու են 5 տարի անց միայն: Մինչ այդ ինչպիսին է լինելու Ձեր գործունեությունը, որպեսզի ավելի լայն շրջանակներում ևս Ձեզ ճանաչեն:
Դա Սերժ Սարգսյանի երազանքն է, որ 5 տարի անց տեղի ունենան ՀՀ նախագահի ընտրությունները: Ես չեմ պատրաստվում աջակցել նրա երազանքի իրականացմանը: Ընդհակառակը` ամեն ինչ պետք է անեմ, որ նրա երազանքը իրականություն չդառնա:
Ինչ վերաբերում է պայքարի մեթոդներին, ապա դրանք բազում են և բազմազան: Այնպես չէ, որ ես նոր մարդ եմ քաղաքականության ոլորտում. ավելի քան 20 տարի քաղաքական լրագրության մեջ եմ և լավ գիտեմ քաղաքական դաշտը: Նոր մարդ եմ քաղաքական գաղափարների և արժեքների տեսանկյունից, ինչը դրական է քաղաքական-հասարակական գործընթացներում: Այսօր քաղաքական դաշտը նոր մարդկանց, նոր և բարձր արժեքների և սկզբունքների կարիք ունի:
Կարծում եմ` առաջիկայում հնարավորություն կունենաք տեսնել իմ քաղաքական քայլերը և գործողությունները: Գրեթե համոզված եմ, որ Հայաստանում նախագահի նոր ընտրություններն անխուսափելի են: Իմ քայլերն էլ համահունչ կլինեն տվյալ քաղաքական գործընթացներին:
Այնուամենայնիվ, խնդիր չունե՞ք ավելի ճանաչելի դառնալ հասարակության կողմից, որովհետև քաղաքական դաշտում ունեք լրագրողական փորձ, բայց նոր եք որպես քաղաքական գործիչ:
Ընդամենը պետք է բաց պահել հեռուստաեթերը, թույլ տալ, որ եթերում լինի բազմակարծություն: Չնայած այսօր` youtube-ի դարաշրջանում, դա էլ այնքան կարևոր չէ. լսարանի հետ շփվելու բազում այլ միջոցներ կան:
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնրակվեն, որպեսզի ձեր նշած վաղաժամկետ ընտրությունները տեղի ունենան:
Նախ, ամենակարևորն արդեն կա` հասարակությունը պատրաստ է փոփոխությունների: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հասարակությունը մերժում է Սերժ Սարգսյանի քաղաքական ուղեգիծը և չի ուզում նրան տեսնել նախագահի պաշտոնում: Եթե նա չի արդարացրել ժողովրդի հույսերը, պետք է հեռանա: Դրա մեջ ողբերգություն չկա:
Երկրորդ` Հայաստանը կանգնած է բարդ իրավիճակի առջև. ապշել կարելի է, երբ տեսնում ես, թե մեր պետական կառույցներն ինչ թշվառ վիճակում են: Դրանք բացարձակ բարձիթողի վիճակում են և չեն պաշտպանում հասարակության շահերը: Ավելին` գործում են ընդդեմ հասարակության: Վերջին ամենաթարմ օրինակը, որ կարող եմ բերել, Սահմանադրական դատարանն է: Այն չի գիտակցում իր դերը, կոչումն ու նշանակությունը պետության և հասարակության կյանքում:
Երրորդ` արտագաղթի սոսկալի չափեր, որոնք ավելի են մեծանալու, եթե փոփոխություններ տեղի չունեն:
Չորրորդ` կոռուպցիան, որը կարծես դարձել է քաղաքական համակարգի մաշկը: Այս խնդիրները բազում են և չեն կարող մնալ անհետևանք, եթե չլուծվեն: Պետք է կասեցնել այս գործընթացները, որովհետև սա մեր երկիրն է, որը մենք սիրում ենք:
Կա՞ն քաղաքական ուժեր, անձինք, որոնց հետ պատրաստվում եք համագործակցել:
Կան մարդիկ (անուններ չտամ), որոնց հետ պատրաստվում եմ առաջիկայում հանդիպել` քննարկելու այն խնդիրները, քայլերը, որոնք հնարավոր է երկիրը տանեն հեղափոխության ճանապարհով: Դրանք այն մարդիկ են, ովքեր մտածում են այնպես, կամ գրեթե այնպես, ինչպես ես:
Մեկնաբանել