
«Րաֆֆի Հովհաննիսյանի վրա մեծ պատասխանատվություն կա, և նրա կողմից նահանջը ժողովուրդը չի ների»
Կարեն Հարությունյանն այն քաղաքացիներից է, ով փետրվարի 19-ին` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, «հարամեց» ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդների մամուլի ասուլիսը, որոնք դրական էին գնահատում նախորդ օրն անցկացված նախագահական ընտրությունները։ Նա հիմա էլ է իր ընկերների հետ ակտիվ մասնակցություն ցուցաբերում հետընտրական գործընթացներին:
«Դեռ մինչև ընտրություններն էինք ասում, որ դրանք կեղծվելու են և սկսել ենք պայքարել, ինչը շարունակում ենք հիմա: Մենք չենք ճանաչում ընտրության արդյունքները և կեղծ նախագահին: Այդ իսկ պատճառով քաղաքացիական անհնազանդություն ենք հայտարարել և այդ միջոցներով շարունակելու ենք պայքարը: Համագործակցելու ենք բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են հանրային շահի, ժողովրդավարության և սահմանադրականության համար»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ակտիվիստ Կարեն Հարությունյանը:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանին, որը պետք է քննի նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրեաս Ղուկասյանի ընտրությունների վերաբերյալ դիմումը՝ Կ. Հարությունյանը նշեց, որ իրենք Սահմանադրական դատարանի հետ հույս չեն կապում եւ հույսը միայն իրենց վրա են դնում:
«ՍԴ-ն ինքնուրույն մարմին չէ, ԿԸՀ-ից հետո ընտրակեղծիքների մեքենայի մի օղակն է, և նա չի կատարում իր պետական գործառույթը: Նրա վրա կա այլ առաքելություն՝ հաստատել կեղծված ընտրությունները, և եթե չլինի հանրային հարկադրանք, ապա այդպես էլ կանի: Եվ ինչպես ԿԸՀ-ի դեպքում, այս դեպքում ևս ՍԴ-ն կատարում է հանցագործություն ժողովրդի դեմ և մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա բոլորը` ՍԴ նախագահի գլխավորությամբ, իսկ հանրությունը անպայման պատասխանատվության է ենթարկելու հանցագործներին»,- ավելացրեց Կարենը:
Նրա կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանի վրա մեծ պատասխանատվություն կա և նրա կողմից նահանջը ժողովուրդը չի ների:
«Բայց հիմա մի իրավիճակ է ստեղծվել, որ ժողովրդի գիտակցությունը հասել է մի աստիճանի, որ շատերը մերժել են փրկիչներին և սկսել են իրենց վրա պատասխանատվություն վերցնել և պատրաստ են պայքարել անկախ Րաֆֆիից: Ես ինքս շարունակելու եմ պայքարել անկախ այդ հանգամանքից, և, կարծում եմ, պայքարը կշարունակվի»,- ասաց Կ. Հարությունյանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել