
Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը կալանավորվեց
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հենց նոր դատարանի որոշմամբ կալանավորվեց: Նախաքննական մարմինը նրան մեղադրում է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը պատվիրելու մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ՝ Երեւանի Տպագրիչների 9 հասցեում, նախագահի նախկին թեկնածուներից Պարույր Հայրիկյանի վրա կրակեցին: Աջ անրակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով նա տեղափոխվեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Գաղտնի քաղաքական կազմակերպության անդամ լինելու, ինչպես նաև տարածված տեսակետին ընդդիմացող հայացքներ արտահայտող իր գրվածքների համար Հայրիկյանը տարիներ է անցկացրել խորհրդային բանտերում, ճամբարներում ու աքսորում: 2013 թ. փետրվարյան քվեարկության ժամանակ նա արդեն 3-րդ անգամ պայքարում էր ՀՀ նախագահի պաշտոնի համար, եւ այդ օրերին քաղաքական ինտրիգը պտտվում էր մեկ հարցի շուրջ՝ կդիմի՞ Հայրիկյանը Սահմանադրական դատարան՝ ընտրության օրը հետաձգելու պահանջով, թե՞ ոչ:
Հայրիկյանը, ի վերջո, ՍԴ չդիմեց, իսկ իր դեմ իրականացված մահափորձը կապեց դրսի ուժերի, մասնավորապես Ռուսաստանի հետ: Նույնիսկ հայտարարեց, որ կրակողին նկատել է, եւ նա սլավոնական արտաքին ուներ:
![]() |
Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը |
Սակայն մեկ շաբաթ անց՝ փետրվարի 7-ին, Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ԱԱԾ-ն ձերբակալեց ոչ սլավոնական արտաքինով 2 հոգու՝ 1966 թ. ծնված, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Պողոսյանին և 1972 թ. ծնված Սամվել Հարությունյանին: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ վերջիններս մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Ավելին՝ ձերբակալվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տեսակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնագետների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը:
Պարզվեց նաեւ, որ վերջիններս կապ ունեն էպոսագետ Վարդան Սեդրակյանի հետ. ժամանակին նրա տանը վերանորոգման աշխատանքներ են իրականացրել: Էպոսագետը, սակայն, հայտարարեց, որ Հայրիկյանի դեմ մահափորձի հետեւում Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործող մասոնական մի կազմակերպություն է, որին անդամակցում է նաեւ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նպատակը, ըստ էպոսագետ ներկայացող Սեդրակյանի, իր նման ազգային, գաղափարական գործչին խաղից դուրս հանելն է, ինչից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը կդառնար խիստ ամերիկամետ:
Ողջ քարոզարշավի ընթացքում Վարդան Սեդրակյանը վստահեցնում էր, որ ստանալու է ընտրողների քվեի 81 տոկոսը եւ դառնալու է ՀՀ չորրորդ նախագահը: Բայց արդեն քարոզարշավի ավարտին այս համոզմունքին զուգահեռ նա կարծիք հայտնեց, որ ընտրություններից հետո՝ կոնկրետ փետրվարի 22-23-ին, իրեն կձերբակալեն:
Փետրվարի 18-ի քվեարկության արդյունքում էպոսագետը պաշտոնական տվյալներով ստացավ ձայների 0,42 տոկոսը: Իսկ ահա Սեդրակյանի մյուս կանխատեսումը օրերի տարբերությամբ իրականություն դարձավ. նա արդեն անազատության մեջ է:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել