
Ստորգետնյա ավտոկայանատեղին` փողոցներում մեքենա կայանելու արգելքի պատճառ
Ինչպես հայտնի է, Ազատության հրապարակն ու Օպերայի և բալետի ազգային թատրոնը «շրջափակող» 4 փողոցների (Մաշտոց, Սայաթ-Նովա, Տերյան ու Թումանյան) վրա` Օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից հատվածում, մեքենաների կանգառն ու կայանումն արգելված է, իսկ այդ փողոցների նշված հատվածների վրա կանգնած է ՃՈ մեկական մեքենա:
Մի կողմ թողնելով այն հարցը, որ հասկանալի չէ տարիներ շարունակ այդտեղ ծառայություն իրականացնող ՃՈ 4 մեքենաների (էկիպաժների) առաքելությունը (ի տարբերություն, ասենք, Բաղրամյանի վրա կանգնած ՃՈ էկիպաժի)` փորձենք հասկանալ այդ փողոցներում կանգառի ու կայանման արգելքի իմաստը:
Ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ մեքենա կայանելը պետք է թույլատրված լինի ամենուր, որտեղ դա չի խանգարի այլ մեքենաներին ու հետիոտնին, որտեղ չի ստեղծի խցանումներ ու վթարային իրավիճակներ:
![]() |
![]() |
Հենց այդ իսկ տրամաբանությամբ մեքենա կայանելն արգելված է խաչմերուկներում, հանրային տրանսպորտի կանգառների շրջակայքում (15 մետր) և այլ` երթևեկող հոսքերի կողմից օգտագործող ճանապարհահատվածներում:
Սակայն, ինչպես արդեն նշվեց, մեքենաների կայանումը և անգամ կանգառը (կանգառը կարճ տևողությամբ կայանումն է) խստիվ արգելված է: Թերևս, եթե այդ արգելքը տրամաբանական է Տերյան փողոցի ներքևի (Սայաթ-Նովայից դեպի Թումանյան) հատվածի վրա, ուր հաճախ խցանումներ են, ապա նույն փողոցի մյուս կողմի և 3 փողոցների երկու կողմերի վրա կայանված մեքենաները չեն խոչընդոտի երթևեկությանը:
![]() |
![]() |
Մասնավորապես, Թումանյան փողոցը, որն այդ հատվածում միակողմանի է և ունի երթևեկության 4 գոտի, կարող է հանգիստ և առանց խցանումներ ստեղծելու գոնե մի կողմում կայանված մեքենաներ տեղավորել: Նույն վիճակը Սայաթ-Նովա փողոցի վրա է, ուր ամեն ուղղությամբ երթևեկության 3 գոտի կա. այստեղ երբեք խցանումների հոտ անգամ չկա, և կայանված մեքենաները չեն կարող ոչ մեկին խանգարել:
Այդ արգելքն առավել քան անտրամաբանական է Մաշտոցի պողոտայի պարագայում, ուր ամեն ուղղությամբ, բացի 3 գոտիներից, կայանված մեքենաների համար նախատեսված հատված կա: Դա այն հատվածն է, որը «Լինսի» հիմնադրամով պողոտայի վերակառուցման ժամանակ խոտածածկից դարձավ ասֆալտապատ… Այն ժամանակ կանաչ մակերեսի այդ կրճատումը արդարացվում էր մեքենաների կայանման անհրաժեշտությամբ, իսկ հիմա (արդեն մի քանի տարի) կայանումն արգելված է:
Բա ինչո՞ւ են կայանումն արգելել
2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերից հետո, ըստ ամենայնի, ընդդիմությանը Ազատության հրապարակ չթողնելու համար այդ հրապարակի տակ նախաձեռնվեց մի ահռելի (երեք հարկանի) ավտոկայանատեղիի կառուցումը: Սակայն մի պայծառ օր կառուցումն ավարտվեց և պարզվեց, որ ավտոկայանատեղին վճարովի է… Վճարն էլ ոչ ավել, ոչ պակաս` ժամը 200 դրամ:
Բոլորին է ակնհայտ, որ երևանյան վարորդներից համարյա ոչ ոք մեքենայի կայանման համար ժամում 200 դրամ մտադիր չէ վճարել, քանի որ դա զգալիորեն ավելի թանկ է մյուս վճարովի ավտոկայանատեղիներից:
Այս պարագայում նաև զարմանալի չէ, որ Ազատության հրապարակի տակ գտնվող կայանատեղին, ըստ էության, դատարկ է… Սովորաբար հարյուրավոր մեքենաների համար նախատեսված այդ կառույցում մի քանի մեքենա է կայանված լինում:
Եվ հենց այդ իրավիճակը շտկելու համար իշխանությունները դիմեցին հրապարակի շրջակայքում կայանումն արգելելու քայլին` փորձելով ստիպել վարորդներին իջնել ստորգետնյա վճարովի կայանատեղի (որոշման այլ տրամաբանական բացատրություն չկա):
Ու նույնիսկ երբ անգամ այդ հակահանրային քայլը չհանգեցրեց ստորգետնյա կայանատեղիի բիզնեսի ծաղկմանը, միևնույն է, արդեն տարիներ շարունակ վարորդներին չեն թույլատրում կանգնել փողոցների վրա, ուր տարիներ առաջ, ինչպես նշեցինք, անգամ դրա համար նախատեսված հատվածներ են ստեղծվել:
Վերջաբանի փոխարեն` դիմում
Երկար-բարակ վերջաբան ու եզրակացություններ գրելու փոխարեն պարզապես կոչ կանեմ Երևանի քաղաքապետարանին և Ճանապարհային Ոստիկանությանը վերանայել նշված ճանապարհահատվածներում մեքենաների կայանման և կանգառման արգելքի մասին որոշումը և առաջնորդվել հանրության, ոչ թե ավտոկայանատեղին շահագործողի շահերով:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել