
Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ Արցախում կարծիքները հակասական են
Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ, ըստ ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մաիլյանի, ներկայիս իրավիճակում, այսպես կոչված՝ հիմնարար սկզբունքները կարող են ստորագրվել միայն ուժեղ միջազգային ճնշման տակ, քանզի չկան օբյեկտիվ նախադրյալներ դրանց ինքնակամ ընդունման համար:
Համանախագահների կողմից առաջարկված նախագծի ստորագրումը նախնական փուլում հակամարտող կողմերի հասարակություններում կարող է հանգեցնել ներքին ապակայունացման, իսկ դրանց իրականացման դեպքում պատերազմն անկասելի կդառնա, քանզի խաղաղությունը` հիմնված մադրիդյան փաստաթղթի վրա միայն նշանակում է հետաձգված պատերազմ:
Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, քաղաքական կուսակցությունները մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը, այսպես կոչված՝ հիմնարար սկզբունքների և դրանց տարրերի, ինչպես նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման մեթոդոլոգիայի նկատմամբ:
«Որոշակի առաջընթաց կարելի է համարել շփման գծում վստահության հաստատմանը և լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի մասին Աստրախանի և Սոչիի համաձայնությունների զարգացումը: Առանց ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանին ամուր կայունության հաստատման և հրադադարի ռեժիմի խախտումների դադարեցման` անհնարին է շարունակել առանցքային քաղաքական հարցերի համաձայնեցման գործընթացը: Հակամարտության գոտում բարենպաստ մթնոլորտի հաստատումը հանդիսանում է նվազագույն անհրաժեշտ պայմանը խաղաղ երկխոսության շարունակման համար»,- ասում է Մ. Մաիլյանը:
Արցախյան մոտ 20 ոչ պետական կազմակերպություների հայտարարությունը և ՀՅԴ Արցախի մասնաճյուղի կոչը Մ. Մաիլյանը դրական քայլ է համարում: Այսօր Ստեփանակերտում «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի կազմակերպած քննարկումը Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ, ըստ նրա, խոսում է այն մասին, որ տեղի հասարակությունն անհանգստանում է ԼՂՀ-ի և ՀՀ -ի համար հնարավոր վտանգավոր մադրիդյան փաստաթղթի ընդունումից: Կարևոր է, որ արցախցիներն անմասն չեն սեփական ճակատագրից և իրենց հասանելի միջոցներով փորձում են պաշտպանել իրենց հիմքային իրավունքները:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանը չի կարծում, որ որչևէ կարևոր փաստաթուղթ կընդունվի: «Ամենայն հավանականությամբ, կստորագրվի հերթական մի փաստաթուղթ` ամրապնդելով նախկինում ստորագրված փաստաթղթերը: Միակ մտահոգիչ պահը ԱՄՆ-ի շահագրգռվածությունն է ստեղծված իրավիճակի փոփոխությանը, սակայն չեմ կարծում, որ ԱՄՆ-ի կողմից որևէ ճնշում կգործադրվի կամ էլ մեր շահերը կոտնահարվեն»,- ասում է պատգամավորը:
Ա. Պետրոսյանը մինչ նախագահների հանդիպումը որևէ հայտարարությամբ հանդես գալը անիմաստ է համարում: Այն, հավանաբար, կլինի հանդիպումից հետո:
ԼՂՀ ՊԲ առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը խոստովանում է, որ չէր ցանականա, որ արցախցիների համար Կազանում որևէ անընդունելի փաստաթուղթ ստորագրվի, չնայած՝ երբեք ոչինչ չի բացառում: Նա նման իրավիճակներում ակնկալում է ղեկավարության միայն մի հայտարարությունը` մենք պատրաստ ենք հայրենիքի համար զոհողությունների գնալ, անհարաժեշտության դեպքում կյանքի գնով պաշտպանել Արցախը:
«Ժողովրդի համար հետաքրքիր չէ, թե Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն ինչ են ասում կամ մտածում: Մարդկանց տարրական բաններ են պետք` հայրենիքում ապրել, ուտելու բան ունենալ, և որ երեխան խաղաղ պայմաններում դպրոց հաճախի: Ահա այդ տարրական, բայց կենսական պայմաններն էլ մեր իշխանությունը պիտի ապահովի»,- ասում է Ա. Կարապետյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել