
Այս շարժումը կասեցնելու համար ոչ մի տեխնոլոգիա չի աշխատում. Վարդան Պետրոսյան
Այսօր` հանրահավաքի ժամանակ, դերասան Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած ընդդիմադիր հանրության համար տեղի է ունեցել ամենակարևորը` «հաղթանակ ներսում, գիտակցության մեջ»: Հրապարակում հավաքվածները արդեն հաղթել են իրենց «գլխում»` հայտարարեց նա` ավելացնելով, որ այդ հաղթանակի լուրը հասցրել է տարածվել ողջ աշխարհով մեկ:
«Առաջին հերթին հիացած և զարմացած են աշխարհի բոլոր հայերը: Այս հաղթանակը զարմացրել է իսկապես բոլորին»,- ասաց Վ. Պետրոսյանը:
Նա նշեց, որ «հաղթանակը անսպասելին էր իշխանությունների համար», որոնք «այդքան ինքնավստահ էին»: Հայաստանում, նրա կարծիքով, ստեղծվել է բացառիկ իրավիճակ` խորքային փոփոխություններ անելու համար: «Դրա սկիզբը դրեցիք դուք»,- Վ. պետրոսյանը խոսքն ուղղեց հրապարկում հավաքվածներին:
Նա պատմեց, որ մի քանի օր առաջ ծանոթացել է այս օրերին մամուլում հրապարակված նյութերին, հասցրել է ամեն ինչի մասին իմանալ հեռվից: Կարդացել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, որում նա նշել է, թե հայ տղամարդը թող իր ընտանիքի բարեկեցության մասին մտահոգվի: ԱԺ նախագահի հայտարարության պատասխանը Վ. Պետրոսյանը տվեց հրապարակում. «Ցավոք սրտի իշխանությունները ոչ մի կերպ թույլ չեն տալիս հայ տղամարդուն զբաղվել ընտանիքով. հայ մարդը ուզում է իր տունը պահել, բայց դրա հնարավորությունը չունի: Այստեղ կան հազարավոր մարդիկ. նրանք հավաքվել են վերջին հույսով: Վաղը դուք հաղթելու եք, դուք արդեն հաղթել եք ձեր գլխում»:
Հաղթանակը տանելու ճանապարհին, Վ. Պետրոսյանի կարծիքով, մարտի 1-ը չի կրկնվելու: «Այս շարժումը իր տեսակով զարմանալի է, սա ինքնաբուխ շարժում է. շարժման ղեակավարը այն զարգացնում է բարեկամական ճանապարհով ու զարմացնում է բոլորին, ովքեր ցանկանում են կասեցնել նրա առաջընթացը, նրանց համար ոչ մի տեխնոլոգիա չի աշխատում»,-ասաց նա:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել