
«Մեղավորը ոչ թե Լիսկան է, այլ այն գիտաշխատողները», ովքեր նրան գիտնական են դարձնում
Նախախորհրդարանն այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում «Գիտությունը և Հայաստանի դերն ու հեռանկարը» թեմայով: Քննարկումը վարում էր Նախախորհրդարանի քարտուղար Գարեգին Չուգասզյանը: Քննարկման ընթացքում նա ասաց, որ գիտության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներից մեկը գիտնականների հեղինակության բացարձակ արժեզրկումն է, նրանց նվաստացման «նոր փուլը»:
«Մենք հիմա կանգնած ենք մի ճամփաբաժանի, որից հետո գիտություն, գիտնական ասածը Հայաստանում բացարձակ արժեք չի ունենալու, ինչքան ուզում եք նորարարություններ առաջարկեք: Երբ Լիսկան, որ բացարձակ քրեական կերպար է Հայաստանում, գիտնական է դառնում Հայաստանում, բոլոր գիտնականները դրանից հետո արժեքազրկվում են: Դրանից հետո չպետք է սպասել, որ գիտնականը հեղինակություն կունենա հասարակությունում: Մենք պիտի հասկանանք, որ ինչ որ պահից սկսած` թացն ու չորը պիտի անջատվեն իրարից»,-ասաց նա:
Կլոր սեղանի մասնակիցների մեկը` ԳԱՏԱՀ-ի հիմանդիր տնօրեն (Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ) Հարություն Կարապետյանը միացավ Գ. Չուգասզյանի մտահոգությանը, բայց ավելացրեց, որ «մեղավորը ոչ թե Լիսկան է, այլ այն գիտաշխատողները», ովքեր նրան գիտնական են դարձնում:
Նա նշեց, որ գիտությունների թեկնածու է նաև Հովիկ Աբրահամյանը: «Հիմա էլ արդեն դոկտոր է դառնում, դոկտորականի հայտ է ներկայացնում` էկոլոգիային վերաբերող թեմայով: Համակարգն է թույլ տալիս նրանց դա անել: Սա շատ լուրջ հարց է»,-ավելացրեց նա:
«Հետքի» հետ զրույցում Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը հերքեց, որ ԱԺ նախագահը դոկտորական թեզ է գրում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել