
Հովիկ Աբրահամյանի մոտ էլի խորհրդակցություն էր
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը` ՀՀԿ-ի եւ խորհրդարանական ընդդիմությունից «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես «Հետքին» տեղեկացրին ԱԺ-ից, Հ. Աբրահամյանի մասնակցությամբ խորհրդակցության մասնակիցները` Գալուստ Սահակյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ռուբիկ Հակոբյանը, վերջնական եզրակացության չեն եկել:
Իսկ նրանք քննարկում էին մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, երկու տարվա ընթացքում համամասնական ընտրակարգին անցնելու, ինչպես նաեւ ընդդիմության վերահսկողական լծակների ավելացմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը ԱԺ քառօրյայի հենց առաջին օրը պահանջեց, որպեսզի խորհրդարանն արձագանքի նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամային իրավիճակը: Հովիկ Աբրահամյանը ԱԺ խմբակցություններին կոչ արեց միասին քննարկել ստեղծված իրավիճակը եւ այն խորհրդարան տեղափոխելու համար ինչ որ ձեւաչափ գտնել: ԱԺ նախագահի առաջարկին արձագանքել է միայն ՀՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն:
Մեկնաբանել