
ԱԺ-ում թեժ քննարկումներ են. սեղանին «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագիծն է
Ազգային ժողովում քննարկվում է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:
Ըստ նախագծին` այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը: Իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:
Գործող օրենքով` այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը` 42 ամիս: Կառավարությունն առաջարկում է կրճատել ժամկետները եւ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանել 30 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքայինը` 36:
Նախագծով սահմանվում է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրը որպես կանոն պետք է լինի այլընտրանքային ծառայողի հաշվառման վայրից /հաշվառման վայր չունենալու դեպքում` փաստացի բնակության վայրից/ ոչ ավել, քան 30 կմ հեռավորության վրա: Հակառակ դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվում է փոխհատուցում, որի չափը եւ վճարման կարգը սահմանում է կառավարությունը:
Նախագիծն ընդունվելու դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվելու է ամսական դրամական բավարարում` մինչեւ 30 հազար դրամի չափով:
Կառավարության կարծիքով` գործող օրենքի էական թերություններից է , որ այլընտրանքային ծառայողների նկատմամբ սահմանվում է զինվորական վերահսկողություն, ինչը հակասում է այլընտրանքային ծառայության համար դիմող բազմաթիվ անձանց կրոնական համոզմունքներին: Ընդ որում, զինվորական վերահսկողություն է սահմանվում ոչ միայն այլընտրանքային զինվորական ծառայության, այլ նաեւ այլընտրանքային աշխատանքային ծառայության դեպքում: Դրանով պարտադիր զինվորական ծառայության այլընտրանքի հնարավորությունից զրկվում են այն անձինք, որոնց կրոնական համոզմունքները հակասում են ոչ միայն զենք կրելուն, պահելուն կամ գործածելուն, այլ ընդհանրապես զինվորական ենթակայության ներքո ծառայություն անցնելուն:
Պատգամավորներն իրենց ելույթներում բուռն քննարկում էին նախագիծը: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախագիծը պետք չէ ընդունել Եվրախորհրդի ճնշման արդյունքում, եւ պետք է խորհրդարանական լսումներ կազմակերպել: Ըստ Ն. Զոհրաբյանի` եվրոպական երկրներում էլ խնդիրներ կան, եւ նրանք առաջին հերթին թող իրենց խնդիրները լուծեն, հետո միայն Հայաստանին ինչ-որ բան պարտադրեն:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ, օրինակներ բերելով իր փաստաբանական գործունեությունից, նշեց, որ պետք չէ բանակը համալրել` միայն գլխաքանակը հաշվի առնելով: Նա պատմեց, որ ԱՄՆ-ում ապրած եւ հայերենին վատ տիրապետող մի երիտասարդի հենց «Զվարթնոց» օդանավակայանից տարել են բանակ, ընդ որում` առաջին գիծ: Տղան, որ ԱՄՆ-ի դատարանի կողմից զրկվել էր զենք կրելու իրավունքից, դիրքերում զենք է կրել եւ սպանել իր 5 ծառայակից ընկերներին, իսկ վերջում ինքնասպան է եղել:
Է. Մարուքյանն ասաց, որ նման կերպ գլխաքանակ ապահովելու դեպքում զենք չկրելու համոզմունք ունեցողը բանակում խնդիր է առաջացնելու բոլորիս համար:
Պատգամավորը նշեց, որ պետք է հարգվի նաեւ այն քաղաքացիների իրավունքները, ովքեր իրենց կրոնական համոզմունքներից ելնելով հրաժարվում են զենք կրել: Ըստ պատգամավորի` նման անձանց թիվը մեծ չէ եւ նախագիծն ընդունվելու դեպքում չի կարող ազգային անվտանգության սպառնալիք ստեղծել:
Մեկնաբանել