
Ինչի՞ց են մահացել 2 ամսական երկվորյակ քույրերը
Այսօր առավոտյան մահացած 2 ամսական երկվորյակ քույրերը՝ Մերի եւ Մարիամ Վարդանյանները, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչներ են: Առատաշենի համայնքապետ Վահրամ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընտանիքը սոցիալապես այնքան էլ ապահովված չէ եւ դժվար է ապրում:
Համայնքապետն ասաց, որ դատաբժիշկներն ու դատախազությունը աշխատանքներ են տանում երկվորյակ քույրերի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, եւ մինչեւ դիահերձման արդյունքները պարզ չլինեն, չեն կարող ասել, թե ինչն է եղել նրանց մահվան պատճառը:
«Մենք էլ ենք լսել, որ երեխաները մահացել են չոր կաթից, բայց դա հավաստի չէ, եւ չեմ կարող ասել, թե ինչից է դեպքը եղել` չոր կաթից է եղել, թե այլ բանից: Ամեն դեպքում մենք մտածում ենք, որ սննդային թունավորում է եղել երեխաների մոտ»,- ասաց համայնքապետը:
Վահրամ Հարությունյանն ասաց, որ թեեւ երեխաները իրենց գյուղի բնակիչներ են, սակայն դեպքը եղել է Արտիմետ գյուղում: Քույրերը իրենց մայրիկի հետ այդ գյուղում են եղել:
Համայնքապետը տեղեկացրեց, որ սկզբում ծնողները չեմ համաձայնվել երեխաների դիահերձմանը, սակայն հետո համաձայնություն են տվել, առայժմ քույրերի մահվան պատճառը հայտնի չէ:
Վաղարշապատի հիվանդանոցից էլ տեղեկացրին, որ իրենք առավոտյան ընդունել են միայն քույրերից մեկին, մյուսը արդեն տանը մահացած է եղել: Հիվանդանոց ընդունված աղջիկը` Մերին, նույնպես մահացած է եղել, սակայն բարեկամները չեն հասկացել այդ փաստը եւ հույս են ունեցել, որ երեխան դեռ ողջ է:
Հիշեցնենք, որ «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, իրենց մոտ է ընդունվել 22.11.2012 թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը:
Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել է նաեւ չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել